Հունան Պողոսյանը նիստ է արել
Այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների «բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի առաջին նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:
Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ այսօրվա նիստում քննարկվել են համակարգող խմբի անդամների բարձրացրած հարցերը, եղել են ընտրություններում հնարավոր խնդիրների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: «Նշվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար ոստիկանության կողմից արդեն իրականացվել և իրականացվում են հետևողական նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքն ակնհայտ կդառնա ընտրությունների օրը: Ամփոփելով նիստը` համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու` ոստիկանության առջև դրված խնդրի կարևորությունը և հանձնարարեց լիարժեք ու բարձր կարգապահությամբ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման աշխատանքները, ինչպես և բուն ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ ոստիկանության պետի հրահանգները»,- ասված է հաղորդագրության մեջ: