Կանանց երկարակեցության գաղտնիքը թաքնված է մարդու բջիջների մեջ
Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդկանց համեմատ՝ կանանց երկարակեցության գաղտնիքը թաքնված է մարդու բջիջների մեջ: «Բջիջների, այսպես կոչված, «էներգապատիճներն» ապահովում են մուտացիաները, որոնք ավելի վտանգավոր են տղամարդու, քան կնոջ համար»,- գրում է «The Independent»-ը:
«Բջջի միկրոսկոպիկ միտոխոնդրիաները պատասխանատու են սննդի էներգիայի վերածվելու ընթացքի համար և յուրահատուկ են նրանով, որ ունեն սեփական ԴՆԹ-ն, որն էլ ժառանգվում է միայն մորից»,- գրում է պարբերականը:
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ կենսականորեն կարևոր միտոխոնդրիդների մուտացիաները վերանալու միտում ունեն, եթե դրանք վտանգավոր են կնոջ համար, և ընդհակառակը՝ պահպանվելու միտում են դրսևորում, եթե վտանգավոր են տղամարդու համար: Դա պայմանավորված է նրանով, որ բնական ընտրության գործընթացն ազդում է միայն մայրերի վրա, քանի որ հենց նրանք են այդ միտոխոնդրիդները ժառանգում իրենց երեխաներին»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Ծննդաբերության համար բավարար պայմաններ ունեցող բոլոր զարգացած երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում կանայք միջինը ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, որն էլ ենթադրում է այդ երևույթի կենսաբանական բացատրությունը: Մի երևույթ, որ գործնականում կախված չէ մարդկանց մշակութային տարբերություններից»,- եզրակացնում է «The Independent»-ը:
«Կանանց երկարակեցությունը ակնհայտ է դառնում, եթե նայենք հարյուրամյակը բոլորածների սեռերի հարաբերակցությանը, որտեղ կանայք ինն անգամ ավելի են տղամարդկանցից»,- գրված է հոդվածում:
Հիշյալ հետազոտությունները, որ տպագրվել են «Current Biology» հանդեսում, կատարվել են դրոզոֆիլների միտոխոնդրիդների վրա, որոնց էգերն արուներից երկար ապրելու հակում ունեն: