«Ես Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում»
Ասում է ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում` պատասխանելով նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին հարցադրմանը, ասել էր, թե կարևորը ոչ թե միասնական, այլ ուժեղ թեկնածու ունենալն:
ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառանալով այդ տեսակետին, ասաց. «Պրիմիտիվ և տրամաբանական բանաձև գոյություն ունի. միասնական պետք է լինի այն թեկնածուն, ում սատարում են ոչ թե շատ-շատ քաղաքական ուժեր, այլ նա, ում հասարակությունը տեսնում է որպես երաշխիք, մարդ, ով Հայաստանի մոդել կներկայացնի: Ես չեմ ուզում, որ այս նախագահը լինի ՀԱԿ-ի, ՀԱԿ-ի կողմնակիցների կամ այդ դաշինք կազմած ընդդիմադիր ուժերի կամ ՀՀԿ-ի նախագահը: Հատկապես ՀՀԿ-ական գործիչների շարքերից մենք հաճախ ենք լսում հետևեյալ խոսքերը` «Մենք հաղթեցինք», կամ, իրենց ժարգոնով ասած՝ «վերխ վերցրեցինք»: Ես չեմ ուզում, որպեսզի մենք էլ այդ ժարգոնն օգտագործենք: Եթե մեր թեկնածուին հասարակության զգալի մասը չհամարի նախագահ, ապա մենք կլինենք առնվազն Ուկրաինայի դերում»: Հարցին՝ իսկ եթե այնպես ստացվի, որ ինչ-ինչ «հարցումների արդյունքում» որպես միասնական «ուժեղ» թեկնածու ճանաչվի ասենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյա՞նը կամ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյա՞նը, Հ. Իգիթյանն այսպես պատասխանեց. «Ես Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում: Այսինքն՝ ես Գ. Ծառուկյանին ՀՀ նախագահ չեմ պատկերացնում: Դա չի նշանակում, թե ես նրան համարում եմ վատ մարդ, վատ գործարար… Բայց իմ պատկերացումները նախագահի մասին այլ են: Դա ոչ միայն հարուստ, թեկուզ բարի, կամ չգիտեմ՝ ջանով մարդն է, որին հավանում է նույնիսկ բնակչությանը մի մասը: Նախագահի թեկնածուն այն մարդն է, ով կարող է ներկայացնել ստրատեգիական մոդել, ով կկարողանա իր շուրջը համախմբել քաղաքական հզոր, ուժեղ թիմ, այդ թիմով ստեղծել մոդել, իրականացնել այն և, ի վերջո, Հայաստանը դարձնել նորմալ երկիր: Ես Գ. Ծառուկյանին վաղուց լսում, տեսնում եմ և չեմ գտնում, որ ինքն այն մարդն է, ով կարող է լինել ՀՀ նախագահ: Հայաստանում պրոբլեմն այն է, որ նույնիսկ շատ տեսանելի ֆիգուրը իր շուրջ քաղաքական թիմ չունի: Ընդհանրապես մի քիչ քաղաքական փորձ կամ կրթություն ունեցող մարդիկ հեռանում են այդպիսի մարդկանցից: Օրինակ, Սերժ Սարգսյանը: Ասե’ք ինձ՝ ովքե՞ր են նրա քաղաքական թիմը: Կամ՝ ասեք Ծառուկյան Գագիկի թիմը, որով նա պետք է գնա: Չկա: Ահա այս հարցը պետք է լուծվի: Ինձ թվում է՝ ժողովուրդը պետք է հավատա այն մարդուն, ով չի ստում, անկեղծ է, ունի առաջարկ և ունի թիմ՝ այդ առաջարկն իրականացնելու և ոչ թե իր շարքերը նվազեցնելու»: Իսկ այսօր Հայաստանում կա՞ նման չափանիշներ ունեցող քաղաքական գործիչ, ով «չի ստում, անկեղծ է, ունի առաջարկ և ունի թիմ՝ այդ առաջարկն իրականացնելու»: Այդ հարցին ի պատասխան Հ. Իգիթյանն ասաց. «Չեմ ուզում անունների անցնել, բայց բավական է երեք ամիս նորմալ ինֆորմացիոն բաց դաշտ և այդպիսի մարդ կհայտնվի: Նայեք ուրիշ երկրների նախագահներին: Ես Հայաստանում առնվազն 20-30 ավելի բարձր քաղաքական մշակույթ կամ զարգացում ունեցող մարդ միշտ տեսնում եմ, քան զարգացած երկրներում է: Միայն քաղաքական բանավեճի, կուլտուրայի բացակայությունն է պատճառը, որ մենք կենտրոնացել ենք միայն 2-3 անունների վրա: Ես չեմ բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է լավ թիմ հավաքել: Ընդ որում՝ ինքը ոչ թե պետք է դուրս գա ռեժիմին պատժելու, ինչպես իր շուրջ եղած մարդիկ են օգտագործում՝ «Սերժիկ, հեռացի’ր» կարգախոսով, այլ՝ առաջարկի թիմ, մարդկանց կոնկրետ երաշխիքներ`հույս տալով: Այդպես կարող է Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել: Այստեղ հարցն այն է, որ ցանկացած մարդ, նույնիսկ ռեժիմի մեջ գտնվող, չպետք է Լ. Տեր-Պետրոսյանի մեջ տեսնի այն մահակը, որը գալիս է իրեն ծեծելու, խփելու, Հայաստանից դուրս շպրտելու: Գուցե ես մի քիչ ռոմանտիկ կամ ֆանտաստիկ բան եմ ասում, բայց այդ դեպքում՝ նույնիսկ այն մարդը, ով Հայաստանում ընտանիք ունի, պետք է այդ թեկնածուի մեջ տեսնի մի նախագահ, որը իր երկիրը մի քիչ կբարձրացնի՝ դարձնելով այն 21-րդ դարի երկիր: Սա է մեր պրոբլեմը»: Դիտարկմանը, թե, փաստորեն, միասնական թեկնածուի տիտղոսը ձեռք բերելու համար Լ. Տեր-Պետրոսյանը դեռ անելիքներ ունի, Հ. Իգիթյանն այսպես արձագանքեց. «Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ քաղաքական մյուս ուժերի հայտարարությունն է: Այլ ուժերը տեսնո՞ւմ են Լ. Տեր-Պետրոսյանին որպես միասնական թեկնածու: Ես կուզենայի, որ բոլոր ուժերը Լ. Տեր-Պետրոսյանին տեսնեին որպես միասնական թեկնածու, բայց արդյո՞ք դա այդպես է այսօր»: Իսկ Դուք տեսնո՞ւմ եք Լ. Տեր-Պետրոսյանին որպես միասնական թեկնածու՝ հարցին, Հ. Իգիթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ որոշ քայլեր իրականացնելու դեպքում Լ. Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ միասնական, ընդունելի թեկնածու»: