«Սուրեն Խաչատրյանին ձեռնտու է իմ ընտրությունը»
Կապանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը 168.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իրեն աջակցելու է ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
168.am-ի թղթակիցը Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանից, ով առաջադրել է իր թեկնածությունը, հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ փաստացի մրցակցությունն ընթանալու է Ձեր և մարզպետի միջև:
Ի պատասխան, Ա. Աթայանն ասաց. «Ո՛չ, այդպես չեմ կարծում, քանի որ մարզպետի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, նորմալ ընկերներ ենք: Կարծում եմ՝ մարզպետը ևս գիտակցում է, որ իմ վերընտրվելու դեպքում բավական հեշտ կլինի նաև իր համար: Այստեղ պարզապես կուսակցական խնդիրներ կան, և չեմ կարծում, թե մարզպետն ամբողջությամբ պետք է ստանձնի այդ գործը»:
Հարցին էլ, թե ինչո՞վ է մարզպետին ձեռնտու Ձեր վերընտրվելը, Ա. Աթայանը պատասխանեց. «Նա բազմիցս ասել է, որ ես մարզկենտրոնի լավագույն քաղաքապետն եմ: Նա հայտարարել է տարբեր շրջանակներում այդ մասին: Մենք իրար հետ խնդիրներ չենք ունեցել, և Կապանում համատեղ ձեռնարկներ ենք իրականացրել: Կարծում եմ՝ նա հոգու խորքում կցանկանա, որ ես վերընտրվեմ»: