ՀԱԿ-ի օլիգարխները

«ՀԱԿ ընդդիմադիր դաշինքը մինչ նախագահական ընտրություններ կմնա հայ քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտի ֆավորիտը, իսկ նախագահական ընտրություններից հետո, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի՝ ՀԱԿ-ը կդառնա իշխանություն»,- Tert.am-ին ասել է ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` գնահատելով անցած չորս տարիներին ՀԱԿ-ի գործունեությունը։ «ՀԱԿ-ը թմբիրից հանեց հայ հասարակությանը, ՀԱԿ-ի գոյությունը մեր ժողովրդի գիտակցության զարգացումն է, և հասարակությունը հասկացավ, որ պետք է պայքարել և հասնել արդարության հաստատման: ՀԱԿ-ը մինչ օրս փորձել է անել ամեն ինչ օրինականության հաստատման համար, և շարունակելու իր գործունեությունը նույն ոգով: Կազմային փոփոխությունները, դուրս ու ներս գալը դեռ ոչինչ չի նշանակում և ՀԱԿ-ը մնում է այն հզոր ընդդիմադիր բևեռը, որից լավն ու ուժեղը չկա»,- հայտարարել է տիկին ՀԱԿ անդամը:

Լյուդմիլա Սարգսյանը պատկանում է ՀԱԿ-ի այն գործիչների թվին, ովքեր կյանքին ու քաղաքականությանը «նայում են Լևոն Տեր-Պետրոսյանի ակնոցներով» և ցանկացած երևույթ կամ իրադարձություն որակում են որպես ՀԱԿ-ի հաղթանակ կամ հաջողություն: Նույնիսկ եթե ակնհայտ է, որ այդ երևույթի արդյունքում ոչ միայն ՀԱԿ-ի դիքրերն են խարխլվել, այլև հեղինակազրվել է ընդդիմադիր շարժումը, ինչպես օրինակ՝ ԲՀԿ-ի հետ հարաբերությունների մերձեցման պարագայում:

Իհարկե, Լ. Սարգսյանի, ՀԱԿ-ի մնացած անդամների ու համախոհների խնդիրն է գնահատել սեփական գործությունեությունն այնպես, ինչպես ցանկանում են իրենք կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, մեղմ ասած, նորմալ չէ, երբ այդ ինքնագնահատականների հեղինակները դատողություններ են անում ընհանուր առմամբ քաղաքական դաշտի ու դրանում ՀԱԿ-ի ունեցած դերակատարության մասին:  «ՀԱԿ-ը կմնա հայ քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտի ֆավորիտը», «ՀԱԿ-ը մնում է այն հզոր ընդդիմադիր բևեռը, որից լավն ու ուժեղը չկա»…

Իշխանություններին օլիգարխներին ու մոնոպոլիստներին հովանավորելու մեջ մեղադրող ՀԱԿ-ը նման հռետորաբանությամբ ինքն է ցանականում մենաշնորհային կարգավիակ հաստատել քաղաքական դաշտում` որպես ընդդիմադիր հիմնական ուժ: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ առնվազն խորհրդարանական վերջին ընտրություններում ՀԱԿ-ն այդ կարգավիճակը չուներ և ոչ միայն ու ոչ այնքան ընտրակեղծիքների պատճառով:

Խնդիրն այն չէ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչների նման հայտարարությունները գրեթե ոչինչ չեն նշանակում և չեն ազդում ՀԱԿ-ի կարգավիճակի վրա: Խնդիրը մտածողությունն է, որով շարունակում է առաջնորդվել ՀԱԿ-ի վերնախավը: Իսկ այդ մտածողությունն իշխանական ու օլիգարխիկ մտածողությունից տարբերվում է միայն դրսևորման ձևով:

Օլիգարխները մենաշնորհներ են հաստատում տնտեսության մեջ, ՀԱԿ-ն էլ այդպիսի կարգավիճակ է ուզում ունենալ քաղաքական դաշտում: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ ՀԱԿ-ի այդ մտածողությունը չի գործելու նաև այն դեպքում, «եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի և ՀԱԿ-ը դառնա իշխանություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս