«Մենք՝ հայերս, երբեմն մեռելներին ավելի շատ ենք սիրում, քան կենդանի մարդկանց»
Ասում է Ավստրիայում Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատուիրակ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանը:
Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, ըստ եպիսկոպոս Նաճարյանի` կառուցվել է 1968թ. ապրիլի 21-ին, սակայն Ավստրիական կրոնական կառույցների կողմից պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1972թ. դեկտեմբերի 12-ին: Այն լինելով հայկական ճարտարապետական կանոններով կառուցված եկեղեցի, այսօր Վիեննայում բնակվող ավելի քան 3000 հայերին համախմբում է իր շուրջ: Անգամ Հովհանես Շիրազը 1981-ին այս եկեղեցում հիմնել է շաբաթօրյա դպրոց, որպեսզի հայ համայնքի երեխաներին ուսուցանի հայերեն: Եկեղեցին հետաքրքիր ճարտարապետական կառույց է և այցելուներին գրավում է իր գեղեցկությամբ և այստեղ տիրող հոգևոր մթնոլորտով: Եկեղեցու օծման և օրհնության արարողությունը ժամանակին կատարել է Վազգեն Վեհափառը: Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանն այս եկեղեցու հոգևոր առաջնորդն է արդեն երկու տարի:
– Որքանո ՞վ է հայ համայնքը նշում եկեղեցական տոները Վիեննայում:
– Մեր եկեղեցին անում է ամեն ինչ, որպեսզի նշենք բոլոր հնարավոր տոները: Այն, որ շաբաթվա մեջ է նշվում, փորձում ենք հիմնականում տեղափոխել կիրակի օրերին, քանի որ այստեղ մարդիկ աշխատում են մինչև շաբաթ օրը: Երեկ Գրիգոր Լուսավորչի և որդիների տոնն էր, այսօր այդ առիթը օգտագործեցինք, պատարագ մատուցեցինք: Մեր պարտականությունն է՝ մարդկանց ուսուցանել և ո՛չ համոզել: Այստեղ բավական խառը ժողովուրդ է. կան և՛ մուսուլմաններ, և՛ բուդդայականներ, կան իրանահայեր, ովքեր գիտեն հայկական ազգային ավանդույթները, սակայն կրոնական և եկեղեցական ավանդույթներին չեն տիրապետում: Հետաքրքիրն այն է, որ հայաստանցիները կրոնական ավանդույթներից ընդհանրապես հեռու են: Մեր պարտականությունն է՝ նրանց սովորեցնել, ճիշտ ուղու վրա դնել: Այստեղի հայերի դժվարությունն այն է, որ նախ՝ նրանք այստեղ շատ խնդիրներ ունեն՝ հաստատվելու, կեցության խնդիր, քաղաքացիություն ստանալու խնդիր, աշխատանքի խնդիր, և հետևաբար՝ նրանց հիմնական մտածմունքը դա է: Ցավալին այն է, որ նրանք կարծում են, թե Հայաստանում են բնակվում, սակայն հողը նրանց ոտքերի տակ հայկական չէ: Հենց դա նրանք չեն գիտակցում: Հետևաբար՝ առանց եկեղեցու, առանց կրոնի՝ նրանք չեն կարողանա դիմակայել: Մանավանդ՝ երիտասարդների շրջանում, այն ընտանիքները, որոնք ունեն փոքր երեխաներ, պարտավոր են դաստիարակել իրենց զավակին քրիստոնեական կանոններով:
– Վերջին ժամանակներում հաճախ են քննարկումներ լինում մեր պատմության տարբեր դրվագների, հերոսների մասին: Օրինակ` կասկածի տակ էր դրվել նաև Վարդան Մամիկոնյանի` հերոս լինել–չլինելու հարցը:
– Վարդան Մամիկոնյանին մեր եկեղեցին և մեր ազգն է սրբացրել: Ուրեմն այսքան տարի ազգը սխա՞լ է եղել: Կարծում եմ` ոչ: Ես ինքս Վասակ Սյունիին ընդունում եմ՝ որպես դիվանագետ, որպես խորաթափանց անձնավորություն, սակայն իրականում լավ դիվանագետը հաղթանակով է միշտ դուրս գալիս ցանկացած պատերազմից: Եթե պարտվեցիր, ուրեմն սխալ ես՝ անկախ պատճառներից:
Կարևորը մարդու հավատն է: Եթե մենք թույլ լինեինք, պարսիկների նման՝ նախ կընդունեինք մահմեդականություն, այնուհետև կվերջանայինք որպես քրիստոնյա: Իսկ մենք, թեկուզ և քիչ, սակայն պահպանեցինք մեր ազգային, մշակութային, կրոնական առանձնահատկությունը: Եթե մենք տկար էինք` ինչո՞ւ գնացինք պատերազմեցինք: Ուղղակի պետք էր քաջություն ունենալ: Ոմանք ասում են՝ հիմարություն էր, սակայն դա միայն հոգով ուժեղ մարդու համար է, երբ գիտակցված գնում ես մահվան:
– Ինչպիսի՞ կապեր կան Վիեննայի եկեղեցիների հետ:
– Չէի ասի՝ շատ են կապերը, բայց կան: Տարվա մեջ մեկ-երկու առիթ լինում է, իրենք են մեզ հրավիրում, մենք ենք իրենց արարողություններին մասնակցում: Տարվա մեջ մի տոն կա, երբ ավստրիացիները խումբ-խումբ այցելում են բոլոր եկեղեցիները, և մեր եկեղեցին էլ այդ օրը բաց է լինում մինչև կեսգիշեր: Արարողություններ ենք կազմակերպում, հայկական տարբեր իրեր ենք վաճառում մարդկանց:
– Հայաստանում պարտադիր նշվում է մեռելոցը: Այստե՞ղ ինչպես է:
– Մենք՝ հայերս, երբեմն մեռելներին ավելի շատ ենք սիրում, քան կենդանի մարդկանց: Մեզ մոտ «Գնա մեռի՝ եգուր սիրեմ»` սկզբունքն է: Եթե մոտենանք այն տեսանկյունից, որ նախնիներին ենք հարգում՝ լավ բան է, բայց այս երկրում մեռելոցի ավանդույթը գրեթե չի պահպանվում: Պատճառն այն է, որ գերեզմանները հիմնականում գտնվում են շատ հեռու, իսկ ազատ օր միայն կիրակին է: Ուստի գերեզմանների վրա ժամանակ գրեթե չի մնում: Մարդիկ հազիվ կիրակի օրերին եկեղեցի են գալիս: Երբեմն երկուշաբթի մեռելոցին պատարագ անում ենք, բայց հազիվ 10 հոգի մարդ է մասնակցում: Կան հիմնական գերեզմաններ, այնտեղ էլ իրականացնում ենք հոգեհանգստի երեկոները: Դրսում՝ այստեղ, նաև ԱՄՆ-ում կամաց-կամաց մեռելոց հասկացությունը վերանում է:
– Հայաստանում մեծ պայքար է սկսվել աղանդների դեմ: Ինչպե՞ս կարելի է պայքարել դրանց դեմ:
– Միայն ուսուցանելով: Եթե մարդը չի իմանում, թե Հայ Առաքելական եկեղեցին իրենից ինչ է ներկայացնում, ինչի համար է նա կոչվում առաքելական, նա չի կարողանա վատը տարբերակել լավից: Եթե մարդ կա, ում համար Վարդան Մամիկոնյանը սրբություն է, մյուսի համար` պարզապես հերոս, պետք է իմացողը ճիշտ ուղղություն ցույց տա չիմացողին: Մեր եկեղեցին իր 1700 տարվա ընթացքում քրիստոնեությունը հայկականացրել է՝ մեր ճարտարապետությամբ, մեր մշակույթով, մեր սրբերով, մեր երաժշտությամբ: Մենք պետք է պահպանենք այն, ինչ ունենք: Եվ միայն մեր ունեցածը զարգացնենք:
Վիեննա-Երևան