«Այն բոլորը ձայները, որոնք թաքցրել էի իմ մեջ` բացվեցին Հայաստանում»
Հարցազրույց իտալացի քանդակագործ Մասիմո Լիպպիի հետ
Մասիմո Լիպպին իտալացի քանդակագործ-պոետ է: Նա հինգ գրքի հեղինակ է: Լիպպիին առաջին անգամ հանդիպեցի Շուշիի փողոցներից մեկում, երբ դեռ ծանոթ չէի նրան: Նա ինքնատիպ խառնվածք ունի և նույնիսկ փողոցի անծանոթ անցորդներին այնպիսի ջերմ, հարազատ ժպիտով է մոտենում, որ թվում է՝ ինչ-որ տեղ հանդիպել ես նրան: Նա Հայաստան եկել է առաջին անգամ՝ մասնակցելու Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումին: Նրա հետ խոսելիս թվում է՝ հոգևոր արժեքների հետ ես հաղորդակցվում: Շուշիի կիսակառույց պատկերասրահի մոտ նրան խնդրեցի ծանոթացնել իր քանդակի հետ: Կարմիր տուֆե քարի վրա պատկերված մարդու տառապյալ դեմքն ակամայից ստիպում է կանգնել-խոսել ու հասկանալ մարդկային կյանքի ողբերգությունը: Լիպպին իրեն բնորոշ ջերմությամբ սկսեց բացատրել իր քանդակի ամեն մի դետալը: Քանդակի մի կողմում պատկերված է Հովհաննես-Մկրտիչը, որի երկար մորուքը քարի մյուս կողմում փոխակերպվում-դառնում է Հիսուսի մազերը: Հիսուսը պատկերված է տառապանքի պահին: Իսկ քարի մյուս երկու կողմերին աստվածաշնչյան սիմվոլներ են… Լիպպիի հետ մեր զրույցը սկսեցինք Շուշիի բացօթյա ճաշարանի բակում՝ խոտերի վրա վայելելով արցախյան ուրցով թեյը:
– Իմ քանդակը մարդկանց խղճի մասին է: Արվեստագետը պետք է ասի այն խոսքը, որը ոչ ոք չի տեսնում: Պետք չէ շատ բաներ որոնել: Ես գիտնական չեմ: Ինչպես սբ. Ավգուստինոն էր ասում՝ միշտ հարկավոր է փնտրել: Պիկասոն հակառակն էր պնդում՝ ասելով, որ գտնում են՝ առանց փնտրելու: Երկուսն էլ իրավացի են: Ի վերջո, մարդու հոգու մաքրությունը բացում է այն ամենի պատասխանները, ինչ փնտրում ես գիտությամբ կամ ոչ գիտությամբ: Ցավոք, այս ամենը չեն սովորեցնում դպրոցներում: Այնտեղ տալիս են միայն տեխնիկական գիտելիքներ` ինչպես դառնան ճանաչված և հարուստ արվեստագետներ: Մի ժամանակ արվեստագետներն իրենց գործը սկսում էին արհեստանոցներից՝ իմանալով, թե դեպի ուր են գնում: Ժողովուրդը, եկեղեցին, արքայական ընտանիքներն աշխատում էին նրանց համար: Դժբախտաբար, այսօր այդ ամենը փոխվել է, և արվեստագետները ստեղծագործում են իրենց համար: Ինչ-որ իմաստով դա լավ է, ինչ-որ իմաստով՝ վատ: Ճիշտ է, այդ դեպքում քո խոսքը դառնում է քոնը, ինչպես, օրինակ, մեր մատներն աշխատում են մեզ համար: Այսօր այդ ամենը փոխվել է. մարդիկ հեռացել են բնությունից, սրտից և Աստծուց: Մարդը մտել է անհատական խնդիրների մեջ և հեռացել է սրբություններից, որովհետև վախենում է ճշմարտությունից: Այսօր մարդն ուզում է ստեղծել կեղծ այլընտրանք:
– Ձեր քանդակում պատկերված Հովհաննես-Մկրտչի դիմապատկերի վերևի մասում հավերժության խորհրդանիշն է: Հենց այդ խորհրդանիշո՞վ եք արտահայտել մարդկային կյանքի ճշմարտությունը, որը ենթադրում է Աստծո խոսքի հավերժական լինելը: Դուք ասում եք՝ մարդը վախենում է ճշմարտությունից: Ի՞նչ ճշմարտության մասին է խոսքը:
– Հիսուսն ասում է՝ ճանապարհ, կյանք և ճշմարտություն: Դրանից բացի, ոչինչ գոյություն չունի: Հովհաննես-Մկրտիչը բացում է ճանապարհը՝ հայտարարելով այդ ամենը: Այս կյանքում արվեստագետի դերը հենց դրանում է, որպեսզի մատնանշի այդ ամենը, ինչպես արևն է լուսավորում: Արվեստը միջոց է, որպեսզի փոխանցի այս ճշմարտությունները: Կարծում եմ՝ իմ այդ քանդակը հաջողված է, քանի որ տեսնում եմ, թե սոցիալական տարբեր խավի մարդիկ ինչպես են կանգնում քանդակի առջև՝ փորձելով հասկանալ այն: Գաղտնիքը հենց դա է, որովհետև փորձում եմ բացատրել այդ հարաբերությունը: Ես ընդամենը մի փոքրիկ մասն եմ, որ ապրում է մեծ երկնքի տակ: Իսկ երկինքը բոլորի համար է: Այն, ինչ տեսնում եմ այստեղ՝ ամպերը, երկինքը, մտածում եմ, որ վաղը կհայտնվեն իմ քաղաքում՝ Սիենայում: Ինչպես Ձեր Կոմիտասի «Կռունկ» երգի մեջ կռունկին հարցնում են, թե նա տեսե՞լ է իր երկիրը, ինչպիսի՞ն է իր երկիրը: Եվրոպական ապրելակերպը դեռ չի հասել Հայաստան: Եվրոպայում ամեն ինչ կարելի է գնել: Հայաստանի խնդիրներն այն հին խնդիրներն են, որոնց ծանոթ եմ: Դուք շատ եք պատերազմել, և մինչ օրս շարունակվում է այդ պայքարը: Դուք պետք է հաղթեք մատերիալիզմին, պայքարեք դրա դեմ: Ուզում եմ մի օրինակ բերել: Հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի պես շատ հազվադեպ մարդիկ են մնացել Իտալիայում, ովքեր առաջնահերթ մտածում են ազգի մասին, իսկ հետո՝ իրենց: Նիցշեն խելագար հայտարարություն արեց՝ ասելով, որ Աստված գոյություն չունի: Իսկ, օրինակ, Գոյան իր կտավներում շատ պատկերներ ունի, որոնք պատմում են պատերազմի արհավիրքների մասին: Պետք է հավատանք ապագային, որովհետև, եթե հիմնվենք անցյալի վրա, ապա ժամանակը կանգ կառնի:
– Պարոն Լիպպի, Դուք նաև պոետ եք: Իսկ բանաստեղծները մարդու հոգու բժիշկներն են: Մեր օրերում մարդն ի՞նչ դրամատիզմ է ապրում:
– Մեր օրերում կա հոգու, սրտի խաղաղության պակաս: Ինդուստրիան կոտրել է բնության բնականոն աճը: Մարդիկ սկսել են մտածել միայն այսօրվա մասին, թե ինչպես օգտվեն այսօրվա բարիքներից՝ ուտելը, սեռական հարաբերությունները և մատերիալիստական ցանկությունները: Իմ երեք եղբայրները ծնվել են ռմբակոծության ժամանակ: Ես ծնվել եմ 1951թ.: Իմ հասակակիցներից շատերը նույնիսկ մի երեխա չունեն, մինչդեռ ես ունեմ չորս երեխա: Ցավոք, գնալով ամրապնդվում է երեխա չունենալու գաղափարախոսությունը: Եթե մարդ կորցրել է իր հավատը, հետևաբար, նա չի կարող սիրել մինչև վերջ, չի կարող սիրել իր կնոջը: Նույնն էլ արվեստն է: Եթե դու սիրում ես Աստծուն, նա քեզ տալիս է ամեն ինչ: Դա առկա է նաև արվեստում: Եթե սիրում ես արվեստը, ուրեմն՝ արվեստի մեծ գործեր կստեղծես:
– Ձեր մոտեցումը շատ տարբեր է մեր ժամանակի «ոգուց»: Հետաքրքիր է՝ ընթերցողներ շա՞տ ունեք:
– Ընթերցողներ ունեմ, բայց, ցավոք, այսօր կարդում են այն հեղինակներին, ովքեր ոչինչ չեն ասում, մտածելու տեղիք չեն տալիս: Մարդուն գրավում է պարզ գրականությունը, այլ ոչ թե Դանթեն, Շեքսպիըը, Պետրարկան, ովքեր մտածելու հնարավորություն են տալիս: Երբեմն ինձ հարցնում են, թե ի՞նչն եմ նախընտրում՝ քանդա՞կը, թե՞ պոեզիան. խո՞սքը, թե՞ ֆորման: Ես պատասխանում եմ, որ շատ պարզ, ծիածանի պես գիծ է գնում, որ ամեն բան պետք է դուրս գա սրտից, ժողովրդական մշակույթից: Տոլստոյն ասում էր՝ պատմիր քո գյուղի մասին, և դու կլինես համամարդկային: Վիգեն Ավետիսն իմ եղբայրն է, և մենք ներկայացնում ենք Հայաստանն ու Իտալիան: Ես իմ ընտանիքի հետ կվերադառնամ Հայաստան, որովհետև ցանկանում եմ, որ երեխաներս հասկանան մարդու և, հատկապես, իմ անձնական քայլերը: Իտալիայում դա չեն հասկանում: Հեռուստատեսությունը, թերթերը և կապի մյուս միջոցները դարձել են մեր տերերը: Հայաստանում ես տեսնում եմ դռներ, որոնցով կարելի է ներս մտնել և փրկվել: Աստվածաշնչում չի գրվել արվեստի մասին, բայց սբ. Ավգուստինի խոսքերի մեջ կարելի է գտնել արվեստի մեկնաբանությունը, երբ նա ասում է` «Ամեն ինչ արա սիրով»: Դժբախտաբար, վերջին շրջանի արվեստագետները դարձել են հարուստ և հայտնի: Իմ տեսակով ես դեմ էի գնում ձևավորված կարգին, հետևաբար, բոլորը խուսափեցին ինձնից: Այսօր եկեղեցին փնտրում է ոչ թե ինձ պես արվեստագետների, այլ հայտնի արվեստագետների, որպեսզի իրենց արվեստով ձևավորեն եկեղեցին, այսինքն՝ այստեղ կարևոր է ոչ թե Հիսուսը, հոգևոր արժեքները կրողի սկզբունքը, այլ այն, թե արվեստագետն ինչքա՞ն թանկ է աշխատում:
– Այսօր աշխարհը, կարծես, կառավարվում է մեկ կենտրոնից: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք արվեստի այսօրվա ընկալումը կամ տրանսֆորմացիան ևս պայմանավորված է այդ հանգամանքով:
– Ցավոք, այո՛: Ցածր մակարդակով արվեստը գնահատվում է շատ բարձր: Հիմա ոչ թե որակն է բերում արժեքներ, այլ մամուլը` զանգվածային լրատվամիջոցները: Ինչպես Էնդի Ուորհոլը դարձավ ամենահայտնի արվեստագետներից մեկը՝ շնորհիվ ԶԼՄ-ների: Նա ասում էր, որ արվեստագետը պետք է լինի հարուստ և ճանաչված, և պետք է կտրված լինի ոչինչ չնշանակող կյանքից: Եթե եկեղեցում հարյուր անգամ «Ավե Մարիա» ես ասում, դա քեզ մոտեցնում է Աստծուն, իսկ հեռուստատեսությամբ հարյուր անգամ «Կոկա-կոլայի» շիշ ցույց տալը որևէ բանի չի հանգեցնում: Մինչ օրս մարդկության մեջ այսպիսի ծայրահեղ վիճակ չի եղել: Մարդկանց հոգևոր աստիճանն իջել է, ինչպես լինում է պատերազմից հետո: Երկու ուժերը կան՝ աստվածային և սատանայական: Թվում է՝ ես այն մարդն եմ, որ սպասում է աշխարհի վերջին և չի հավատում ոչ մի բանի: Կարծում եմ՝ ապոկալիպսիսը նշանակում է՝ ազատություն: Ես ամեն օր սպասում եմ այդ ազատագրվելուն, բայց արվեստը հրեշտակների խոսակցությունն է: 1968թ., երբ ամբողջ Եվրոպայում բողոքի ալիք սկսվեց, հենց այդ ժամանակ անհոգի արվեստի հիմքը դրվեց: Ոչ թե ես պետք է գնամ դեպի ոգեշնչում, այլ ինչ-որ բան պետք է ոգեշնչի ինձ: Այսօր ամեն ինչ հիմնված է գողության, բռնության վրա: Որքան շատանում է բնության, կանանց վրա բռնությունը, այդքան արվեստը հեռանում է: Ամեն բան դառնում է գլոբալ, և ամեն ինչ արվում է փող աշխատելու համար: Հայերին խաղաղություն եմ մաղթում, որովհետև դուք Աստծո նվիրյալներ եք:
– Դուք ուզում եք ազատվե՞լ ստեղծված իրավիճակից:
– Ոչ, ես արդեն փրկվել եմ:
– Ինչպե՞ս:
– Ով ուզում է ազատվել, ավելի շատ է ընկնում ծուղակը: Երբ քեզ վատ ես զգում, պետք է գնաս ամենաիսկական բժշկի՝ Հիսուս Քրիստոսի մոտ: Կանանց ազատության համար սկսված պայքարը շատ վտանգավոր հետևանքներ թողեց սոցիալական խավերի վրա: Մենք արդեն ստեղծվել ենք ազատ: Հայրերը կարող են պատերազմել իրար դեմ, այնինչ նրանց որդիները կարող են խաղալ իրար հետ: Աստված պարզ սրտի կողմնակից է: Իմ արվեստը դրամատիկ արվեստ է: Ես փնտրում եմ ուղիներ, թե ինչպե՞ս արտահայտեմ իմ նոր կարծիքները: Կաթոլիկ եկեղեցին դա բացատրում է այսպես՝ մենք ունենք աչքեր, որպեսզի տեսնենք մեր ապագան, բայց ունենք նաև աչքեր ետևից, այսինքն՝ հիշողություն, որպեսզի չմոռանանք անցյալը, չմոռանանք գեղեցիկի մասին: Վոլտերը սիրում էր բոլոր կարծիքները, պաշտպանում էր բոլոր նրանց, ովքեր համակարծիք չէին իր հետ, բայց քանի որ նա հեղափոխական էր` ասում էր, որ պետք է պայքարել եկեղեցու դեմ, ինչպես Լենինն էր ասում: Արվեստագետը մի մարդ է, ով բերում է խաղաղություն: Պատերազմը նրա ներսում է: Նա գիտի` ի՞նչ բան է առավելագույն վարպետության հասնելը, ի՞նչ բան է գեղեցկությունը: Արվեստը ձգտում է դեպի կատարելություն: Արվեստը հավերժ է, քանի դեռ կա մարդը: Երբ դրախտից դուրս եկանք (իսկ դրախտը գտնվում էր Հայաստանում), Աստված կնոջն ասաց, որ նա կծննդաբերի ցավերով, իսկ տղամարդուն ասաց, որ նա իր քրտինքով կջրի իր աշխատանքը: Իսկ տղամարդը կնոջ պես ծննդաբերում է արվեստում, որովհետև քարի միջից հանում ես այն, ինչ կա, ինչպես Միքելանջելոն էր, ով քարն ազատում էր ավելորդություններից: Աստծո լավագույն ստեղծագործությունը ոչ թե հրեշտակներն են, որոնք Միքելանջելոն պատկերել էր Սիքստինյան կապելլայում, այլ մարդն՝ իր մեծ ու փոքր գործերով: Եվ մարդիկ կգնան նոր հավատքի, նոր Մարիամի հետևից, ով Հայաստանում է՝ Արարատ լեռան մոտ:
– Պարոն Լիպպի, Ձեր այս համոզմունքներն առաջացան Հայաստան գալուց հետո՞:
– Ես միշտ ապրել եմ այդպես, բայց հիմա այն տպավորությունն ունեմ, որ նախքան Հայաստան գալն ապրում էի բանտում: Այն բոլոր ձայները, որոնք թաքցրել էի իմ մեջ` բացվեցին Հայաստանում, և, առաջին հերթին, սկսել եմ ինքս ինձ ընդունել: Դա անսովոր երևույթ է, տեսնում ենք մարդու և Աստծո կապը: Դեռևս մանկությունից տեսել եմ այս փուշը (գետնից պոկում է փուշը.- Մ.Մ.): Ես չորս տարեկան էի, երբ մի անգամ հոկտեմբերին արևից կարմրած մայրս (ի դեպ, նշեմ, որ մայրս քեզ նման էր) երեկոյան ուշ խաղող էր քաղում, ու ես նրանց ասացի, որ ընկույզ եմ գտել: Մայրս, սակայն, առանց մոտենալու՝ ասաց ինձ, որ այդ ընկույզները փուչ են: Ես շարունակեցի պնդել, որպեսզի մայրս մոտենար-տեսներ: Եվ երբ նա մոտեցավ, տերևների տակից հանեց դա, ապա ասաց, որ հնարավոր չէ՝ այդտեղ առողջ ընկույզներ լինեն: Այդ պահին ինձ թվաց, թե Աստված դավաճանել է ինձ: Աստված մորս փորձով ինձ փոխանցեց, որ զգույշ լինեմ, որպեսզի չհիասթափվեմ, որովհետև նույնիսկ բնության գեղեցկության մեջ կարող է խաբկանք լինել: Դա փորձություն էր: Նայեք փշին, որի մի կողմում՝ Հայաստանն է, իսկ մյուս կողմում՝ Իտալիան: Փուշը շատ ներդաշնակ ձև ունի. թեթև է, և եթե այն պահես օդի մեջ, կթվա, որ հրեշտակներ են պարում, իսկ երբ դիպչես փշին` այն կծակի… Սա արվեստ է, որպեսզի տարբերես ճշմարտությունը` ստից, բարին՝ չարից:
– Պարոն Լիպպի, ես նկատեցի, որ քանդակը կերտելիս Դուք աշխատում եք կոստյումով, շատ էլեգանտ տեսքով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Այո՛, ճիշտ եք նկատել, որովհետև արվեստը տոն է: Այդ խնդիրը միշտ ունեցել եմ քրոջս, մորս և կնոջս հետ: Աշխատելուց հագնվում եմ շատ գեղեցիկ, իսկ հանդիպումներին՝ շատ հասարակ, որովհետև չեմ ուզում, որ ինձ նայեն: Դրա համար ուշ եմ ամուսնացել՝ 37 տարեկանում: Իմ ընտանիքն ամենամեծ արվեստի գործն է ինձ համար:
– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:
– Ստից: Ստից ավելի շատ եմ վախենում, քան մահից: Ստի խորհրդանիշն օձն է, որը Եվային ասաց, որ Աստված նախանձում է իրենց: Բայց Աստված ինչպե՞ս կարող է նախանձել: Ես քանդակագործ եմ, և ես ինչպե՞ս կարող եմ իմ ստեղծած քանդակին նախանձել: Այդ դեպքում Աստված ինչպե՞ս կարող է նախանձել իր ստեղծագործությանը: Ճշմարտությունը մարդուն դարձնում է ազատ: Հիմա նայեք՝ մի ձեռքում փուշն է, որի մեջ կա և՛ ցավ, և՛ գեղեցկություն, և՛ ճարտարապետություն, այսինքն՝ այստեղ կա Աստծո ներկայությունը, իսկ իմ մյուս ձեռքում՝ մարդու հնարքն է՝ ակնոցը, որը ստեղծել է ճանաչողության համար: Ակնոցը կարող է նաև սխալմունք լինել, բայց երբեք չես կարող կասկածել փշի ճշմարտության վրա: Ամեն դեպքում պետք է իմանալ, որ փշի միջոցով պետք է ճանաչել այս ամենը: Եթե փուշը շրջենք հակառակ կողմով, ապա պտուղները կընկնեն, իսկ մենք կթռչենք անորոշության մեջ: Արվեստագետը նա է, ով փորձում է շտկել այս կարգ ու կանոնը:
Լուսանկարները` Գերման Ավագյանի