Պետությունը կառավարող վերնախավին հնագիտության ոլորտը չի հետաքրքրում
2007 թվականից Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի քարանձավներում հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվում: Այստեղ հայտնաբերվել են Արենիի հայտնի կոշիկը, որը թվագրվում է մ.թ.ա. 3600-3500թթ., 6000-ամյա մարդու ուղեղը, Գինու հնձանը և այլ արժեքավոր գտածոներ: 168.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանի հետ՝ պարզելու Արենիի բացառիկ նմուշներ գտնելու գաղտնիքը, Հայաստանում հնագիտության խնդիրներն ու իրականացվող աշխատանքները:
– Ինչպե՞ս է ստացվել, որ հենց Արենիում են հայտնաբերվել հնագիտության այդ բացառիկ նմուշները: Ո՞րն է գաղտնիքը:
– Իրոք, Արենիում հնագիտական բացառիկ նմուշներ ենք կարողանում հայտնաբերել, քանի որ այնտեղ ամեն ինչ շատ լավ է պահպանվում, իսկ պատճառը քարանձավի միկրոկլիման է, այդտեղ ջերմաստիճանը գրեթե միշտ նույնն է: Դա նպաստում է, որպեսզի իրերը բավական լավ վիճակում մնան և չքայքայվեն: Այնտեղ հնագույն իրերը չեն փտում, ուղղակի մի թեթև չորանում են, և թեև հազարավոր տարիներ են անցել, միևնույն է, հայտնաբերելիս դրանք գտնում ենք շատ լավ պահպանված վիճակում:
– Հայաստանում կա՞ն բավարար պայմաններ՝ հնագույն գտածո իրերը մանրամասն ուսումնասիրելու և փորձարկումներ իրականացնելու համար:
– Իհարկե, մենք չենք արհամարհում հայ գիտությունը և այն բոլոր ուսումնասիրությունները, որոնք հնարավոր է իրականացնել հայաստանյան պայմաններում` այստեղ ենք կատարում: Սակայն շատ հաճախ որևէ գտածո հայտնաբերելիս մենք չենք կարողանում այն շատ խորը ուսումնասիրել Հայաստանում, քանի որ դրա համար այստեղ չկան բավարար պայմաններ, ուստի դրանք ուղարկում ենք արտերկիր՝ այնտեղ խորը ուսումնասիրություն իրականացնելու համար: Ցավալի է, բայց փաստ, հաճախ որևէ բացառիկ գտածո հայտնաբերելիս անգամ մեր գործընկերները չեն հավատում մեզ և առարկայի թվագրմանը, սակայն, երբ գտածոն խորը ուսումնասիրվում է և արտերկրում անցնում է բոլոր հնարավոր լաբորատոր վերլուծությունները և այդ տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկումների արդյունքները կրկնվում են` այն դառնում է անհերքելի փաստ:
– Ինչպե՞ս եք կարողանում գումարներ հայթայթել հնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
– Հիմնականում մենք համագործակցում ենք այլ երկրների գիտնականների հետ և համատեղ ծրագրեր ենք իրականացնում: Այդ համագործակցությունն, իհարկե, գեղեցիկ է և երկուստեք ուսանելի է՝ հատկապես փորձի փոխանակման առումով: Այդ հանգամանքը, սակայն, որոշակի խնդիրներ է առաջ բերում, օրինակ՝ երբ իրենք են դրսից գումարներ բերում այդ ուսումնասիրությունների համար, նրանց լեզուն դրանից շատ է երկարում, և հաճախ կոնֆլիկտներ են առաջանում: Սակայն այժմ հնագիտության մեր ինստիտուտի ղեկավարի շնորհիվ հայկական կողմը նույնպես գումարներ է ներդնում իրականացվող ուսումնասիրությունների համար: Այս դեպքում արդեն արտասահմանցին դառնում է ոչ այլ ինչ, քան իմ համագործակիցը, բայց ոչ թելադրողը և ոչ էլ՝ ծրագրի ղեկավարը, պարզապես, գուցե կարող է ինձ հետ միասին լինել ծրագրի համաղեկավար: Օտարերկրյա հնագետների հետ աշխատելը օգտակար է ոչ միայն համատեղ ֆինանսավորման և ուսումնասիրություններ իրականացնելու տեսանկյունից, այլև նրանք օգնում են գիտական հոդված հրապարակելու առումով՝ լեզվական բարիերը հաղթահարելու համար: Մենք հետխորհրդային երկիր լինելով` ավելի լավ ենք գրում հայերեն և ռուսերեն լեզուներով, մեր անգլերենի իմացությունը դեռևս բավարար չէ այդ լեզվով գիտական հոդված հրապարակելու համար: Այս պարագայում նրանք դառնում են մեր համագործակիցը ու մեր, այսպես ասած, «բերանը»:
– Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում հնագիտության ապագան և զարգացումը, ի՞նչ խոչընդոտներ կան, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ դրանք հաղթահարելու համար:
– Մեր հիմնական աշխատանքներն արվում են համատեղ ծրագրերով, համատեղ՝ հայ-ֆրանսիական, հայ-իտալական, հայ-գերմանական արշավախմբերով, և այլն: Միշտ էլ կարելի է համագործակցել և լրացնել միմյանց, սակայն մենք մեր պոտենցիալով և հնարավորություններով դեռ չենք հասել մեր արտասահմանցի կոլեգաների պոտենցիալին: Մեր երկիրը հարուստ նյութական և հոգևոր մշակութային ժառանգություն ունի, և ես եմ բողոքում, քանի որ, եթե մեր ինստիտուտին տրվող ֆինանսավորումը՝ պոտենցիալը, անգամ տասնապատկեին, միևնույն է, դա բավարար չէ այդքան հուշարձաններն ուսումնասիրելու համար: Սակայն, կարծում եմ, որ մենք պետք է լինենք առաջամարտիկը, իսկ օտարերկրացի գիտնականները ցանկության դեպքում պարզապես պետք է մասնակցեն մեր ուսումնասիրություններին: Պայմանները մենք պետք է թելադրենք:
Ինչ վերաբերում է Արենիին, այնտեղ ամեն բան արված է ամբողջովին հիմնականում արտասահմանյան միջոցներով, օտարերկրյա բարերարների միջոցներով, և այլն: Զարմանալին ու նաև ցավալին այն է, որ օրինակ՝ Շարժայի շեյխը պետք է գումար տա, որ Հաղարծնի վանքը վերակառուցեն, կամ այսինչ օտարերկրացին պետք է գումար տա, որ ինչ-որ հուշարձան սարքեն կամ ուսումնասիրեն Հայաստանում… Բա մեր Սփյուռքի հնարավորություններն ինչո՞ւ չեն օգտագործվում: Զարմանալի է, սակայն մինչ օրս որևէ սփյուռքահայ չի փորձել օգնել մեզ Հայաստանում հնագիտական որևէ ուսումնասիրություն իրականացնելու համար: Բայց չէ՞ որ դա նաև մեր մշակութային ժառանգությունը և հիշողությունը պահպանելու միջոց է: Միգուցե պետք է Սփյուռքի հնարավորությունները ճիշտ ուղղորդել, ես չգիտեմ: Ես չեմ ցանկանում բողոքել, սակայն այսօր մեր պետությունը կառավարող վերնախավը այնքան էլ տաք չէ հնագիտության վրա: Պետությունն այս գործում պետք է լինի առաջամարտիկի դերում, մինչդեռ դա դեռ այդպես չէ: Մեր պետական այրերը, օրինակ, կարող են որևէ ռեստորանում օտարերկրացիների մոտ հպարտությամբ նշել, ասենք, Արենիում հայտնաբերված հայտնի կոշիկի մասին, բայց մի օր նույն կոշիկը հայտնաբերողին չեն կանչում-ասում՝ շնորհակալություն, կամ պարգևատրում գոնե մի աշխատավարձի չափով, որն ընդամենը 40-60 հազար դրամ է:
– Նման իրավիճակում ինչպե՞ս եք կարողանում պահպանել Ձեր թիմը և շարունակել պեղումներ իրականացնելու դժվարին գործը:
– Ճիշտ եք, մենք ընդամենը երեկ գիշերն ենք վերադարձել պեղումներից ու կրկին մի քանի օրից գնալու ենք: Հասկանո՞ւմ եք` դա մեր կյանքն է, մեր կոչումը: Ախր ես ուրիշ գործով զբաղվել չեմ կարող, ես սիրում եմ հնագիտությունը, և ընդհանրապես չի կարելի հնագետ դառնալ՝ չսիրելով այդ մասնագիտությունը, քանի որ այն իսկապես բավական բարդ է՝ ահավոր փոշի, այրող արև, և այլն: Մեզ ու մեր թիմին առաջ է մղում սերը դեպի մեր աշխատանքը. Դա մեր կենսակերպն է: Սակայն մենք այսօր նաև սերնդափոխության խնդիր ունենք, փորձում ենք այս կամ այն կերպ ուսանողների, երիտասարդ գիտնականների ներքաշել մեր պեղումների աշխատանքներում, և այդպիսով նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի հնագիտությունը: Կարելի է հարցին լուծում տալ, օրինակ՝ ես արտասահմանցուն կարող եմ ասել` գումարներ տուր ուսումնասիրություններ կատարելու համար, սակայն չեմ կարող ասել` ինձ գումար տուր հնագիտական վայրն աղբից մաքրելու համար: Ամենուր աղբ է լցված: Կարելի է խնդրին ճիշտ լուծում տալ, այդ վայրերում ստեղծել նորմալ պայմաններ, այդտեղ տուրիզմի կենտրոններ ստեղծել, քանի որ մեր հնագիտական վայրերով բազմաթիվ տուրիստներ են հետաքրքրվում: Ուստի նման վայրերում բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելով` կարելի է տուրիզմը զարգացնել, իսկ դրանից ստացված եկամտի գումարներից տրամադրել նաև հնագիտության զարգացմանը: