Զբոսաշրջային կենտրոնների կողքին չպետք է լինի հանքարդյունաբերություն

Այսօր ասուլիս էին հրավիրել բնապահպանական ու զբոսաշրջային ոլորտի մասնագետները:  Քննարկվող խնդիրը Հայաստանում անկանոն հանքարդյունահանման հետևանքներն էին:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման մեծ միտումներ կան Հայաստանում, սակայն հանքավայրերը գտնվում են հենց այն վայրերում, որոնք համարվում են զարգացած զբոսաշրջային շրջաններ, ասաց «Առողջ Հրազդան» քաղաքացիական խմբի անդամ Մովսես Մանուկյանը։

«Հայաստանում այսօր ուրվագծվում են տուրիզմի զարգացման մի քանի ուղղություններ: Դրանցից են՝ Ջերմուկը, որտեղ նաև զարգանում է առողջարանային տուրիզմը, Ծաղկաձորը, որտեղ միլիոնավոր ներդրումներ են արվել և դեռ շարունակվում են, Աղվերանի ձորը, Հանքավանի ձորը, Տաթևը՝ իր ճոպանուղով և այլն: Սակայն այսօր Ջերմուկից 15 կմ հեռու կառուցվում է Ամուլ սարի հանքավայրը, Ծաղկաձորից 3-4 կմ հեռավորության վրա՝ Հրազդան քաղաքի մոտ, շահագործվելու է երկաթահանքը: Հանքաքարը մշակվելու է տեղում և կառուցվելու է երկաթաձուլարան»,- տեղեկացրեց Մովսես Մանուկյանը և ընդգծեց, որ ամբողջ աշխարհում չկա նման բան, որ զարգացող զբոսաշրջային կենտրոններում կառուցվեն հանքավայրեր:

«Ռոմեա» ճամփորդությունների ակումբի նախագահ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ զբոսաշրջությունը պահանջում է էկոլոգիապես մաքուր տարածքներ և էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում ընդամենը վերջերս է սկսել թափ առնել:

«Ամբողջ աշխարհում միլիարդավոր դոլարներ են ծախսվում էկոլոգիան պահպանելու և ներդաշնակություն ապահովելու համար: Մենք զբոսաշրջիկներին խուսափում ենք նման հանքավայրերի մոտով տանել»,-ասաց նա:

Մեր երկրում սնկի պես աճող հանքարդյունահանման ընկերությունների մասին Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ խնդիրը կապված է հարկային դաշտում թույլ տրված սխալների հետ:

«Եթե որևէ մեկը աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, նա եկամտահարկը և մյուս մանր հարկերը մուծում է, բայց, ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերությունը հանված է հարկային դաշտից: Հարկերի մի փոքր մասն է միայն գանձվում: Օրինակ՝ այսօրվա չափանիշներով, եթե Քաջարանի կոմբինատը հարկ վճարեր, ապա միայն մեկ թափոնի համար պետք է վճարեր 760 մլրդ դրամ, բայց օրենքում գրված է՝ վճարել 0 դրամ»,- ասաց Սանասարյանը և ավելացրեց, որ եթե Հայաստանում ծծմբի օքսիդը օդ մղելու դեպքում գանձվում է 1800 դրամ, ապա Շվեդիայում՝ 2045 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս