Իշխանությունը` ընկեր Մարգոյի դերում

Գյումրի դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ այս օրերին տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ ցույց են տալիս Հայաստանի իշխանության ներքին կառուցվածքը, հարաբերությունների որակը, իշխանական համակարգում գործող արժեքները, եթե ընդհանրապես այդպիսիք կան: ՀՀԿ-ի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանին առայժմ դե ֆակտո առաջադրելու, առաջիկայում գուցե նաև` դե յուրե սատարելու քայլն, իհարկե, առավելապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների տիրույթում է և միտված է առաջիկա նախագահական ընտրություններին: Դրան անդրադառնալու առիթներ առաջիկայում շատ կլինեն: Վարդան Ղուկասյանի պարագան ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը վարվում իր իսկ անդամների, իր իսկ «ծնածների» հետ: Խնդիրն այն չէ, որ Վարդան Ղուկասյանին սեփական կուսակցության կողմից լքելը մարդկայնորեն գուցե և կարեկցանքի է արժանի, թեև ինքը` Ղուկասյանը, իր վարքագծով ու կերպարով վաղուց անցել է «կարեկցվելու» սահմանագիծը: Մինչև վերջերս Գյումրիի քաղաքապետը համարվում էր Հայաստանի քաղաքական վերնախավի սիրելին, այդ վերնախավի անդամներից մեկը և կարող էր հավակնել` օդիոզ կերպարների առաջին եռյակում կամ հնգյակի պատվավոր հորիզոնականներից որևէ մեկում տեղ գրավել: Այդ ողջ ժամանակահատվածում նա օժտված էր հայաստանյան չափանիշներով անպատժելի համարվելու բոլոր ատրիբուտներով. նրա հարազատները, մտերիմները կարող էին ամենատարբեր հանցագործություններ կատարել ու չպատժվել, նրա որդին կարող էր Գյումրիում դեբոշներ կազմակերպել ու հպարտանալ դրանով, և այդպես շարունակ: Իշխանությունն այդ ողջ ընթացքում աչք էր փակում այդ «մանրուքների» վրա` ավելի հաստատուն դարձնելով Վարդան Ղուկասյանի` ամենակարողի կերպարը: Հիմա իշխանությունը որոշել է խաղից հանել Վարդան Ղուկասյանին ու, ամենայն հավանականությամբ, կհանի: Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, իշխանությունը դա անում է այնպես, որ ակամայից Վարդան Ղուկասյանը հայտնվել է զոհի դերում: Փաստորեն, Սամվել Բալասանյանին ՀՀ նախագահական նստավայր կանչելով ու ԲՀԿ-ի միջոցով հայտարարելով նրա թեկնածությունն առաջադրելու մասին, իշխանությունը Վարդան Ղուկասյանին զրկեց անգամ ինքնառաջադրվելու հնարավորությունից: Գյումրիի քաղաքապետն առայժմ պայքարում է ինքնառաջադրման իրավունքի համար, ինչն իշխանությունը կարծես համառորեն չի ցանկանում նրան տրամադրել: Ու արդեն իսկ տեղեկատվական հոսքերից ակնհայտ է, որ իշխանությունն առաջնորդվում է «Վարդանիկ, խելոք մնա, թե չէ` կհիշեցնենք անցյալդ» կարգախոսով: Այսինքն` իշխանությունն այսօր հայտնվել է «ընկեր Մարգոյի» կարգավիճակում: Հիմա արդեն նույն` Վարդանիկին արտոնյալ կարգավիճակ տված իշխանությունները սկսել են հիշել նրա որդու, եղբոր և մերձավորների հարազատների մասին, ու ակնհայտ է, որ եթե վերջինս շարունակի պայքարել, կարող են բազմաթիվ քրեական գործեր հարուցվել, խոշորածավալ չարաշահումներ հայտնաբերվել Գյումրիի քաղաքապետարանում, և այլն: Ընդ որում, հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի կերպարը, իշխանությունը կարող է նաև այդ գործընթացներից զգալի PR դիվիդենտներ ստանալ: Կրկնում ենք, խնդիրն այն չէ, որ Վարդան Ղուկասյանն ու նրա շրջապատը «հրեշտակներ» են, ճիշտ հակառակը, իրավական պետության պարագայում նա ոչ միայն վաղուց չէր պաշտոնավարի, այլ, մեծ հավանականությամբ, ազատազրկման վայրում կլիներ: Պարզապես, երբ նրա հանցավոր կերպարի մասին իշխանությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ իրենց անհրաժեշտ է ազատվել այդ կերպարից, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ գործ ունենք «կոնյունկտուրային արդարադատության» հետ: Ու ստացվում է, որ իշխանությունը տարիներ շարունակ կարող է աչք փակել անգամ ամենածանր հանցագործությունների վրա, այդ հանցագործությունները կարող են մարդկանց կյանք արժենալ, և դրա մասին նույն իշխանությունը կարող է հիշել միայն իրեն «հարմար պահի»: Այսինքն` գործ ունենք մի սխեմայի հետ, երբ իշխանությունը ակամայից դառնում է հանցագործության ծնող, հետո «պայքարում» է այդ հանցագործությունների դեմ` ներկայանալով որպես արդարամիտ ու արդարադատ: Վարդան Ղուկասյանի դեպքը նման օրինակներից մեկն է միայն: Նախագահական ընտրություններին ընդառաջ նման «ինքնամաքրումներն» ավելի հաճախակի են դառնալու:

Տեսանյութեր

Լրահոս