Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, հեռուստատեսությամբ լսում ենք Ձեր ելույթը արդարության, իրավական, դատական համակարգի, որևէ մեկի` թեկուզ պաշտոնյա լինելու և հանցանք կատարելու դեպքում` անպատիժ չմնալու մասին, և խորհում ենք, որ միգուցե Դուք տեղյակ չեք կատարվածից, միգուցե Ձեզ խեղաթյուրված են ներկայացնում այս քրեական գործի ընթացքը, միգուցե Ձեզ չեն հասնում մեր բազմաթիվ դիմում-բողոքները: Հակառակ դեպքում, Դուք` որպես ՀՀ նախագահ, թույլ չէիք տա, որպեսզի հայրենիքի իսկական դավաճանները, որոնց անունները Կարեն Մեհրաբյանը հայտնում է դատարանում, միջնորդում հրավիրել նրանց դատարան, ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը անտեսի: Ավելին` Կարեն Մեհրաբյանը դատարանում նաև հայտնել է, որ հեռախոսային խոսակցություն ունի իր քրեական գործում, բայց դատավորը շատ հանգիստ հայտնեց, որ այդ սկավառակը չկա, և դատախազը լռում է դրա մասին:

Կարեն Մեհրաբյանը դատարանում հայտարարեց, որ ԱԱԾ «քննիչ» Արմեն Թևանյանը համոզել է, որ եթե ինքն ասի, որ Աշոտ Չտրկյանը գիտեր իր գործունեության մասին, ապա իր հետ մեղմ կլինեն, և խոստումներ է տվել: Ինչո՞ւ էր քննիչին դա անհրաժեշտ. որովհետև գործ էր սարքում անտեր, անհայր, պաշտոնյա հայր չունեցող Աշոտ Չտրկյանի դեմ: Քանակ էր ապահովում, արդեն բարձրաձայնել էր հանրապետությունով մեկ, որ «աշխատանք է կատարել», դավաճաններ է բռնել, մեկի վրա պիտի բարդեր, մյուսներին` ՏԵՐՈՎՆԵՐԻՆ, պիտի թաքցներ:

Ասում էին, որ հեռուստաընկերության բոլոր ալիքներով պետք է ցուցադրեն, որ ամբողջ հայ ազգն իմանա, թե ի՞նչ է դավաճանությունը, և վախենա: Ինչո՞ւ չհեռարձակեցին, անգամ մենք բոլոր հեռուստաալիքներին խնդրեցինք, որ դատական ամբողջ ընթացքը նկարահանեն և հեռարձակեն, բայց բոլորը, ԱԱԾ-ից և Դատախազությունից վախեցած, լռում էին:

Աշոտ Չտրկյանին ձերբակալելուց հետո քննիչ Ա. Թևանյանն Ազգային անվտանգությունում նրան պահելու համար մտացածին հիմք է ստեղծում` մեղադրելով 299 հոդվածի 1-ին մասով` հայրենիքի դավաճանություն, անհիմն մեղադրանքներ է գրում, որի համար ոչ մի ապացույց չի կարողանում գտնել, ոչ մի հեռախոսային լսում, ոչ մի վկա, ոչ մի գործողություն, որը կապացուցի Աշոտ Չտրկյանի մեղքը: Եվ իր սև գործը շարունակելու համար «քննիչ» Ա. Թևանյանը` «կարևորը` մարդ է ձերբակալել», ոչինչ, որ անմեղ մարդ է դատապարտելու, խորտակելու ևս մի երիտասարդ կյանք, ում հայրը ՆԳ աշխատակից է եղել և մահացել է, երբ Աշոտը չորս տարեկան էր: Ոչինչ, որ Աշոտի երեք տարեկան երեխան որբ կմեծանա` հոր չարած մեղքն էլ վրան խարանված: Ու նա գտնում է նոր հոդված` 38 /299 հայրենիքի դավաճանին օժանդակող, և հայտարարում է. «Բրթելով էլ լինի, դատելու եմ, որ Թուրքիա ես գնացել աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ քննիչը չի դատապարտում հայ ազգի 50%-ին:

Աշոտ Չտրկյանին մեղադրում են, որ օգնել է 300 դոլար փոխանցել և համակարգիչ է տրամադրել Կարեն Մեհրաբյանին:

Դատալսումների ժամանակ փաստաբան Հ. Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, հայտարարեց, որ Կարեն Մեհրաբյանն իրեն է զանգել և խնդրել, որ Տիգրանից 300 դոլար վերցնի և փոխանցի Կարենին` Հայաստան: Ճանապարհին պատահաբար հանդիպել է Աշոտին և ինքն այդ մասին ասել է Աշոտին` հայտնելով, որ չգիտի` որտեղից ուղարկել: Աշոտը Հովհաննեսին բացատրել է, թե որտեղից կարող է ուղարկել: Ավելի վառ ապացույց Աշոտի` փողից տեղյակ չլինելու մասին. դրանից հետո Աշոտը Կարենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Կարենին հարց է տալիս. «Կարեն, այդ ի՞նչ փող ես ուզել Հովոյից», և Կարենն անպատասխան է թողնում հարցը:

Քրեական գործում ևս պարզ երևում է, որ Կարենը Հովհաննեսից է ուզել փողը, ոչ թե Աշոտից. հարց է առաջանում` Ազգային անվտանգության քննիչն ինչո՞ւ չի հարցաքննել Հովհաննեսին, ինչո՞ւ է այդքան մակերեսային գործ վարել:

Հաջորդ հարցը վերաբերում է համակարգչին:

Աշոտը դատարանում հայտարարեց, որ Կարենը կնոջ հետ, ով ապրում էր Վանաձորում, տարաձայնություններ ուներ, և Աշոտից խնդրել է թույլ տալ համակարգչով առանձինխոսել կնոջ հետ: Մեր համակարգիչը տանը չլինելու պատճառով` Աշոտն առաջարկում է օգտվել քեռու համակարգչից: Քեռու տունը մեր տան մոտակայքում է:

Երբ Աշոտին ձերբակալում են, տունը խուզարկում են, բնականաբար, ոչինչ չեն գտնում, Աշոտին անգամ չեն բացատրում, թե ինչի համար են ձերբակալել: Հարցին, թե որտեղ է քո համակարգիչը, որը Կարենն օգտագործել է, Աշոտը, քանի որ թաքցնելու և վախենալու ոչինչ չուներ, ինքն է հայտնում, որ Կարենը ոչ թե իր համակարգչից է օգտվել, այլ` քեռու, և աշխատակիցներին ուղեկցել է քեռու տուն: Քեռին չի ցանկացել տալ համակարգիչը` առանց առգրավման թղթի, սակայն Աշոտը, քանի որ տեղյակ չէր Կարենի գործողություններից և ոչինչ չուներ թաքցնելու, ինքն է համոզում քեռուն, որ համակարգիչը բերեն և հանձնեն: Եվ մի կարևոր փաստ ևս` համակարգիչը գտնվում էր սեփական տան բակի բավականին հեռու տարածքում, տանը ևս մեկ համակարգիչ կար, և Աշոտն ինքն է քեռու տղային առաջարկում բերել Կարենի օգտագործած համակարգիչը, քանի որ թաքցնելու ոչինչ չուներ:

Այս բոլորը լուսաբանվեց և ապացուցվեց առաջին ատյանի դատարանում, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ոչինչ հաշվի չառնելով, ավարտեց Ա. Թևանյանի և Ա. Ամիրզադյանի` ավազի վրա կառուցած քրեական գործը` դատապարտելով անմեղ մարդուն` առանց որևէ ապացույցի: Կարեն Մեհրաբյանը դատարանում բազմիցս հայտարարեց իսկական դավաճանների անունները, ինչո՞ւ դատավորին և դատախազին դա բոլորովին չհետաքրքրեց, ինչո՞ւ հետքննության չուղարկվեց անապացույց, անփաստ, իրավական որևէ հիմք չունեցող քրեական գործը, ինչո՞ւ են անմեղ մարկանց դատում, ո՞ւմ և ի՞նչ են թաքցնում:

Ինչո՞ւ էր ուզում քննիչն անպայման «բրթելով դատել» Աշոտին, ի՞նչ էր թաքցնում, ինչո՞ւ է «անտեր տղաներ» գտել, առանց փաստի, առանց հիմքերի մեղադրական գործ ստեղծել, արագ փակել: Մի՞թե ազգային անվտանգությունն այնքան թույլ էր աշխատում, որ չկարողացավ որևէ վկա, որևէ հեռախոսային խոսակցություն, որևէ նկարահանում գտնել` ապացուցելու համար Աշոտի մեղքը: Ոչ, թույլ չի աշխատում, այլ փաստեր չկան, բայց վստահ էին` «անտեր տղա է», «բրթելով» կդատեն, ու վերջ:

Մի՞թե «հայրենիքի դավաճանին» այդպիսի օժանդակող է լինում: Աշոտն իր հայրենիքի նկատմամբ ոչ մի վիրավորանք կամ վրեժի զգացում չուներ, ֆինանսական առումով նա ոչ մեկից ոչ մի լումա չի պահանջել, չի ստացել, այդ դեպքում հանուն ինչի՞ էր նա օգնելու Կարենին:

Աշոտը Թուրքիա մեկնել էր մայիսի կեսին և հասկանալով, որ դա այն տեղը չէ, որտեղ կարելի է աշխատել, վերադարձել էր` Ռուսաստան մեկնելու համար:

Ազգային անվտանգությունը հետևել է Կարենին, ուրեմն` նաև Աշոտին, գաղտնալսել է հեռախոսային բոլոր խոսակցությունները, այդ դեպքում ինչո՞ւ Աշոտի անձնական խոսակցությունները չկան քրեական գործում, որովհետև, ես համոզված եմ, որ այդ խոսակցություններում ամբողջովին կապացուցվի Աշոտի անտեղյակ լինելու փաստը:

Եթե քննիչը համոզում էր Կարենին, որպեսզի ասի, իբր Աշոտը տեղյակ է եղել, ինչը դատախազը և դատավորը կհամարեին ապացույց, ապա ինչո՞ւ այսօր Կարենի հայտարարությունը` Աշոտի անտեղյակ լինելու մասին, հիմք չեն ընդունում:

Ո՞ր փաստի կամ ապացույցի հիմքով են դատում անմեղ մարդուն: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին, ո՞վ պետք է կանխի այս անարդարությունը:

Հարգելի պարոն ՀՀ նախագահ, խնդրում եմ` վերահսկեք այս անարդար քրեական գործը, թույլ մի տվեք` անարդարություն կատարվի:

Ճշմարտությունը սա է և միակը`իրոք ոչ մի ապացույց չկա որդուս դեմ, այնքան անտեր են համարել որդուս, որ անգամ, փառք Աստծո, չեն ջանացել, որ գոնե մի կեղծ ապացույց ստեղծեն: Նրանք հույս ունեին` ինչպիսի կարկատած գործ էին ստեղծել, այդպես էլ արագ դատալսում կանցկացնեին, և ամեն ինչ կանցներ ջրի տակ: Եվ փառք փաստաբաններ Հարություն Բաղդասարյանին (Աշոտ Չտրկյանի փաստաբան) և Սարգիս Ասլանյանին (Ռոման Մաթևոսյանի փաստաբան), որ ամբողջ քրեական գործը պարզաբանեցին և ապացուցեցին իրենց պաշտպանյալների անմեղությունը:

Ահա դատական համակարգի անարդար, շինծու գործի ևս մեկ վառ ապացույց:

ԱՆԱՀԻՏ ՉՏՐԿՅԱՆ
24.07.2012թ.

Տեսանյութեր

Լրահոս