Իրացման գոտու բնակչին կհատուցվի 25 մլն դրամ
Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական նիստ` Նարինե Վասիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու դիմաց փոխհատուցման գումարները բռնագանձելու մասին: Ի դեմս Հայաստանի Հանրապետության` հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հայցվորի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդեց հայցը և հավելեց, որ իր վստահորդը չի հավատում ՀՀ ֆինանսների նախարարության (ՖՆ) առաջարկներին, նշելով, որպեսզի նախարարությունն իր առաջարկը գրավոր ուղարկի: «2006թ. իրենց ականջից բռնել և տնից դուրս են շպրտել`առանց որոշման: Ասում են` մինչև Եվրոպական դատարան հասնելու ենք»,- հայցվորի խոսքը դատարանին փոխանցեց փաստաբանը:
Նարինե Վասիլյանի պահանջն այն է, որ 2006թ. մարտի 11-ից սկսած դատական գործի ընթացքում իր կողմից ՀՀ Կառավարությունից պահանջվող արդարացի հատուցմանը`13.500.000 դրամին, ավելացվի նաև այդ ժամանակամիջոցից հաշված տարեկան տոկոսները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 25 մլն դրամ:
Դատական նիստի սկզբում դատավորը նշեց, որ դեռ վաղուց ՖՆ կողմից միջնորդություն կար 2 շաբաթ լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար` հայցադիմումի պատասխանը ներկայացնելու նպատակով, սակայն այն այդպես էլ չի եղել: Հայցվորը պնդեց իր պահանջը, որին ի պատասխան` ՖՆ ներկայացուցիչը նկատեց, որ եթե ՖՆ քաղաքական մարմնում քննարկվելուց հետո գան այն եզրահանգման, որ պահանջն արդարացի է, ապա հաշտության համաձայնությունը լավագույն տարբերակն է: Հայցվորի փաստաբան Տ. Հայրապետյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2011թ. նոյեմբերի երկու որոշումները հօգուտ իր հայցվորի պնդումների, որոնք անվիճելի հիմք են ծառայում դատարանում, և համաձայն այդ որոշումների հաշվարկի` իր վստահորդը կարող է պահանջել 56 մլն դրամ, սակայն չի դիմի այդ «ուտոպիստական» քայլին, այլ կմնա իր դիրքորոշմանը`25 մլն դրամ պահանջին:
Այն մասին, որ վերջին շրջանում ՖՆ-ն աշխատում է բավական օպերատիվ կերպով, նշեց նաև դատավոր Պետրոսյանը, ով նաև հույս հայտնեց, որ հաջորդ նիստում ձեռք կբերվի հաշտության համաձայնություն:
Հարց է առաջանում` եթե ՀՀ Ֆինանսների նախարարությունն այդքան հեշտությամբ կարողանում է հաշտության համաձայնություն առաջարկեմ, ապա ինչո՞ւ չէր անում դա 6 տարի առաջ: