Հայաստանի արտաքին պարտքը` 6.1 միլիա՞րդ
Հայաստանի լրատվական կայքերը երեկ գրել էին Tax Justice Network կազմակերպության մի հրապարակման մասին, որտեղ խոսվում էր դեպի օֆշորային գոտիներ կապիտալի արտահոսքի մասին։ Հրապարակումն ուշագրավ էր նրանով, որ պարունակում էր տվյալներ նաև Հայաստանի վերաբերյալ։
Մասնավորապես նշվում էր որ 1994-2010թթ. Հայաստանից օֆշորային գոտիներ արտահոսած կապիտալի ծավալը կազմել է 2.2 միլիարդ դոլար։ Ըստ լրատվական կայքերի, Հայաստանը երկրից արտահոսած կապիտալի ծավալով` ԱՊՀ վերջից երրորդ երկիրն է. ավելի փոքր արտահոսք է տեղի ունեցել միայն Մոլդովայից ($2 մլրդ) եւ Ղրղըզստանից ($0.9 մլրդ): Ադրբեջանից կապիտալի արտահոսքը 1994-2010թթ. կազմել է $47.9 մլրդ (արտաքին պարտքի 684%-ը), իսկ Վրաստանից` $4.1 մլրդ (արտաքին պարտքի 44%-ը):
Հետազոտության համաձայն` աշխարհում օֆշորային գոտիների միջոցով կապիտալի արտահոսքը գնահատվում է $21 տրլն: 1994-2010թթ. կապիտալի ապօրինի արտահոսքով առաջատար երկրներն են Չինաստանը ($1.2 տրլն), Ռուսաստանը ($797.9 մլրդ) և Հարավային Կորեան ($779 մլրդ):
Ուշագրավն այն է, որ հայկական լրատվամիջոցների մեծ մասը հղում են անում ռուսական RBC գործակալությանը, սակայն RBC-ում Հայաստանից արտահոսած կապիտալի ծավալների վերաբերյալ տվյալներ չկան։ Փոխարենը` առանձին երկրների, այդ թվում` Հայաստանի վերաբերյալ տվյալներ գտանք միայն Աստրախանի նորություններ կոչվող կայքում։ Tax Justice Network-ի էջում զեկույցի ամբողջական տարբերակը դեռևս հասանելի չէ։
Սկզբնաղբյուրը գտնելն այս դեպքում կարևոր էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի համար նշված էր մի շատ հետաքրքիր փաստ` Հայաստանից արտահոսած կապիտալը (2.2մլրդ դոլար) կազմում է Հայաստանի արտաքին պարտքի 36%-ը։ Եթե հավատանք այս տեղեկատվությանը, ապա ստացվում է, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 6.1 միլիարդ դոլար։ Մինչդեռ, պաշտոնական տեղեկատվության համաձայն` հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3 միլիարդ 695 միլիոն դոլար, որից 3 միլիարդ 85 միլիոնը կառավարության պարտքն է, 610 միլիոնըէ Կենտրոնական բանկինը։
Առաջիկայում կփորձենք ճշտել այս անհամապատասխանության պատճառը։
Մինչ այդ մի քանի ճշտված տվյալներ ներկայացնենք, որոնք կարելի է գտնել հենց Tax Justice Network-ի կայքում։ Ջեյմս Հենրիի կատարած հետազոտության արդյունքներով` աշխարհի ամենահարուստ մարդիկ օֆշորային հաշիվների միջոցով թաքցնում են 32 տրիլիոն դոլար`խուսափելով հարկերից։ Ընդ որում, այդ գումարը վերաբերում է միայն ֆինանսական ակտիվներին և չի ներառում անշարժ գույքն ու պերճանքի առարկաները։ Ողջ աշխարհում հարկերից խուսափելու համար օֆշորային հաշիվներ օգտագործում է մոտ 10 մլն մարդ։ Ընդ որում, զեկույցի հեղինակներին ցնցել են ոչ միայն այս աստղաբաշխական թվերը, այլև այն փաստը, որ համաշխարհային խոշորագույն բանկերը հարկերը թաքցնելու գործում մեծ օգնություն են ցուցաբերում իրենց հաճախորդներին։