Զոլյան. ԿԳՆ-ն արհեստական ձգձգում է փաստաթղթերի տրամադրումը դատարանին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումի հիման վրա նշանակված նախնական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Ռուբեն Ափինյանը:
Սուրեն Զոլյանը, ներկայացնելով դատավարության գործընթացը, նշել է, որ նախորդ դատական նիստում դատավորը դիմել է ԿԳ նախարարության ներկայացուցիչներին՝ տրամադրելու այն հրամանները, ըստ որոնց ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը ժամանակավորապես փոխանցել է իր տեղակալներից մեկին:
«Սա ամրագրված է և բուհի կանոնադրության և իմ աշխատանքային պայմանագրով: Հիշեցնեմ, որ այս կետում պարոն նախարարն օրենքի խախտում էր գտել և կամայական մեկնաբանություններով՝ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) մասին օրենքը համարել էր խախտում, որն էլ հիմք էր հանդիսացել իմ աշխատանքի հեռացման համար»,-ասաց նա և նշեց, որ այսօր նիստը դեռևս չսկսված հետաձգվել է, քանի որ այդ փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար նախարարությունից իրենց չեն տրամադրել:
Բուհի նախկին ռեկտորը հավելեց. «Ավելին՝ դատարանն ասել է, թե նախարարության ներկայացուցիչները կաջակցեն այդ փաստաթղթի տրամադրմանը»:
«Ես, մեկնելով գործուղման, ինչպես միշտ տալիս էի հրաման՝ պարտականությունները կատարելու համար, իսկ այդ փաստաթղթերը տրամադրելը խնդիր չէ: Դա ոչ արխիվային փաստաթուղթ է, ոչ էլ այլ պետական գաղտնիք պարունակող թուղթ: Այդ փաստաթղթերի տրամադրումը, եթե դանդաղ աշխատեին էլ, ամենաուշը կտևեր մեկ ժամ»,-ասաց նա:
Սուրեն Զոլյանը համոզված է, որ մեղավորը նախարարության պատասխանատու աշխատողները չեն, որ այդ հրամանները չեն տրամադրվում, քանի որ, ըստ նրա, այդ աշխատակիցները չէին ցանկանա նման պատասխանատու գործում կասկածի տակ դնել իրենց աշխատանքը:
«Այսինքն, ես այստեղ միտում եմ տեսնում, որ այդ մարդկանց պարտադրվել է, որ նրանք չտան այդ փաստաթուղթը, այլապես, նրանք ինչո՞ւ պետք է պատասխանատվության տակ մնային»,-ասաց նա:
Զոլյանի կարծիքով՝ Կրթության և գիտության նախարարությունն այլևս ոչ մի ասելիք չունի: «Մենք բոլոր նյութերը տեղադրում ենք unifree.am կայքում, և ցանկացած ոք կարող է համոզվել, որ նախարարության աշխատողները որևէ ասելիք չունեն, մանավանդ, նրանք ցույց են տալիս իրենց անտեղյակությունը օրենքներից»,-ասաց նա:
Զոլյանն օրինակ բերեց, որ անցյալ նիստի ժամանակ իրավական վարչության պետը փորձում էր համոզել դատարանին, որ խորհուրդն ընդամենը խորհրդակցական մարմին է. «Պատկերացրեք այդ մարդկանց անգրագիտության չափը»,-նկատեց նա:
Զոլյանը հիշեցրեց նախարար Արմեն Աշոտյանի ապրիլին տարածած հայտարարությունը, թե իրավական հիմքերն անհերքելի են, որ ինքը գործում է միայն օրենքի շրջանակներում. «Այդ ամպագոռգոռ հայտարարությունից հետո ես առիթ ունեցա ասելու.«գող՝ սիրտը դող»:
Նախկին ռեկտորը չի կարծում, որ նախարարությունը կշարունակի չտրամադրել փաստաթղթերը, սակայն դրանց տրամադրումը կձգձգեն. «Ես ոչինչ չեմ կարող անել, պետք է սպասեմ, դատարանը հաջորդ նիստը նշանակեց օգոստոսի 30-ին, այդ ժամանակ տեսնենք փաստաթղթերը կներկայացնե՞ն»:
Սուրեն Զոլյանը նաև հիշեցրեց նախարարությանը, որ գոյություն ունի Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիա. «Ինչի մասին մեր կրթության աշխատողները դժվար թե իմանան, քանի որ իրենք նույնիսկ կրթության մասին օրենքից տեղյակ չեն: Նշեմ, որ եվրոպական կոնվենցիայի 13-րդ կետը նշում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա արդյունավետ պաշտպանվելու միջոց: Տվյալ դեպքում, եթե նախարարությունը ստեղծում է նման քաշքաշուկներ, դա հնարավորություն կտա ինձ անմիջապես դիմել Ստրասբուրգի դատարան, որովհետև ամենասովորական փաստաթուղթ ստանալը հնարավոր չէ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ նախկին ռեկտորը դատարանից պահանջում է՝ անվավեր ճանաչել ԿԳ նախարարի կողմից իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը, աշխատանքից ազատելու հրամանները և վերականգնել իր աշխատանքը: