Հայոց ցեղասպանությանն առնչվող առաջին հայցը՝ ԱՄՆ Գերագույն դատարանում
Առաջին անգամ Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն առնչվող հայց է ներկայացվել ԱՄՆ-ի Գերագույն դատարան, հայտնում է ամերիկահայերի “Ասպարեզ” օրաթերթը: Հայցը ամերիկյան դատական ատյաններում է 2003-ից, և այդ ժամանակից ի վեր դաշնային տարբեր դատարաններ հակասական դիրքորոշումներ են դրսևորել:
Գործի համառոտ պատմությունը հետևյալն է. 2000թ. Կալիֆորնիայի օրենսդիր իշխանությունը ընդունեց մի օրենք (Կալիֆորնիայի Քաղաքացիական-դատավարական իրավունքի 354.4 Դրույթը), որով մինչև 2010թ., ապա մինչև 2016թ. սահմանվում էր ժամկետ, որի ընթացքում 1915-1923թթ Օսմանյան կայսրությունում ապրած Հայոց ցեղասպանության վերապրողները կամ նրանց ժառանգները 1875 – 1923 թթ տրամադրված ապահովագրական պոլիսների հարցով կարող են դատական հայցեր ներկայացնել:
2003-ի դեկտեմբերին Կալիֆորնիայի մի քանի հայեր խմբային հայց ներկայացրեցին Դաշնային դատարան՝ ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, որոնք հրաժարվում էին վճարել իրենց նախնիների ապահովագրական գումարները: Այդ ժամանակ գերմանական ընկերություններին սատարեցին թուրքական իշխանությունները: Ապահովագրողները պնդեցին, որ կալիֆորնիական օրենքը հակասահմանադրական է, քանի որ Հայոց ցեղասպանության հարցում հակադրվում է դաշնային իշխանությունների արտաքին քաղաքականությանը: 2007-ի հունիսին դաշնային շրջանային դատարանը ընկերությունների փաստարկները մերժեց: Սակայն 2009-ի օգոստոստին 2-1 հարաբերակցությամբ 3 դատավորներ որոշեցին, որ Կալիֆորնիական օրենքը հակադրվում է նահանգի գործադիր իշխանության քաղաքական առաջնահերթությանը: Հայ հայցվորները պահանջեցին գործով նոր լսումներ անցկացնել դատավորների նույն կազմի կողմից: 2010-ի դեկտեմբերին դատարանը որոշեց, որ կալիֆորնիական օրենքը չի հակասում արտաքին քաղաքականության դոկտրինին:
Գերմանական կողմը շարունակեց պայքարը, և 2012-ի փետրվարի 23-ին 12 դաշնային դատավորներն օրենքը, այնուամենայնիվ, «հակասահմանադրական» ճանաչեցին:
Paul Hastings LLP-ից Հայ հայցվորների իրավաբան Իգոր Տիմոֆեևը 2012-ի հունիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանից պահանջել էր զբաղվել գործով՝ մատնանշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը այս տարիների ընթացքում միմիայն ողջունել է տարբեր նահանգների՝ Հայոց ցեղասպանության կտրվածքով ընդունված բանաձևերը, ուստի՝ կալիֆորնիական օրենքը ոչ մի դեպքում չի հակասում արտաքին քաղաքականությանը:
Ըստ “Ասպարեզ”-ի՝ գերմանական ընկերությունների դեմ դատավարության համար շրջադարձային կարող է լինել Գերագույն դատարանի վճիռը Արիզոնայի օրենքի հարցով, որը վերաբերում է առանց փաստաթղթերի ներգաղթյալներին: Ըստ այդմ՝ առանձին նահանգները կարող են հանդես գալ այն ասպարեզներում, որոնց դեպքում դաշնային կառավարությունը «ընդամենը թեթև մտահոգություն է հայտնել» կամ «ոչինչ չի արել դրանք անպատեհ հռչակելու համար»:
Գերագույն դատարանի այս վճիռը նոր հեռանկար է բացում հայկական հայցի համար: Ապահովագրական գործով հայցվորները, Հայ իրավաբանական միությունը և այլ կառույցներ այս լույսի ներքո նորից կդիմեն Գերագույն դատարան՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին է, այլ ապահովագրական գումարներ չվճարելու: Իսկ գերմանական ապահովագրական ընկերությունները տվյալ դեպքում անամոթաբար օգտագործում են Հայոց ցեղասպանության գործոնը՝ իրենց հաճախորդների ժառանգներին չվճարելու նպատակով:
Միակ խնդիրը Գերագույն դատարանի կողմից հայցն ընդունել կամ չընդունելն է, քանի որ ամեն տարի այդ կառույցը քիչ քանակությամբ հայցերով է զբաղում: