Զոլյանն իր խնդիրը բարձրաձայնում է Եվրոպայում
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ իր գործն ընդդեմ Կրթության և գիտության նախարարության միջազգային ատյանների ուշադրության ներքո է։
Սուրեն Զոլյանի խոսքով, սակայն Հայաստանի կողմից փորձ է արվել խեղաթյուրել խնդրի մանրամասները:
« Հայաստանից ոչ պաշտոնական ձևով հանդիպում է եղել Եվրոպական Խարտիայի փորձագետների կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացվել, որ ռեկտորի ազատումը պլենար նիստի հետ կապ չունի, այն քաղաքական հարց է՝ կապված ընտրությունների հետ: Իսկ ապացույցների համար բերվել է թերթերից մեկի մեջբերումը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կողմից ԿԳՆ-ի դեմ բողոքի քննությունը, որի միջոցով Զոլյանը փորձում է ապացուցել, որ իր դեմ ընդունված նախարարության երկու հրամանները անօրինական են: Նա պահանջում է, չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը և Աշոտյանի հրամանով ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու հրամանը:
ԵՊԼՀ նախկին ռեկտորը նշեց, որ վերջիններիս պատճառաբանությունը նույնիսկ միջազգային համապատասխան կառույցներին է հասցվել ահաբեկելու միջոցով, ներկայացվելով, որ նրանց միջամտությունը կարող է լուրջ հետևանքների բերել Հայաստանի նման երկրի համար, անգամ 2008-ի մարտի մեկի դեպքերի կրկնության հասցնել:
Սուրեն Զոլյանը հստակեցրեց, որ, համենայն դեպս, ԿԳՆ-ի կողմից կոմիտեին որևէ գրավոր պարզաբանում չի եղել, իսկ թե ինչպես է այդ մասին նրան հաջողվել տեղեկանալ, Զոլյանը նախընտրեց գաղտնի պահել:
Ըստ նախկին ռեկտորի՝ Եվրոպական Խարտիայի փորձագետների կոմիտեն լինելով անկախ մարմին իր դիմումի համաձայն նիստ է հրավիրել և տվել իր եզրակացությունը: Զոլյանի խոսքով՝ ինքն այդ նիստին չի մասնակցել՝ կանոններից ելնելով, որի մասին նաև նշվել է գրավոր եզրակացության մեջ, ինչը կներկայացվի դատարանին:
Փորձագետների կոմիտեն ուղարկել է իր որոշումը, որտեղ ընդգծել է, թե իր գործունեության համար էական է, որ Կոմիտեի անդամները պարտականություններ իրականացնելիս լինեն իրենց կառավարությունից անկախ՝ ուստի և անընդունելի է համարել իշխանությունների կողմից ցանկացած ձևի քաղաքական ճնշումը: