Կասպից ծովը` զարգացող հակամարտության օջախ
Կասպից ծովը լինելով ռազմավարական ջրային տարածք, տարածաշրջանի համար դարձել է կռվախնձոր և բոլորը պայքարում են նրա ընդերքի նավթի պաշարներից ստացվելիք տրիլիոն դոլարների համար: Այս մասին գրում է «Foreign Policy» պարբերականը:
«Մինչ աշխարհի ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե արդյո՞ք Իսրայելը հարձակում կգործի Իրանի վրա, Իրանի հյուսիսում տեղի են ունենում սպառազինությունների նախապատրաստում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կասպից ծովի ավազանի երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի, որոնք հարուստ են նավթի և գազի պաշարներով, ջրային սահմանները դեռ չեն որոշվել:
Սպառազինությունների մրցավազքի պատճառը Իրանի անվստահությունն է, և ոչ միայն: Մի շարք պետություններ նույնպես մտահոգված են, որ Ռուսաստանի նավատորմի գերիշխանությունը թույլ կտա իրենց էներգետիկ քաղաքականության վրա խաչ քաշել: Միաժամանակ` Իրանը և Ռուսաստանը վախ ունեն, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կներգրավվեն Կասպից ծովի մրցավազքին: Եվ այս համապատկերում, կարելի է ասել, որ հակամարտության պոտենցիալ փուլ է սկսվում»,- նշված է հոդվածում:
«Վերջին տասնամյակներում, Ռուսաստանը Կասպից ծովի անվիճելի տերն է դարձել: Եթե Կասպից ծովը այնքան էլ կարևոր չէ Ռուսաստանի կամ էլ Իրանի համար, ապա այն ռազմավարական կարևորություն ունի Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի համար: Անկախության ձեռք բերումից ի վեր, այս երեք պետությունները համաձայնագրեր են կնքել Արևմտյան նավթային ընկերությունների հետ՝ ծովում չօգտագործված ռեսուրսներ բացահայտելու վերաբերյալ: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սթիվ Լեվինը հաշվարկել է, որ Կասպից ծովն իր մեջ պարունակում է 40 մլրդ բարել նավթ: Թե ո՞ր պետությունն է վերահսկելու այս պաշարները, դժվար է հստակ ասել: Մինչ որոշ պետություններ աշխատում են բազմակողմանի պայմանագրեր կնքելու ուղղությամբ, ջրային սահմանների հարցը մնում է անորոշ: Բացի այդ, և´ Ռուսաստանը, և´ Իրանը դեմ են ծովի հատակով «Տրանսկասպյան» գազամուղի կառուցման նախագծին: Վերջին տարիներին Կասպից ծովում տիրող անորոշությունը մի քանի լարված միջադեպերի տեղիք է տվել»,- գրում է «Foreign Policy»-ն: «Սակայն ոչ բոլոր պետություններն են իրենց նավատորմը զարգացնելուն լուրջ վերաբերվում: Օրինակ՝ Թուրքմենստանը նոր նավատորմ է հիմնում և Ռուսաստանից երկու հրթիռային և երեքը պարեկային ծառայություն իրականացնող նավեր է գնել: Ղազախստանն ինքը հակահրթիռային նավ է արտադրել, ևս երկուսը՝ պատրաստվում է գնել»,- նշված է հոդվածում:
Ըստ փորձագետների՝ Ադրբեջանն այդ պետությունների համեմատ, հետ է մնում, քանի որ իր ողջ ուշադրությունը սևեռել է ԼՂ հակամարտությանը, սակայն վերջին շրջանում նա սկսել է ավելի շատ ուշադրությունը կենտրոնացրել Կասպյան անվտանգության վրա՝ Իսրայելից գնելով հակահրթիռային նավեր: «Կասպից ծովի ավազանի բոլոր հինգ պետություններն ունեն իրենց մտադրություները, որը կարող է հանգեցնել աղետալի հակամարտության»,- նշված է հոդվածում: