«Ժամանակին ես երջանիկ էի ու հպարտ իմ կատարած հայտնագործությամբ». ինտերնետի կնքահայր Լուի Պուզենը գոհ չէ ինտերնետի զարգացման ընթացքից և որակից

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակն այս տարի շնորհվեց ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի (հաղորդակցություն առանց կապի) գյուտարար, Ինտերնետային ցանցի կնքահայր, «Օփեն-Ռութ» («Open-Root») կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին (Louis Pouzin):

Լուի Պուզենը միջազգային համբավ է ձեռք բերել՝ որպես համակարգչային հաղորդագրության և ցանցային տեխնիկայի փորձագետ։ Իր կարիերայի մեծ մասը նա նվիրել է համակարգչային համակարգի նախագծմանը և իրականացմանը: Լուի Պուզենը միջազգային ասպարեզում հայտնի է նաև իր բազմաթիվ հրապարակումներով, որոնցից շատերը դարձել են համակարգչային ցանցի վերաբերյալ դասընթացների ուսումնական նյութեր: Համակարգչային ցանցի վերաբերյալ նա հրապարակել է ավելի քան 80 հոդված և մեկ գիրք, ինչպես նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ IFIP Silver Core, ACM SIGCOMM, IEEE Internet, ISOC Hall of Fame, and Chevalier of Légion d’Honneur:

Լուի Պուզենը համացանցի և համաշխարհային սարդոստայնի հինգ նախահայրերից մեկն է, ով ճարտարագիտության համար պարգևատրվել է Էլիզաբեթ Թագուհու 1-ին մրցանակով։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ մրցանակը նախաձեռնել է ճարտարագիտության նշանակությունը բարձրացնելու համար՝ որպես Նոբելյան մրցանակին ուղեկցող մրցանակ։ 2013թ. հունիսի 25-ին Լուի Պուզենը ստացել է այդ մրցանակը Բուքինգհեմյան պալատում Էլիզաբեթ II թագուհուց։

Ներկայացնում ենք Ինտերնետի հիմնադիր և կնքահայր Լուի Պուզենի հետ «168 Ժամի» բացառիկ հարցազրույցը:

Կարդացեք նաև

– Պարոն Պուզեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանա՞կն էր այն առիթը, որով Դուք ծանոթացաք մեր երկրի հետ:

– Ոչ: Սրանից առաջ էլ շատ եմ լսել Հայաստանի մասին: Հետաքրքիր պատմություն ունեք, բացի այդ, Ֆրանսիայում, որտեղ ես ապրում եմ, շատ հայեր ունենք՝ Փարիզում, Մարսելում, Լիոնում, և այլն: Տեղյակ եմ, որ դարերի ընթացքում լավ վերաբերմունքի չեք արժանացել թուրքերի և նույնիսկ գերմանացիների կողմից: Ցավալիորեն տխուր իրողությունների մի ամբողջական պատմություն է դա: Գիտեի՝ Հայաստանը քարտեզի վրա որտեղ է գտնվում: Այստեղ գալուց առաջ տեսա, որ Վրաստանից շատ հեռու չի, իսկ այնտեղ ես եղել եմ 1969 թվականին: Հենց որ մտանք Երևան, տեսա եկեղեցիներն ու նկատեցի, որ դրանք շատ նման են վրացական եկեղեցիներին: Շուկայում պանրի տեսականիները նույնպես նմանեցրի վրացականին: Ընդհանուր առմամբ, մշակույթների նմանություն նկատեցի հայերի և վրացիների միջև: Թերևս, մի տարբերությամբ, որ վրացիները Ստալին են ծնել, դուք, բարեբախտաբար՝ ոչ: Մեծ իմաստով, ինչ էլ որ գիտեմ Հայաստանի մասին՝ արդյունք է այն հեղինակավոր մրցանակի, որի համար ընտրվել եմ ես: Ես հայտնաբերեցի, որ այստեղ՝ Հայաստանում, հստակ մշակված ռազմավարական քաղաքականություն կա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հետ կապված: Սա մի քաղաքականություն է, որը նույնիսկ շատ զարգացած երկրներում կարող ես և չտեսնել: Ինձ Փարիզում պատմեցին, որ Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում ՏՏ ոլորտի առաջխաղացման համար, և ինձ բավականին լավ բացատրեցին, թե ի՞նչ մրցանակ է սա, ինչպե՞ս է հանձնվում: Ես մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը, և ահա այստեղ եմ:

puzen-4

– Ի՞նչ եք կարծում` մինչև ո՞ւր կզարգանան տեխնոլոգիաներն առհասարակ, և ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, որ շատ շուտով մարդկանց փոխարեն` գործողություններ կկատարեն ու որոշումներ կկայացնեն միայն ռոբոտները:

– Տեխնոլոգիաների զարգացման ընթացքի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող: Ակնհայտ է մի բան, նորագույն տեխնոլոգիաներն օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ են ներխուժում մարդկանց կյանք: Հայտնի չէ՝ ի՞նչ նպատակներով են հավաքագրվում մարդկանց մասին տվյալները, անձի մասին անձնական տվյալների օգտագործումը, ի վերջո, ի՞նչ նպատակներ է հետապնդում, որտե՞ղ են հավաքագրվում այդ տվյալները, որքա՞ն ժամանակ կպահվեն դրանք ու դեռ ի՞նչ նպատակներով կօգտագործեն. ցավոք, անհայտ է: Սա անթույլատրելի ներխուժում է մարդու կյանք, որ ավելի ու ավելի տոտալիտար է դարձնելու մարդկային հասարակությունը: Նման հասարակություններում կառավարությունները երբեմն չեն կարողանում արագ արձագանքել հասարակական գործընթացներին: Կառավարությունները նախընտրում են աշխատել մեծ ձեռնարկատիրությունների հետ, իսկ վերջիններիս խորհուրդները կառավարությանը բխում են միայն ու միայն սեփական բիզնեսի շահերից, և ոչ երբեք՝ լավագույն հասարակություն ստեղծելու հեռանկարով: Եթե այսպես շարունակվի՝ հասարակությունը, ի վերջո, կոչնչանա:

– Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը մեր կյանքի անբաժանելի մաս դարձած սոցիալական ցանցերի մասին և այն մասին, թե որքանո՞վ են դրանք այսօր վտանգավոր:

– Այն ձեռնարկությունները, որոնք մասնավոր անձի վերաբերյալ տվյալներ են հավաքագրում և պահում՝ «Google»-ը, «Twitter»-ը, «Facebook»-ը, «Apple»-ը, «Amazon»-ը, սրանք հասարակության համար ռեալ սպառնալիքներ ներկայացնող գործիքներ են: Մարդիկ պարզապես տեղյակ չեն, որ իրենց մասին տվյալների նմանօրինակ հավաքագրումն օգտագործվում է ո´չ իրենց գիտակցությամբ, և ո´չ ի օգուտ իրենց: Լուրերը, որ տրամադրվում և տարածվում են մարդկանց՝ սպորտի, քաղաքականության, նորաձևության և այլնի մասին, աշխատում են հատուկ և լավ մտածված մեխանիզմներով, որը նույնպես նպաստում է այս կամ այն խոշոր ձեռնարկատիրությունների մասնավոր շահերի, կամ նույնիսկ պետական սեկտորների հարստացմանը:

– Այսինքն, ըստ Ձեզ, այս պրոցեսում իրենց մեղավորության չափն ունեն նաև զանգվածային լրատվամիջոցնե՞րը:

– Թեև դուք, որ այս պահին զրուցում եք ինձ հետ, նույնպես զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ եք, բայց, ցավոք, այո´, ունեն:

– Մարդկությունը մոտ է «ռոբոտ-մարդասպաններ» ստեղծելուն: Աշխարհահռչակ գիտնականներ Սթիվեն Հոքինգը, Իլոն Մասկը, Սթիվ Վոզնյակը, Նոամ Խոմսկին և շատերը, գործարարներ ու ռոբոտատեխնիկայի հետազոտողներ բաց նամակ են ստորագրել արհեստական ինտելեկտի բազայի հիման վրա զենք ստեղծելու դեմ: Հեղինակները պնդում են, որ մարդկությունը, ինչպես երբեք, մոտ է, այսպես կոչված, «ռոբոտ-մարդասպաններ» ստեղծելուն: Նրանք ընդգծել են, որ ի տարբերություն միջուկային զենքի` արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն օգտագործման թանկարժեք հումք չեն պահանջում, ինչի համար էլ անհնար կլինի դրանց տարածման վերահսկումն ու սահմանափակումը: Ի՞նչ կասեք այս մասին:

puzen-5

– Իմ կարծիքով՝ նրանք շատ ճիշտ են վարվել՝ դեմ արտահայտվելով «ռոբոտ-մարդասպաններ» ստեղծելու գաղափարին: Ռոբոտները, որպես այդպիսին, չունեն ո´չ գիտակցություն, ո´չ զգացողություններ: Նրանք վախենալ չգիտեն կամ չեն տիրապետում որևէ այլ էմոցիաների: Նրանք սովորում են միայն ենթարկվել հրահանգների: Նրանց աշխատեցնում են ծրագրերի հիման վրա, և միայն այսքանով ռոբոտն ինքն իրենով իրենից վտանգ չի ներկայացնում: Այստեղ պետք է տարանջատել այն ռոբոտներին, որոնք պարզապես արձագանքում են կոմպյուտերային ծրագրերին, և այն ռոբոտներին, որոնք մեխանիկական են և կարող են շարժվել, գործողություններ կատարել: Իրականում պետք է վախենալ այն կենտրոններից, որոնք «աշխատեցնում» են այդ ռոբոտներին: Դրոնները, օրինակ, դրանց մի օրինակն են, շատ տարածված՝ հատկապես ամերիկյան ռազմական գործողություններում, որը նրանք լայնորեն կիրառում են Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, որտեղ այդ դրոններն ուղղակիորեն կարող են մահվան պատճառ դառնալ, մարդկային կյանքեր խլել: Իսկ մարդը, որը ղեկավարում է դրանք, պարզապես նստած է պատերազմական գոտուց հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, ու սուրճ խմելով՝ կործանում է մարդկային կյանքերը: Ես շատ զգուշավոր կլինեի մեխանիկական ռոբոտներին ագրեսիվ նպատակներով օգտագործելու միտումները վերլուծելիս:

– Նման միտում տեսնո՞ւմ եք:

– Երևի մարդկանց ուղեղներում կա այդ միտումը, բայց այն դեռևս պաշտոնական կիրառություն չի ստացել: Ռազմական նպատակներով մեխանիկական ռոբոտների լավագույն կիրառությունը, որ մինչ այժմ տեսել եմ, հակահետևակային ականապատ տարածքները վնասազերծելու համար է: Ռոբոտների կիրառությունը կարող էր լավագույնս փոխարինել այն մահապարտներին, ովքեր իրենք իրենց են պայթեցնում՝ այս կամ այն երկրում տեռորիստական ակտեր կազմակերպելու համար: Երևի դրանց նախաձեռնողների համար այդպիսի ռոբոտների ստեղծումը շատ թանկ հաճույք է, և նրանք առայժմ բավարարվում են՝ իրենց հավատարիմներին պայթեցնելով…

– Հայտնի է, որ Դուք առանձնացնում եք ինտերնետային երեք գերտերություններ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը: Որո՞նք են այս գերտերությունների առանձնահատկություններն ու գլոբալ առումով՝ դրանց վտանգավորության չափերը:

– Եթե նկատել եք, այդ երկրները տարածական առումով բավականին մեծ տեղ են զբաղեցնում երկրագնդի վրա: Այս երեք գերտերություններն էլ պատմության ընթացքում երբեք չեն հայտնվել որևէ պետության տիրապետության տակ: Հնարավոր տարբերակ չէ, որ դրանցից որևէ մեկը կարողանա մյուսին հիմնովին ոչնչացնել: Ցավոք, նրանք ունեն նաև միջուկային զենքի պաշարներ, և մեծ վտանգ կա, որ այլ սուբյեկտ վերացնելու նպատակով երբևիցե դրանցից որևէ մեկը կարող է օգտագործել դա:

puzen-3

– Ինտերնետի կիրառությունը նրանց համար միջուկային զենքին համազոր մի բան չէ՞, պարոն Պուզեն:

– Ինչ-որ առումով՝ այո, Դուք իրավացի եք, որովհետև ինտերնետը, մեծ իմաստով, կարող է հասարակություններ կազմալուծել: Սա, ի տարբերություն միջուկային զենքի, այնպիսի վտանգի տեսակ է, որ չգիտես՝ որտեղի՞ց է գալիս, բայց, ինչպես արդեն ասացի, կարող է կործանարար ազդեցություններ գրանցել:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Չինաստանը որոշեց առանձնանալ ինտերնետային տիրույթում՝ ստեղծելով սեփականն ու փակ պահելով այն աշխարհից:

– Եկեք նկատենք, որ Չինաստանը՝ ինքն իրենով, առհասարակ՝ բոլոր առումներով, փակ երկիր է: Ինտերնետն այս երկրում նույնպես փակ է, ընդհուպ՝ մինչև չինարեն լեզվով, որը, միաժամանակ, ոստիկանական լուրջ վերահսկողության է ենթարկվում: Այս պատճառներով պայմանավորված, ի տարբերություն մյուս երկրների, առավել քան դժվար է դրսից դիտարկումներ անել ու դատել այդ երկրի ինտերնետ վիճակի մասին, ի տարբերություն Ամերիկայի և Ռուսաստանի, որոնք դիտարկելն ավելի հեշտ գործ է: Եթե տվյալ երկրի ինտերնետն առանձին պրոտոկոլով է աշխատում, ապա հեշտությամբ կարելի է այն վերահսկել և նույնիսկ խաղարկել՝ իմանալու համար՝ ի՞նչ է կատարվում երկրի ներսում:

-Այնուամենայնիվ, Չինաստանի օրինակը գնահատելի՞ է Ձեզ համար, և ինչեպե՞ս կարող է այն անդրադառնալ այլ երկրների հետ, օրինակ, տնտեսական բնույթի համագործակցություններ կառուցելիս:

– Ե´վ գնահատելի է, և´ ոչ: Նրանք այս քաղաքականությունը չեն մշակել հատուկ ինտերնետի համար, պարզապես միշտ են այդպիսին: Սա, այնուամենայնիվ, խոչընդոտ չի հանդիսանում այլ երկրների հետ տնտեսական կապերի բարեհաջող համագործակցության պարագայում. օրինակ, առևտրային ոլորտում Չինաստանն այլ երկրների հետ միշտ լավագույն արդյունքներ է գրանցել: Չմոռանանք, որ նրանք հենց ԱՄՆ-ի ամենամեծ առևտրային գործընկերն են՝ բավականին էժան ապրանք մատակարարելով նաև ողջ աշխարհին՝ սկսած տեքստիլ արդյունաբերությունից, մինչև բարդագույն տեխնիկական սարքեր:

– Ամերիկյան ինտերնետ գերակայությունն ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Իմ կարծիքով՝ Ամերիկայի բերած վտանգները չեն սահմանափակվում միայն ինտերնետով, դրանք նաև ռազմական ու տնտեսական ասպեկտներ ունեն: Ակնհայտ է, որ նրանք բավական մեծ չափով ֆինանսական ուժեր են կենտրոնացրել ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար: Չի կարելի մոռանալ, որ Ամերիկան աշխարհով մեկ ավելի քան 1200 ռազմաբազա ունի և դեռևս ռազմական գործողություններ ծավալելու պատրաստակամությամբ շարունակում է աշխարհում ամենամեծ վտանգը ներկայացնել:

– Ի՞նչը կարող է կանխել այդ վտանգները:

– Բոլորովին ոչ մյուս երկրների հզորությունը, ինչպես միամտաբար կարծում են շատերը, այլ հենց իր ժողովրդի ընդդիմադիր կեցվածքը՝ Ամերիկայի կողմից ռազմական ուժի կիրառմանը: Քանի դեռ Ամերիկան իրեն համարում է ժողովրդավարական երկիր, պարտավոր է հաշվի նստել իր ժողովրդի կարծիքի հետ:

– Ռուսաստանն ու Ամերիկան մրցակիցներ չե՞ն այս տեսակետից, պարոն Պուզեն:

– Ոչ այնքան, որքան Չինաստանը, ճիշտն ասած: Ռուսաստանն ԱՄՆ-ին մրցակից է եղել միայն Միջին Արևելքում՝ Աֆղանստանում, Պակիստանում և այլուր, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայում՝ Ուկրաինայում: Ամերիկան էլ մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ և բավականին մեծ միջոցներ է ներդնում՝ ինֆորմացիա հավաքելու համար այն մասին, թե ռազմական տեսակետից ի՞նչ է կատարվում այդ երկրներում: Թեև Ամերիկան ինտերնետի ոլորտում այս պահի դրությամբ գերիշխող երկիր է համարվում, բայց սա չի նշանակում, որ գերագույն վտանգ կարող է ներկայացնել աշխարհի համար, քանի որ ռուսներն ու չինացիները նույնպես լավագույնս օգտագործում են ինտերնետի հնարավորությունները՝ Ամերիկայի վերաբերյալ ինֆորմացիա հավաքելու առումով: Որքան շատ ժամանակ անցնի, ինտերնետային գերիշխանության տարբերությունները վերանալու են, ավելի ճիշտ, համազոր են դառնալու: Իրական վտանգները խմորվում են հիմնականում մարդկանց ուղեղներում:

puzen-6

– Ի՞նչ կպատահի, եթե ԱՄՆ նախագահական ընտորություններում հաղթի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը (հարցազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ.- Ն.Մ.):

– Դիցուք, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, նա թեպետ Ռուսաստանի հետ պատերազմի չի գնա, բայց պատ է կառուցելու Մեքսիկայի հետ, ինչպես նաև փորձելու է ԱՄՆ-ում ոչ օրինական հիմունքներով ապրող ներգաղթյալներին հեռացնել այդ երկրից: Մի բան էլ՝ ով չհետևի առևտրի ոլորտում ԱՄՆ-ի սահմանած կանոններին, նրանց նկատմամբ չափազանց խիստ հակադարձման կանոններ են սահմանվելու: Կա մի վտանգ, սակայն, Դուք հիշում եք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին:

– Իհա՛րկե:

– Նա գրեթե կարողություն չուներ կառավարելու սեփական խորհրդատուներին և անզոր եղավ նրանց հետ արդյունավետ աշխատելու մեխանիզմներ կառուցել: Նրա խորհրդատուներն այնքան անխելք գտնվեցին, որ համոզեցին հարձակվել Իրաքի վրա, ինչին Բուշը, փաստորեն, ենթարկվեց: Արդյունքում՝ Միջին Ասիայում անկառավարելի քաոս ստեղծվեց: Չի կարելի ասել, իհարկե, որ դրանից առաջ էլ վիճակը գերազանց էր՝ հաշվի առնելով Սադամ Հուսեյնի նման դիկտատորի գոյությունը:

– Կարծում եք՝ այդ քաոսն իսկապե՞ս նախագահ Բուշի կամքից անկախ եղավ, և ոչ ձեռնտու այդ երկրի իշխանությունների՞ն:

– Իրաքն իրենից վտանգ չէր ներկայացնում աշխարհի համար, ինչպես պնդում էր ամերիկյան կողմը: Իրաքի միապետն ինքն իրենով շատ ավելի մեծ վտանգ էր՝ իր իսկ ժողովրդի, քան՝ աշխարհի կամ Ամերիկայի համար: Իրականում Իրաքը զանգվածային ոչնչացման զենք էլ չուներ՝ հակառակ ամերիկյան կողմի պրոպագանդայի, նման բան իրականում չկար: Սա ընդամենը պրովոկացիա էր ԱՄՆ-ի կողմից՝ Իրաքում պատերազմ հրահրելու համար: Չի բացառվում, որ նոր ընտրվող նախագահի խորհրդատուները նրան համոզեն, որ այլևս պետք չէ հապաղել, անհրաժեշտ է հարձակողական ռազմական գործողություններ ձեռնարկել աշխարհի տարբեր հատվածներում, որովհետև ամերիկյան տրամաբանությունը հուշում է՝ որքան երկար սպասենք, որքան շատ ժամանակ անցնի, Ռուսաստանն ու Չինաստանը հզորանալու են՝ ավելի ու ավելի դժվարացնելով իրենց գործը:

Հենց այս տրամաբանությունից ելնելով՝ առաջիկայում, նոր նախագահի ընտրությամբ, կարող են ակտիվանալ ամերիկյան վերահսկողությամբ ռազմական հարձակումները: Ես մեծ վախ ունեմ, նայեք՝ իրականում Չինաստանը ներքուստ չափազանց տոկուն երկիր է, և ներխուժել այդ երկրի ներսը՝ չափազանց դժվար հաղթահարելի նախաձեռնություն կարող է թվալ: Չի բացառվում, որ ԱՄՆ թիրախում հայտնվի հենց Ռուսաստանը, որ Չինաստանի համեմատ՝ այս պահին ավելի անբարենպաստ դիրքերում է: Օգտագործելով իր արևմտյան ռազմաբազաները, Ամերիկան կարող է հարձակում կազմակերպել հենց Ռուսաստանի դեմ, որն այնքան էլ լավ հեռանկարներ չի խոստանում: Այս կանխատեսումները գուցե շատերի համար ֆանտաստիկ թվան, բայց կգտնվի ԱՄՆ նախագահի՝ խելքը թռցրած մի թեկնածու, որ կարող է նման սցենարի գնալ:

– Պարոն Պուզեն, Ձեզ համարում են ինտերնետի հիմադիր կնքահայրը: Երբ Դուք նայում եք, թե ի՞նչ ուղիով է այսօր զարգանում ինտերնետը, առավել շատ ափսոոսո՞ւմ եք Ձեր հայտնագործության համար, թե՞ հպարտ եք:

– Գիտե՞ք, եթե ես էլ չլինեի՝ կգտնվեր մեկ ուրիշը… Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ հատվածին, ապա պետք է խոստովանեմ՝ գոհ չեմ ինտերնետի զարգացման ընթացքից և որակից: Եվրոպական կառավարությունները բացառապես անտեսեցին այս հարցում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելու ցանկացած հնարավորություն: Նրանք ուղղակի լքեցին մարտի դաշտը: Եվրոպայի համախառն ներքին արդյունքը համահավասար է ԱՄՆ-ի նույն տվյալներին և, այնուամենայնիվ, նրանք կարող էին զգալի դերակատարում ունենալ, թեև որոշեցին ընդհանրապես որևէ մասնակցություն չունենալ այդ հարցում:

– Ինչո՞վ էր պայմանավորված եվրոպական կողմի որդեգրած նման դիրքորոշումը:

– Պետք չէ մոռանալ՝ Եվրոպական միությունն իրենից երկայացնում է 27 պետությունների միություն, որոնցից յուրաքանչյուրի համար համաձայնության նշանը դրվում է մինիմալ սանդղակի վրա: Եվրոպական կառավարությունները չեն կարողանում տեսնել ինտերնետի ամբողջականությունը: Նրանք տեսնում են միայն ինտերնետի առանձին կոմպոնենտները, որը, սակայն, չի կարող ապահովել այն հզոր արդյունքը, որ ակնկալվում էր: Օրինակ, Ֆրանսիայի նախագահական ընտությունների ընթացքում նախագահի և ոչ մի թեկնածուի բերանից որևէ անգամ չլսեցի «ինտերնետ» բառը, երբեք չեն բարձրաձայնել: Նրանց խնդիրը միայն քվե ստանալն էր, առանց հեռահար ապագային ուղղված որևէ տեսլականի, միայն ու միայն անմիջական շահի՝ քվեի խնդիրն էր առաջնային շարքերում: Թեպետ Եվրոպայում ժողովրդավարական բարքեր են, բայց ընդունված կարծրատիպերը փոխելն իրականում այնքան էլ հեշտ գործ չէ՝ նույնիսկ այնտեղ:

– Կա՞ մի բան, որ Ձեզ ամենաշատն է անհանգստացնում՝ ապագային հայացք նետելիս:

– Ես, բնականաբար, համակրանք ունեմ Եվրոպական միության նկատմամբ, որովհետև ինքս եվրոպական երկրի բնակիչ եմ: Իմ կարծիքով՝ մեծ աղետ կլինի, եթե չկարողանանք կանխել տոտալիտար հասարակության ձևավորումը: Տոտալիտար երկրներին հատուկ է ժողովրդավար երկրի հագուստ կրելու, բայց ներքուստ ամբողջատեր լինելու ձգտումը: Մարդկանց արդարացի բողոքն ավելի է կարծրացնում նրանց համոզմունքները, ինչի վառ օրինակը տեռորիստական չվերջացող ակտերն են, որ սարսափի մեջ են պահում գերհզոր երկրներին, և ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ այն հարցին, թե ե՞րբ կավարտվի այդ դժոխքը, կամ ինչպե՞ս վերահսկել դրանից բխող վտանգները: Պատկերն իրականում հուսադրող չէ: Բավական է գտնել ընդամենը մի քանի մարդու, ովքեր պատրաստ կլինեն զոհաբերելու իրենց կյանքը՝ հանուն ինչ-որ գաղափարի, և ուրեմն տեռորիստական ակտերը շարունակական են լինելու… Դուք նկատե՞լ եք՝ ամեն անգամ, երբ նոր տեռորիստական ակտ է գրանցվում, սրանք ավելի են խստացնում օրենքները՝ այս ամենն իրականում վերածելով անվերահսկելի և անվերջ շարունակվող մի ցիկլի:

– Իսկապե՞ս այս տագնապը, որ դամոկլյան սրի պես կախված է Եվրոպայի գլխին, վերջ չունի, պարոն Պուզեն:

– Մինչև այն պահը, որ կգտնվեն մի քանի խիզախ մարդիկ, ովքեր կկարողանան տապալել այդ կառավարությունը, ինչպես դա արեցին, օրինակ, Թունիսում… Ամեն տարի մի տեղ իշխանություն է տապալվում, այնպես որ, դա այնքան էլ անիրականանալի հեռանկար չէ… (ժպտում է.- Ն.Մ.):

puzen-1

– 2012 թվականին Դուք, Ձեր տիկնոջ՝ Շանտալ Լեբրումենտի հետ, հիմնել եք նոր կազմակերպություն ՝« Open-Root»-ը: Ո՞րն է հիմա Ձեր կյանքի ամենակարևոր գործը։

Հիմա իմ կյանքի ամենակարևոր գործն ինտերնետն ավելի բազմազան դարձնելն է՝ հնարավորինս ձերբազատելով այն ամերիկյան գերիշխանությունից: Իմ առաջ խնդիր եմ դրել՝ ինտերնետն ավելի օգտակար դարձնել մարդկանց համար և որոշ խմբերին թույլ չտալ մյուսների հաշվին չափից դուրս հարստանալ: Հիմա ես ու իմ համախոհների թիմն աշխատում ենք ամերիկյան տիրապետության տակ գտնվող դոմեյններից առանձնանալու ուղղությամբ՝ ինտերնետ միջավայրի համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:

– Փաստորեն, Դուք այս տարիքում դեռ հեղափոխության ջատագովն ու մասնակիցն եք…

– Ինչ որ առումով այո… (ժպտում է.- Ն.Մ.):

– Պարոն Պուզեն, Ձեր ապրած կյանքից ի՞նչ դաս կարող են քաղել Ձեր շրջապատող մարդիկ:

– Պատճառ չկա, սեփական կյանքի համար դասեր քաղեք մեկ ուրիշ ապրած կյանքից: Ամեն մարդ պետք է ինքնուրույն գտնի իրեն հոգեհարազատ արժեքները, սկզբունքներն ու առաջնահերթությունները: Իմ կարծիքով՝ մոդելային կերպար որդեգրելն ու դրան հետևելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ ամեն մարդ տարբեր հնարավորություններով ու ընդունակություններով է ծնվում: Ինքս էլ երբեք նման կերպար չեմ ունեցել, որին կհետևեի կյանքիս ընթացքում: Պարզապես, միշտ սիրել եմ աշխատել մարդկանց հետ ու մարդկանց համար՝ ավելի ուրախ դարձնելու համար նրանց կյանքը:

puzen-2

– Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

– Եթե ուզում ես որևէ ձեռնարկի մեջ հաջողության հասնել, ապա պետք է հավաքել համախոհների հավատարիմ թիմ, ովքեր քեզ հետ ու քո չափ ուրախ կլինեն անելու այն, ինչ դու ես նախաձեռնել: Սրան հասնելու համար հավասար չափով պետք է սիրել ու գնահատել քո շուրջ համախմբված ու քեզ հավատացող համախոհների նվիրումն ու ջանքերը: Այլ գաղտնիք չկա:

– Եվ վերջին հարցս, պարոն Պուզեն, եթե Դուք իմանայիք, որ ինտերնետն ունենալու է այն դեմքն ու գործառույթները, ինչ ունի այսօր, կստեղծեի՞ք այն:

– Եթե իմանայի՝ այսպես է լինելու, մեկ այլ ոլորտում գործունեություն կծավալեի: Համենայնդեպս, համոզված չեմ, որ նույն գործը կանեի, բայց իմանալ՝ հետո ի՞նչ է լինելու, մի քիչ հռետորական է հնչում, այլ կերպ ասած՝ անհնարին: Այնպես որ, ժամանակին ես երջանիկ էի ու հպարտ իմ կատարած հայտնագործությամբ:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հարցազրույցն անգլերենից թարգմանեց Արամ Բայանդուրյանը

Տեսանյութեր

Լրահոս