Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Իսրայելական ավիահարվածների հետևանքով ուրբաթ Լիբանանում վեց մարդ է զոհվել՝ չնայած գործող հրադադարին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները։
«Ապրիլի 24-ին, Լիբանանի հարավին իսրայելական թշնամու հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության տվյալների, երկու մարդ սպանվել է Վադի ալ Հուջայրում, երկուսը՝ Տուլինում, և մեկական մարդ՝ Սրիֆայում ու Յատերում։ Բոլոր բնակավայրերը գտնվում են Լիբանանի հարավում։
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) ուրբաթ հայտնել են, որ ինդոնեզացի զինծառայողը մահացել է հիվանդանոցում՝ մարտի 29-ին իրենց բազայի վրա կատարված հարձակման ժամանակ ստացած վերքերից։
UNIFIL-ի տվյալներով, մարտի 29-ի հարձակման ժամանակ մեկ ինդոնեզացի զինվոր սպանվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի անցկացրած նախնական հետաքննությունը պարզել է, որ զինվորը սպանվել է իսրայելական տանկի արկից։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, իսրայելական բանակը հայտարարել էր, որ վեց մարդ է սպանել Լիբանանի հարավային Բինթ Ջբեյլ քաղաքում, որտեղ ապրիլի 17-ի հրադադարին նախորդած օրերին կատաղի մարտեր էին ընթանում իսրայելական զորքերի և «Հեզբոլլահ» շարժման միջև։ Իսրայելական բանակը պնդում է, որ Բինթ Ջբեյլում սպանված բոլոր վեց անձինք «Հեզբոլլահի» գրոհայիններ էին։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, մարտի 2-ի դրությամբ պատերազմի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է 2491 մարդ։



