«Ոտքի՛, հայ ժողովուրդ. Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է». Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել, որով կոչ է անում. «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:
Օպերային դիցուհուն բարկացրել է քաղաքացիներիս՝ պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»:
Ո՛չ ավել, ո՛չ պակաս, Հանրային Առաջին ալիքի եթերում, հավանաբար՝ ռաբիս երաժշտության ջատագովների ջանքերով մեկնարկած նախագծում այսուհետ լավագույնի տիտղոսին արժանանալու համար կմրցեն ռաբիս երաժշտության ներկայացուցիչները: Եվ այս ամենը, հավանության արժանանալով պետական բյուջեից սնվող և ֆինանսավորվող հեռուստաընկերության ղեկավարության կողմից, պարտադրաբար կդառնա մեր ամենօրյա իրականության մի մասը:
Հեծանիվ չենք հայտնաբերի, եթե փաստենք, որ ռաբիսը միշտ է եղել, կա ու մնալու է, բայց դրա տեղն իր բնում է՝ հանրայինից հեռու վայրերում՝ հատուկ այս կարգի մշակույթը սիրող ու երկրպագող մասսաների համար, ո՛չ երբեք բեմում ու առավել ևս՝ Հանրային Առաջին ալիքի եթերում: Ժամանակին «Շարմ» ընկերությունը «Մեր բակը» ֆիլմերի միջոցով հրապարակայնացրեց, լեգալ իրավունքներ շնորհեց, եթերներ և բեմ բարձրացրեց ժարգոնը, նույն կերպ էլ այսօր հերթը ռաբիսինն է…
Հատուկ այս նախագծի համար արհեստավարժ ժյուրիի կազմ է ընտրվել՝ Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը և ինչպես նախագծի անոնսում է հատուկ շեշտադրությամբ ընդգծվում՝ ժանրի նվիրյալներից մեկը՝ այս անգամ՝ Սպիտակցի Հայկոն, որ հանրային ալիքի եթերում անճաշակության ֆոնին փայլող ու ծամածռվող մասնակիցներին վարպետության դաս է կարդում՝ «Խաղերդ ավելի վստա´հ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր», և այլն:
Նախագծի վարումը վստահված է հումորիստ Աշոտ Ղազարյանին:
Մնում է միայն պարզել՝ ի վերջո, ովքե՞ր են արդյոք Առաջին ալիքում որոշումներ կայացնող, գեղարվեստական ստանդարտներ նախանշող և իրականացնող անձինք, ինչպե՞ս են նրանք հայտնվել Հանրային հեռուստաընկերության պատերից ներս, և ինչպե՞ս է նրանց հաջողվել հավանություն ստանալ և մեկնարկել ստորև ներկայացված նախագիծը:
Թերևս, ոչինչ չի մնում ավելացնելու, քան հեղինակ-կատարող, ամերիկաբնակ Արմեն Մովսիսյանի արձագանքն է՝ օպերային դիցուհու գրառմանը. « Հին հայտնի սկզբունք է՝ հաց և զվարճանք, նոր բան չկա, մեր բոշաներն էլ 5000 դրամով ծախվողի քիմքին համապատասխան զվարճանք են տալիս, հացի հարցը մի քիչ լավ չի ստացվում….»: