«Կարևոր է, որպեսզի Սարգսյան-Ալիև հունիսյան հանդիպման ընթացքում անվտանգության մեխանիզմների հարցում վերջնական որոշումներ կայացվեն». Ցինցաձե

«Նախագահների հունիսյան հանդիպումը ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար կարող է որոշիչ դառնալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին։

Նա կարևորեց Արևմուտքի պատրաստակամությունը նախագահներ Սարգսյանի ու Ալիևի Վիեննայի հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ըստ նրա, առանց նման հանդիպման իրավիճակը հակամարտության գոտում կարող էր բոլորովին այլ և անկանխատեսելի ընթացք ունենալ։

«Սակայն ամերիկյան կողմը հետևողական է անվտանգության միջոցներ շփման գծում ներդնելու հարցում, ինչը կարող է ապահովել բանակցային գործընթացում հաջողությունը, քանի որ բանակցային գործընթացը կշարունակվի առանց պատերազմական գործողությունների, որը կողմերի միջև վստահությունը գուցեև վերականգնի։ Այս տեմպը պահելու նպատակով ԱՄՆ-ը պետք է շարունակի իր ակտիվությունը՝ կողմերին թույլ չտալով տրվել թշնամական տրամադրություններին, և կարգավորել հակամարտությունը։ Շատ ավելի ակտիվ ու նախաձեռնողական պետք է լինել, ինչը կառուցողական կլինի, դրա վառ ապացույցը Վիեննայում կայացած հանդիպումն էր, որի ընթացքում Արևմուտքը համախմբեց իր բոլոր ուժերը, ներգրավելով ոչ միայն՝ համանախագահ երկրներին, այլև՝ Գերմանիային, ԵՄ-ին։

Սա շատ կաևոր էր։ Կարևոր է նաև, որպեսզի հաջորդ՝ հունիսյան հանդիպմանը, լիահույս եմ, որ այն կկայանա, համանախագահներին կհաջողվի կողմերի հետ վերջնականապես համաձայնեցնել անվտանգության մեխանիզմների հարցը, որից հետո միայն հնարավոր կլինի առաջ շարժվել բանակցային գործընթացում»,- ասաց Ցինցաձեն։

Նրա համոզմամբ, սա չափազանց կարևոր է, քանի որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները չեն ընթանում լարման մեղմացման ուղղությամբ, ինչը Ռուսաստանին առիթ է տալիս ավելի մեծ լծակներ բանեցնել Արևմուտքի դեմ, որոնցից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է։ Թեև, նրա խոսքով, տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանը որոշակի զիջումների է գնում Արևմուտքի հետ հարաբերություններում, սակայն դա թյուրըմբռնում է։ «Տեսեք՝ ինչ է կատարվում Սիրիայում, ինչն ապացուցում է, որ Ռուսաստանը զիջումներ անելու և Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք չունի։ Սա պետք է ուղերձ լինի Արևմուտքի համար, որը պետք է զգոն լինի մյուս բոլոր լարվածության օջախներում»,- նկատեց Ցինցաձեն։

Տեսանյութեր

Լրահոս