«ՀԱԿ-ի վերջին հրապարակումից հետո՝ ես կաշխատեմ քիչ շփվեմ իրենց հետ: Որպես նախկին գործընկեր՝ իրենց բարոյական չեն պահում». Լյուդմիլա Սարգսյան
«Տպավորություն կա, որ այնպես են խճճել, որ ոչ մեկը ոչինչ չհասկանա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ դեռ չի հասցրել խորությամբ ծանոթանալ նախագծին, բայց կարծում է՝ այդ Ընտրական օրենսգրքի մասին խոսակցությունները բավականին ծավալուն պետք է լինեն, ու կարծում է՝ այստեղ ընդդիմությունը լուրջ անելիք ունի:
Մեր այն հարցին, թե՝ կմիանա՞ք ՀԱԿ-ի նախաձեռնած առաջարկությունների միասնական պլատֆորմին՝ Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ճիշտն ասած, ՀԱԿ-ի վերջին հրապարակումից հետո newsline-ում, ես կաշխատեմ քիչ շփվել իրենց հետ»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ չե՞ք միանա այդ առաջարկությունների պլատֆորմին, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Կմտածեմ, բայց պետք է ասեմ, որ որպես նախկին գործընկեր՝ իրենց բարոյական չեն պահում»: