Բաժիններ՝

Ո՞ւմ «թեթև» ձեռքով է «Հյուսիս-Հարավ» ֆիլմը ժամանակից շուտ հայտնվել համացանցում. Պարզաբանում է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը. Aysor.am

Բոլորովին վերջերս մեծ էկրան բարձրացած «Հյուսիս-Հարավ» կինոկատակերգությունն օրեր առաջ ուրախացրեց այս ֆիլմի համար դեռևս կինոթատրոններ չայցելած երկրպագուներին: Իհարկե, փոքր-ինչ անհավանական ու զարմանալի էր, որ այն մեծ էկրաններից դեռ չիջած՝ հայտնվում է համացանցում՝ հասանելի դառնալով բոլորին: Չէ՞ որ կոմերցիոն տեսանկյունից դա բոլորովին նպատակահարմար չէ, ավելին՝ ֆինանսական վնասն ակնհայտ է:

Aysor.am-ը ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ էր պայմանավորված նման շտապողականությունն ու մեր օրերի համար՝ անհավանական շռայլությունը:

«Որոշ մարդիկ, ում ձեռքում հայտնվել է ֆիլմն, օրենքի խախտում են արել՝ ֆիլմը տեղադրելով համացանցում, ինչի համար կպատժվեն: Նա, ով առաջինն է այդ քայլն արել, արդեն իսկ բացահայտվել է, իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել կամ առաջիկայում կհարուցվի՝ դեռ չգիտեմ, և, վստահ եմ՝ օրենքի ողջ խստությամբ կպատժվի: Որպես ռեժիսոր՝ ինձ համար մեկ չէ այդ ֆիլմի ճակատագիրը, սակայն այդ հարցով զբաղվում է «Շարմ» ընկերությունը, որին որ պատկանում են ֆիլմի իրավունքները:

Սա շատ կարևոր նախադեպ կլինի բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կմտածեն այդպիսի չմտածված քայլերի կամ խարդախությունների դիմելու մասին: Չեն գիտակցում, որ մարդիկ երկարատև աշխատանք են տարել, մեծ գումար են ծախսել, որը պետք է հետ բերել, որպեսզի կարողանան այդ գումարով ևս մեկ ֆիլմ նկարել: Եթե ուզում էիր ինքդ նայել՝ նայեիր, ինչո՞ւ էիր տարածում ինտերնետում»,- վրդովված նշել է ռեժիսորը:

Նա այս քայլը որակել է որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ ՝ գողություն:

«Փառք Աստծո, հանցագործության այս տեսակի համար ունենք օրենք, պատիժ պետք է կրի ցանկացած մարդ, ով կխախտի օրենքը: Ու թող այդ մասին բոլորն իմանան, որպեսզի այլևս զգուշանան նման չարագործություններ անելիս: Ամենից կարևորն այն է, որ բոլորն իմանան, որ նա իր պատիժը կրել է: Դա կարևոր է ոչ միայն իր նմանների համար, այլև նրանց, ովքեր ցանկանում են այս երկրում մի բան արտադրել: Մարդիկ գոնե կհասկանան, որ իրենց իրավունքները պաշտպանված են»,-եզրափակել է Դավիթ Բաբախանյանը:

Aysor.am-ը փորձել է նման խառնաշփոթ առաջացրած անձի և նրա դեմ ձեռնարկած քայլերի մասին տեղեկություններ ստանալ «Շարմ» ընկերությունից, սակայն նրանց կողմից մեկնաբանություն չեղավ՝ պատճառաբանությամբ, որ այն կխանգարի գործի քննությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս