Որքան գումար է պետք Հայաստանում երջանիկ լինելու համար

– Ասացեք ինձ, Շուրա, միայն անկեղծ, որքա՞ն գումար է ձեզ պետք` երջանիկ լինելու համար։

– 100 ռուբլի։

– Ոչ, դուք ինձ սխալ հասկացաք։ Ոչ թե այսօրվա համար, այլ ընդհանրապես: Երջանիկ լինելու համար, որ ձեզ լավ զգաք:

– Լիակատա՞ր երջանկության համար…

– Այո:

– 6400 ռուբլի…

Անկասկած, շատերն են հիշում այս երկխոսությունը Բենդերի և Շուրայի միջև` «Ոսկե հորթը» ֆիլմից։ Շատերի դեմքին էր ժպիտ առաջացնում այն, որ գրպանահատ հերոսը կարճ` մեկ-երկու վայրկյանանոց հաշվարկից հետո այդպես կոնկրետ որոշում էր` իրեն որքան է պետք։

Սակայն պարզվում է` նման հարցեր ոչ միայն Բենդերն էր տալիս։ Նման հարց տալիս են հայրենի վիճակագիրները մեր համաքաղաքացիներին։ Հետո, պատասխանները ընդհանրացնելով, ստանում ընդհանուր պատկերը` ամսական որքան գումար է պետք լավ ապրելու համար։

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որին արդեն անդրադարձել ենք։ Այդ զեկույցում կա մի առանձին բաժին, որը կոչվում է «աղքատության սուբյեկտիվ գնահատականը»։

Այսինքն, բացի սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականից, ԱՎԾ-ն ներկայացնում է նաև քաղաքացիների սուբյեկտիվ գնահատականները` անհատների անձնական տեսակետներն իրենց իսկ բարեկեցության վերաբերյալ։

Հարցերից մեկը հետևյալն է` ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ` լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։ Արդյունքները, ըստ 2008 և 2014թթ. հետազոտությունների, բերված են աղյուսակ 1-ում։

Ինչպես տեսնում եք, մեր հայրենակիցները պատասխանել են, որ շատ լավ ապրելու համար Հայաստանում մեկ շնչի հաշվով անհրաժեշտ է 1 մլն 297 հազար 693 դրամ կամ շուրջ 3120 դոլար։ Այսինքն` 4 հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը պետք է կազմի շուրջ 13 հազար դոլար։

Առաջին հայացքից, թվում է` շատ մեծ թիվ է։ Սակայն մարդիկ նկատի ունեն ոչ թե լավ ապրելը, այլ շատ լավ։ Իսկ դա ենթադրում է լավ բնակարան` իր բոլոր ծախսերով հանդերձ, լավ մեքենա, լավ կրթություն, բրենդային հագուստներ, համեղ սնունդ, այդ թվում` ռեստորաններում, մշակութային և ժամանցի վայրեր, տարվա մեջ առնվազն 2 անգամ հանգիստ արտերկրում, մի քանի անգամ` հանգիստ Հայաստանում, և այլն։ Մի խոսքով, մեր հայրենակիցները կարծում են, որ Բենդերի «ոսկե սկուտեղի» վրա ամսական 13 հազար դոլարը լիովին բավարար է` երջանիկ լինելու համար։

table01 table02

Ընդ որում, 5 տարի առաջ սկուտեղի վրա կարող էր լինել ամսական 9400 դոլար (2350 դոլար` մեկ անձի հաշվով)։ Այսինքն` մեր հայրենակիցները համոզված են, որ էլիտար հաճույքները վերջին 5 տարվա ընթացքում թանկացել են 32%-ով։

Լավ ապրելու համար (ոչ այնպես, ինչպես վերևում) պահանջներն ավելի համեստ են` ամսական 294 հազար դրամ կամ 707 դոլար։ Այսինքն, 4 հոգանոց ընտանիքը` ամսական մոտավորապես 2800 դոլարով Հայաստանում կարող է չնեղվել և իրեն համարել միջինից բարձր կենսամակարդակով ապրող։

Իսկ գոյատևելու համար մեկ անձին անհրաժեշտ է 85 231 դրամ կամ 205 դոլար։ Այսինքն` սովամահ չլինելու և նվազագույն կարիքները հոգալու համար հայաստանյան 4 հոգանոց ընտանիքին անհրաժեշտ է ամսական 341 հազար դրամ կամ 820 դոլար։
Հիշեցնենք, որ սրանք հենց հարցման մասնակիցների նշած թվերն են։ Ու թեպետ մեթոդաբանության տեսանկյունից այս գնահատականները համարվում են սուբյեկտիվ, սակայն բովանդակային առումով, թերևս, ավելի օբյեկտիվ են։

Մեկ շնչի հաշվով 85 հազար դրամը, իհարկե, շատ չէ։ Զարգացած երկրների համեմատ` սա անգամ ծիծաղելի փոքր գումար է։ Սակայն, նույն զեկույցի համաձայն, 2014 թվականին տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը կազմել է 49.5 հազար դրամ։ Այսինքն, մեր համաքաղաքացիների մեծ մասը, ինչպես երևում է, կրկնակի քիչ եկամուտ ունի, քան բավարար է «յոլա գնալու» համար։

Հետաքրքիր է նաև այն, թե ՀՀ տնային տնտեսությունները ո՞ր խնդիրներն են առավել առաջնային համարել` նվազագույն կարիքները հոգալու տեսանկյունից։

Առաջին տեղում 35%-ով ոչ պարենային առաջնային կարիքներն են (ասենք` ավտոմեքենա, տեխնիկա և այլն)։ Հարցման մասնակիցների 19.6%-ի համար առաջնային է բնակարանային հիմնահարցը, 14%-ի համար` սննդի ապահովումը։ Առողջության հետ կապված խնդիրների լուծումն առաջնային է 7.3%-ի համար, իսկ երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու խնդիրը` 2.5%-ի համար։

Իսկ քանի՞ տոկոս են կազմում ՀՀ այն բնակիչները, որոնք ոչ միայն այս նվազագույն կարիքները հոգալու խնդիր չունեն, այլև իրենց համարում են շատ լավ ապրող։ Նման թիվ ԱՎԾ-ն չի ներկայացրել։ Փոխարենը` դրա նման մեկ այլ տվյալ է ներկայացրել` քանի՞ տոկոսն են իրենց համարում հարուստ կամ աղքատ (աղյուսակ 2)։ Ըստ հարցման արդյունքների` Հայաստանում իրենց հարուստ համարել են հարցման մասնակիցների 0.1%-ը։ Եթե դա դիտարկենք ամբողջ բնակչության կտրվածքով (ՀՀ մշտական բնակչության թիվը մոտ 3 միլիոն է), ապա կստացվի, որ Հայաստանում իրենց հարուստ են համարում 3000 հոգի։

Նույն հարցման համաձայն` իրենց ծայրահեղ աղքատ համարում են 2.4%-ը (72 հազար մարդ), աղքատ` 14.6%-ը (438 հազար մարդ), միջինից ցածր` 42.3%-ը (1 մլն 269 հազար մարդ)։ Այսինքն, ՀՀ բնակչության մոտավորապես 60%-ը, ըստ էության, դժգոհ է իր կենսամակարդակից և համարում է, որ անգամ միջին մակարդակի «չի ձգում»։
Ավելացնենք նաև, որ կենսամակարդակը միջին է գնահատել հարցման մասնակիցների 36.5%-ը, միջինից բարձր` 4.1%-ը։

Տեսանյութեր

Լրահոս