«Չգիտեմ՝ Գինեսի գրքում գրանցվե՞լ ենք, թե՞ դեռ ոչ, բայց միակն ենք». Էդվարդ Սանդոյան

Ազգային ժողովն անցած քառօրյա նիստերի ժամանակ հավանության արժանացրեց Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցը, և օրեր անց Սերժ Սարգսյանի հրամանագրով հանրաքվեն նշանակվեց դեկտեմբերի 6-ին։ Թե ինչպե՞ս կազդեն այս փոփոխությունները տնտեսության վրա, «168 Ժամը» զրուցեց տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ։

– Պարոն Սանդոյան, ի՞նչ եք ակնկալում սահմանադրական փոփոխություններից։

– Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ և չէի ցանկանա մտնել սահմանադրական իրավունքի տեսական ոլորտ։ Խնդրո առարկան հեռու է իմ մասնագիտական տեսադաշտից, հետևաբար` կարծիք հայտնելիս կարող եմ սխալվել և հայցում եմ ընթերցողի ներողամտությունը։ Ամեն դեպքում, տնտեսագիտության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա իմ շատ սուբյեկտիվ կարծիքով` կա 4 վտանգ։ Առաջինը` այն երկրներում, որտեղ դեռ կայացած չեն տնտեսությունը, ինստիտուտները, հարաբերությունները հիմնվում են շատ հաճախ ոչ ֆորմալ ինստիտուտների և արժեքների վրա, նման փոփոխությունները երկրորդական են, ավելի կարևոր է ինստիտուտների կայացումը։ Իսկ այս անցումային փուլում ինստիտուտները կարող են կայանալ, երբ կա ուղղահայաց կառավարման կառուցվածք` օժտված որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու հնարավորություններով։

Շատ հաճախ մեզանում օրենքները չեն իրականանում ոչ միայն այն պատճառով, որ լավը չեն, այլև այն պատճառով, որ չկա դրա պարտադրանքի ինստիտուտը։ Այն ամբողջությամբ հնարավոր չէ տեղափոխել դատական համակարգ, այստեղ պետք է ունենալ և՛ մշակույթ, և՛ կառույցներ, նաև վարչական ռեսուրս։ Այս իմաստով, կարծում եմ` նախագահական համակարգը մեզ դեռ 10-20 տարի անհրաժեշտ է։

Երկրորդ. Ինչպե՞ս կարող է զարգանալ գործընթացը։ Ասում են` անցում են կատարում խորհրդարանական համակարգի, սակայն, իմ կարծիքով` այն, ինչ ուզում ենք անել, խորհրդարանական չէ։ Ավելի շատ, պայմանականորեն ասված, կուսակցական համակարգ է, որտեղ իշխող կուսակցությունը, ինչպես ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ-ն էր, կարող է շատ լուրջ կայուն ռեսուրս ձեռք բերել և կառավարել ամբողջ երկիրը։ Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում, այն սահմանադրական ինստիտուտ չէ, ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ գործադիր իշխանություն է։

Այն կուսակցություն է, որը կարող է կուլիսներից դուրս գործել, և այն դեմքը, որ կլինի այդ կուսակցության ղեկավարը, կարող է դառնալ ստվերային միանձնյա երկրի տեր ու տիրական։ Այդպիսին էր Ստալինը, այդպիսին էր Բրեժնևը, այդպիսին էին խորհրդային տարիներին գործող բոլոր գլխավոր քարտուղարները։ Մենք կարող ենք ստանալ նման մոդել։ Մենք չունենք կուսակցականության կայացած ինստիտուտ, չունենք մշակույթ, մեզանում կուսակցությունները կուսակցություն չեն, դրանք իշխանությունը ներկայացնող ուժ են, որտեղ հավաքագրվում են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն պաշտոն կամ ձգտում են պաշտոնի, դրանք վերջում դառնում են միասնական ինչ-որ մի ինստիտուտ, որ ունեն բոլոր հնարավոր ռեսուրսները` և՛ ֆինանսական, և՛ իշխանական, ու շատ դժվար է ազատվել այդ համակարգից, որովհետև չկա կուսակցական մրցակցություն այնպես, ինչպես մեր տնտեսությունում չկա մրցակցություն, գերիշխող դիրք են գրավում մի քանի տնտեսվարողներ։

Սա շատ վտանգավոր է։ Մենք չունենք ավանդական կուսակցություններ, որոնք հարյուրավոր կամ տասնյակ տարիներ գործել են, բնակչությունը տարանջատում է մեկը մյուսից։ Օրինակ` ես չեմ կարող գտնել որևէ լուրջ տարբերություն ՀՀԿ-ի, նախկինում` ԲՀԿ-ի, որ հիմա հայտնի չէ, թե ինչ է դարձել, ՕԵԿ-ի կամ մյուսների գաղափարախոսությունների միջև։

Տարբերությունը միայն անձինք են, որոնց եթե հանենք, մնացածը հայտնի չէ։ Միակը խոշոր կուսակցություններից, որ կարծես թե տարբերվում է, ՀՅԴ-ն է, որը, սակայն, ես կուզենայի տեսնել ժողովրդավարական, սոցիալիստական կուսակցություն, որովհետև նրանց 100-ամյա պատմությունն այդ հենքի վրա է կայացել։ Բայց, ցավոք, ՀՅԴ-ն Հայ Դատից այն կողմ ազգային որևէ այլ գաղափարախոսություն չի փորձել վերջին տարիներին զարգացնել։ Մնացած այլ կազմավորումներն անվանել կուսակցություն` ես կվախենայի։ Մենք այս դաշտում ձևավորում ենք մի նոր կառուցվածք, որտեղ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է լինելու մրցակցությունը` ընտրությունները։

Գաղափարների պայքար չկա, և մենք մեղավոր չենք, այլ երկրներում դա դարերի ընթացքում է ձևավորվել։ Այսինքն` մենք ԱԺ դերն ուժեղացնում ենք, իշխանական լծակները մեծամասամբ տեղափոխում ենք վարչապետի ինստիտուտ, թողնում ենք ընդամենը մեկ առաջնային մանդատով օժտված ինստիտուտ` ԱԺ-ն, երկրի նախագահի և վարչապետի ինստիտուտները դառնում են ածանցյալ, բայց օժտված լիարժեք գործառույթներով։ Սակայն 2 փուլով ընտրվող ԱԺ-ի գործոնն էլ լավ հասկանալի չէ և, կարծես, նպատակ ունի ապահովելու ՀՀԿ-ի կայուն իշխանություն։

Բնական է, որ ՀՀԿ-ն ցանկություն ունի պահպանել ու ամրապնդել իր դիրքերը։ Ցանկացած երկրում ցանկացած ուժ ձգտում է դրան, և այստեղ խնդիր չկա։ Խնդիրն այդ կոնստրուկցիայի մեջ է, թե ինչպես պետք է մրցակցեն քաղաքական մյուս ուժերը։ Արդյունքում, օրինակ, Վրաստանում ժամանակից շուտ անցան այս մոդելին, և ո՞վ է այսօր Վրաստանի Հանրապետությունում այն անձը, որ համարվում է երկրի ղեկավար. չկա այդ մարդը։ Վրաստանի նախագահն անհասկանալի դեր ունեցող պայմանական ֆիգուր է, վարչապետն ավելի լայն իրավունքներ ունի ու օժտված է գործադիր իշխանությամբ, բայց միանձնյա ղեկավար չէ։

Եվ ո՞վ է այսօր Վրաստանի թիվ 1 անձը` Բիձինա Իվանիշվիլին, ով ոչ մի պաշտոն չի գրավում, ուղղակի տանը նստած` բոլոր լծակներն իր ձեռքում են, իսկ ձախողելու դեպքում ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Սա` երրորդ վտանգը։

Եվ չորրորդ` մենք պատերազմող պետություն ենք, որի մասին մոռանում ենք։ Պատերազմող պետությունը պետք է ունենա մոբիլիզացիոն ինստիտուտներ և ռեսուրսներ, այսինքն` պետք է լինի մեկը, ով կարող է և իրավունք ունի մի վայրկյանում որոշումներ կայացնել։ Այլապես, անհրաժեշտության դեպքում, մինչև ԱԺ-ն հավաքվի, օրերով քննարկեն, մենք կարող ենք մի տարօրինակ իրավիճակում հայտնվել։ Այնինչ, մենք ունենք ռիսկեր, որոնք պահանջում են միանձնյա ղեկավարի առկայություն։ Համամիտ եմ, որ այդ միանձնյա ղեկավարը չունենա շատ մեծ իշխանություն, դրան պետք է լինեն լուրջ հակակշիռներ, օրինակ` անհամեմատ խիստ զարգացնել և ուժեղացնել ԱԺ-ի դերը, կամ վարչապետը հենց ինքը երկրի նախագահը լինի։ Այս հակակշիռները կստեղծեին այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, որ իբր նախագահականից անցնեք խորհրդարանականի, լավ կլինի։

Բայց այս նախագիծը խորհրդարանական չի նշանակում, այլ կիսավարչապետական համակարգ է, բայց կրկին վարչապետն ու նախագահը կախված են ԱԺ-ից, ԱԺ-ն էլ կախված է իշխող կուսակցությունից, որն էլ` մի մարդուց, ով Իվանիշվիլիի նման կարող է տանը նստել ու կառավարել երկիրը։ Չեմ կարծում, որ այսօր մենք դրան պատրաստ ենք, ես ռիսկեր եմ տեսնում։

– Կառավարման նման համակարգի պայմաններում մեր տնտեսությունում առկա բացասական երևույթները կխորանա՞ն, թե՞ դրական փոփոխություններ կլինեն։

– Մեր տնտեսությունում ամենաբացասականը կենտրոնացումն է։ Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները, որոնք արդեն վաղուց ունեն նաև քաղաքական իշխանություն, արդեն մաս են կազմում երկրի պետական կառավարման համակարգի։ Եթե մենք այսօր ունենք ՀՀ նախագահ, և ինչ-որ առումով նա կարող է հանդիսանալ զսպող ուժ, ապա կառավարման համակարգի լղոզման արդյունքում, երբ թուլանում են բոլոր ինստիտուտները, նրանց զսպելը կլինի էլ ավելի դժվար։ Շուկայական իշխանությունը քաղաքական իշխանությունից ավելի հզոր և ավելի կայուն է։

Այսօր այն գերիշխող ներմուծողի իշխանությունը, որը գրավել է շուկայի որոշակի հատվածը, ու այդտեղ ինքը և՛ կառավարողն է, և՛ գների սահմանողը և, ըստ էության, խաղի կանոնները որոշողը, նրա հզորությունն ու իշխանությունն անձեռնմխելի են։ Որովհետև, եթե քաղաքական որևէ ուժ կամ պաշտոնյա ունի քաղաքական իշխանություն, նույնիսկ մեր տիպի երկրներում, ի վերջո, փոխկապակցված է ժողովրդի հետ և մեծ բողոքի դեպքում կարող է կորցնել քաղաքական իշխանությունը։ Իսկ շուկայական իշխանությունն անհնարին է կորցնել, և որքան զարգանա մեր երկրի ինստիտուցիոնալ հենքը` այնքան անհնարին կդառնա։ ԱԺ նախագահին, վարչապետին կարելի է հանել, նախագահին վերընտրել, բայց սեփականատիրոջը վերընտրել չի կարելի, նա մասնավոր սեփականատեր է։

Ահա թե ինչու աշխարհի ժամանակակից երկրները վաղուց հասկացել են, որ չի կարելի թույլ տալ շուկայական իշխանություն և բարձր կենտրոնացում ընդհանրապես։ Կարելի է թույլ տալ անկատար մրցակցություն այն ոլորտներում, որոնք միտված են դեպի արտահանում, արտադրական են, օրինակ` ես մեծագույն արտոնյալ դաշտ կստեղծեի բոլոր արտադրող ձեռնարկությունների համար, այդ թվում` ոչ միայն բարձր տեխնոլոգիական, այլև` մթերք արտադրող։

Արտահանման արդյունքը, նույնիսկ` ծխախոտի, կվայելենք բոլորս։ Իսկ ներմուծողները հիմնականում օլիգարխներն են, որ ավելի կուժեղանան, եթե նրանց զսպող լծակներով օժտված իշխանավոր` ի դեմս նախագահի, չլինի։ Ես վախենում եմ, որ նման պայմաններում կարող են վտանգներ առաջանալ։ Շատ կցանկանայի, որ մենք, ի վերջո, այս ամենն անեինք նախագահական համակարգի դաշտում` հզորացնեինք ԱԺ-ն, հակակշիռներն ուժեղացնեիք,

ԿԲ-ի, դատական համակարգի անկախությունն ամրապնդեինք, տարանջատեինք ինստիտուտները, այդ թվում` բանկային վերահսկողության և կարգավորման, իրականացնեինք ավելի արդյունավետ ժամանակակից քաղաքականություն, այդ թվում` հարկաբյուջետային, ինստիտուտների կայացման, հակամենաշնորհային, և այլն։ Այս ամենը չի արվել, իսկ վերջին 6 տարիներին իրավիճակը շատ վտանգավոր է դարձել, և պետք է շատ արագ սթափվել։ Սահմանադրությունն այս դաշտի խնդիր չէ։

– ԿԲ-ի վերաբերյալ փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում։

– ԿԲ-ն պարտադիր պետք է կառավարությունից անկախ մարմին լինի, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների գործունեության կարգավորման և վերահսկողության ազգային մարմինը` ԿԲ-ից և կառավարությունից։ Ի դեպ, Վրաստանում որոշում կայացվեց ու բանկային վերահսկողությունն առանձնացվեց Ազգային բանկից։ Սա հին բանավեճ է, աբսուրդ է, աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ ԿԲ-ն վերահսկում է կապիտալի, ապահովագրական շուկաները, կենսաթոշակային ու բանկային համակարգերը և այլն։

Չգիտեմ` Գինեսի գրքում գրանցվե՞լ ենք, թե՞ դեռ ոչ, բայց միակն ենք։ 9 տարի առաջ Ղազախստանում փորձեցին, բայց անմիջապես հրաժարվեցին։ Կապիտալի շուկան այն տեղն է, որտեղ ԿԲ-ն վերահսկելու լծակ չունի, պետք է ստանա ազդակներ, որպեսզի ճշգրիտ դրամավարկային քաղաքականություն վարի։ Իսկ այստեղ այն վերահսկողության օբյեկտ է, նույնն է թե` շուկայի տերը դու լինես, բայց ազդակները շուկայից ստանաս։ Այդպես չի կարելի։

Եվ երրորդը` այնուամենայնիվ մենք 2005 թ. Սահմանադրությունում մեծ սխալ ենք գործել` ԿԲ-ին թողնելով մի նպատակ և դա Մայր օրենքում ներառելով, որ ԿԲ-ն պատասխանատվություն է կրում բացառապես գների կայունության համար։ Մինչդեռ, ժամանակակից աշխարհում գնաճի պատասխանատուն չի կարող լինել միայն
ԿԲ-ն։ Գնաճը բազմագործոնային երևույթ է և բխում է ոչ միայն` դրամավարկային քաղաքականությունից, այլև` հարկաբյուջետային և այլ ինստիտուտների գործունեությունից։ Այսինքն` այստեղ կառավարությունն ու ԿԲ-ն համատեղ և համահունչ պետք է գործեն։ Բայց նոր Սահմանադրության նախագծով էլ ավելի են ամրապնդում այս թեզը։

– Մի վտանգավոր դրույթ էլ է մտնում` բիզնեսը կարող են խլել` հանրային շահից ելնելով։

– Ոչ, խնդիրը գերակա շահի ինստիտուտն է, որ լավ չի շարադրված, կարծում եմ, դա խմբագրման կարիք ունի։ Կա մարդու իրավունքների կոնվենցիա, որն աշխարհի բոլոր երկրներն ընդունում են` որպես հիմքերի հիմք։ Մարդու իրավունքների ոտնահարման մեխանիզմները Սահմանադրության մեջ չեն կարող տեղ գտնել։ Մարդու տնտեսական իրավունքները, այդ թվում` սեփականության, բիզնեսի, եկամուտների աղբյուրի, գույքի և այլն, չեն կարող սահմանափակվել, և, իհարկե, չեն կարող ինձ զրկել իմ սեփականությունից` գերակա շահերից ելնելով, առնվազն` առանց համարժեք փոխհատուցման։ Դրանք կհղկվեն ու կխմբագրվեն։

Տեսանյութեր

Լրահոս