ՀՀ-ի համար հեշտ չի լինի ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնել ՌԴ-ԵՄ հակամարտության պայմաններում. Յարոսլավ Շիմով

«ԵՄ-ն այսօր ունի երկու խնդիր` Հունաստան և Ուկրաինա»,- այս մասին այսօր հայ լրագրողների հետ առցանց մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության վերլուծաբան, պատմաբան, միջազգայնագետ Յարոսլավ Շիմովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ հեռանկար է տեսնում Ռիգայի գագաթնաժողովից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար՝ ՀՀ ԵՏՄ անդամակցության կոնտեքստում:

Շիմովն ասաց, թե չէր շտապի պնդել` ԵՄ-ն կրկին բացել է իր դռները Հայաստանի համար: Ըստ նրա` ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն» ծրագրի բոլոր անդամ երկրներին հուսադրում է իր հետ համագործակցության հեռանկարայնության հարցում, բայց ելնելով եվրոպական չինովնիկների հետ շփվելու իր փորձից՝ կարող է վստահեցնել, որ ԵՄ-ն առաջիկայում չի հետաքրքրվելու ընդլայնմամբ: «Ի վերջո, այսօր ԵՄ-ի ոտքերից, տպավորիչ ասած, երկու ծանր կշռաքար է կախված: Մեկը` Հունաստան, մյուսը` Ուկրաինա: Քանի դեռ այս երկրներում իրավիճակները փոքր ինչ չեն կարգավորվել, կարծում եմ, որ մյուս հետսովետական երկրները կարող են հուսալ միայն իրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության հարցում, կրթության ոլորտում, մասնակիորեն նաև տնտեսության: Այո, այն երկրների համար, որոնք արդեն միացել են ԵՏՄ-ին, խնդիր է առաջանում ինտեգրացիոն երկու մեխանիզմները համադրելու հարցում: Կարծում եմ, որ մի կողմից ԵՏՄ-ի առաջատար անդամ Ռուսաստանի և մյուս կողմից ԵՄ-ի միջև հարաբերությունների ընդհանուր կարգավորման բացակայության պայմաններում այս ոլորտում լուրջ բեկումների հասնելը հեշտ չի լինի»,- ասաց Շիմովը:

Տեսանյութեր

Լրահոս