Բաժիններ՝

ՀՀ ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին. ԿԲ

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է 2014 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

Բանախոսի դիտարկմամբ, մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակում է արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը: 2014 թ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, իսկ բանկային համակարգի ռիսկերից էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը, որը շարունակում է գտնվել կառավարելի շրջանակում:
Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:
2014 թ. ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ­ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղ­մանը: Վերջինիս նվազումն առավել ընդգծված է դրսևորվել հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ բացասաբար ազդելով նաև տնային տնտեսությունների եկամուտների վրա: ՀՀ տնտեսական աճի տեմպի ցածր մակարդակը պայմանավորված է եղել շինարարության ճյուղի անկմամբ, արդյունաբերական ճյուղում աճի բացակայությամբ և մյուս ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ:
ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղման և մասնավոր տրանսֆերտների նվազման, ինչպես նաև նախորդող տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում 2014թ. արձանագրվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ, որը, սակայն, գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: 2014թ. անվանական ՀՆԱ-ի աճի նկատմամբ բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշներն աճել են առաջանցիկ տեմպերով, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդության աճ: ՀՀ բանկային համակարգը 2014թ. ևս պահպանել է նվազագույն նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշներ՝ ռիսկերը պահպանելով կառավարելի շրջանակում:
Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում ևս դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:
Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում, սակայն կառավարելի են, և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս