Բաժիններ՝

Պետությունը ցմահ կհոգա Լևոն Տեր-Պետրոսյանի ծախսերը

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման դրվեց և միաձայն ընդունվեց «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:

Փոփոխությունների հիմնական իմաստն այն է, որ հանվում են տարիքային սահմանափակումները։ Եթե նախկին օրենքի համաձայն՝ ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ծախսերը կատարվում էին պետության հաշվին, բնակարանը, ավտոմեքենան և գրասենյակը տրամադրվում էին պետության կողմից՝ մինչև 70 տարին լրանալը, ապա այժմ առաջարկվում է օրենքից հանել «մինչև 70 տարին լրանալ» բառերը բնակարանը, մեքենան ու գրասենյակը տրամադրվել ցմահ:

Փոփոխությամբ սահմանվում է նաև պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը՝ գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը:

Նախագիծը կընդգրկվի վաղվա արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Հիշեցնենք, որ այս նախագիծը կառավարության հավանությանն էր արժանացել փետրվարի 5-ին։

Նախագիծը ներկայացնող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրել էր, որ հունվարի 9-ին լրացավ  առաջին նախագահի 70-ամյակը, և իրենք հայտնաբերեցին, որ նախկինում մշակված օրենքը փոփոխությունների կարիք ունի։

Դ. Հարությունյունյանի խոսքով, այդ սահմանափակումներն այն ժամանակ  համարվում էին շատ բնական: «Սակայն պարզ է, որ կյանքն այնպիսին է, որ 70 տարեկանում մարդ շարունակում է գործել, և դա ենթադրում է համապատասխան երաշխիքներ: Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է գրասենյակին: Օրենքով նախատեսված է, որ հանրապետության պաշտոնաթող նախագահին իր ցանկությամբ տրամադրվում է գրասենյակ, սակայն այդ գրասենյակը տրամադրվում է օգտագործման մինչև իր 70 տարին լրանալը, մենք առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը. այն պետք է տրամադրվի իր ցանկությամբ օգտագործման՝ ցկյանս»,- ասել էր Դավիթ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս