«Թումոն կարող է ֆինանսավորում ստանալ Իսրայելի համալսարաններից մեկի կողմից». Յիգալ Էրլիխ

Դիլիջանում մեկնարկած Բիզնես ինովացիոն ֆորումի առաջին օրվա պլենար նիստի հիմնական խոսնակներից իսրայելական «Յոգմա գրուպ» վենչուրային հիմանադրամի հիմնադիր եւ գործադիր ղեկավար Յիգալ Էրլիխը կարեւորեց Իսրայելի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ուժեղացումը։ «Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ, թե Իսրայելի եւ Հայաստանի միջեւ ինչ քաղաքական հարաբերություններ են ձեւավորված, սակայն քաղաքական ցանկացած հարաբերության դեպքում հնարավոր է տնտեսական կապերի ուժեղացումը,- ասաց պարոն Էրլիխը, – Ես երեկ այցելեցի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների դպրոց եւ պարզապես հիացա այնտեղի երիտասարդների ներուժով։ Նրանց տաղանդը կարող է օգտակար լինել ոչ միայն Հայաստանին, այլեւ Իսրայելին եւ այլ երկրներին։

Ինձ երեկ մոտեցավ ԹՈՒՄՈ-ի տնօրենը եւ ասաց, որ իրենց դպրոցը ֆինանսավորման կարիք ունի։ Ես ասացի նրան, որ Իսրայելի համալսարաններից մեկը կարող է ֆինանսավորել դպրոցը, որպեսզի բարձրացնի հայաստանյան համալսարանների ճարտարագիտական մակարդակը»։ Պարոն Էրլիխը նշեց, որ Իսրայելի կառավարության դերը հստակ է երկրի ծրագրերի ֆինանսավորման հարցերում։ «Մեզ մոտ շուկան սեփականաշնորհվում է միայն այն ժամանակ, երբ կառավարությունը հասկանում է, որ շուկան կարող է եւ առանց իրեն շարժվել», – շեշտեց պարոն Էրլիխը։

Տեսանյութեր

Լրահոս