«Փորձում էին Շանթի վրա ճնշում գործադրել, լռեցնել: Չստացվեց»

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Դատաքննությունն արդեն ավարտվել է, կողմերն անցել են դատական վիճաբանությունների փուլին:

Սեպտեմբերի 8-ին կայացած դատական նիստի ընթացքում ճառով հանդես եկավ գործով մեղադրողը, ով միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ որդուն՝ ՇահենՀարությունյանին՝ 5 տարի ժամկետով ազատազրկման: Նշենք, որ թե Շանթ Հարությունյանին, թե նրա որդուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս. ՔՕ այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով:

Մեզ հետ զրույցում Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանն ասաց, որ դատախազի միջնորդած պատժաչափերն իրենց համար անակնկալ էին.

Shant«Չէինք սպասում նման պատժաչափերի: Նույնիսկ փաստաբաններն էին անակնկալի եկել: Համենայնդեպս, ես չէի սպասում, որ Շահենի մասով ազատազրկման պահանջ կներկայացվի: Սա հաշվեհարդար է, դաժան հաշվեհարդար: Ինչպես գիտենք, Հայաստանում այդպես էլ չավարտվեց Սովետական Միությունը, և այն արդեն գործում է ուրիշ բռնատիրության ձևով, որն ընդհանրապես ոչ մի գաղափարներ չունի: ԿԳԲ-ն վերարտադրվել է, և նրանք շատ լավ գիտեն, թե ինչ կարող են սպասել Շանթի ընտանիքից: Նրանք ոխերիմ թշնամություն ունեն Շանթի ընտանիքի նկատմամբ: Հալածանքների ենթարկելով՝ փորձում են վերջնականապես արմատախիլ անել ազատության, արդարության համար մարտնչող տեսակը: Այդ տեսակից են նաև Շանթի հետ դատվող նրա ընկերները: Դրանով էր պայմանավորված այդքան մեծ պատժաչափերը»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ իշխանությունները դրածո են, և մեկ խնդիր ունեն՝ պահել իրենց աթոռը. «Ցանկացած ոք, ով կհանդգնի դուրս գալ իրենց աթոռի դեմ, իրենց իշխանության դեմ, նրանք դաժան հաշվեհարդար կտեսնեն»:

Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում, որ գործով 14 ամբաստանյալների նկատմամբ դատարանը կնշանակի դատախազի միջնորդած պատժաչափը, Շ. Հարությունյանի մայրը պատասխանեց. «Ըստ էության, իրենք այդ ամբողջ թատրոնը սարքել են, ուրեմն՝ դատավորն էլ պետք է շարունակի դատախազի գործը: Այստեղ արդար դատավարություն չկա»: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերի 5-ին. հենց այդ ամսին էլ մեղադրանք առաջադրվեց քրեական գործով 13 ամբաստանյալներին: Շահեն Հարությունյանին նախաքննական մարմինը հիշեց միայն ապրիլ ամսին:

Մեր հարցին՝ արդյոք սրանում ենթատեքստ տեսնո՞ւմ եք, և ինչո՞վ է պայմանավորված, որ Շահենին այդքան ժամանակ անց հիշեցին, Ռ. Բադալյանը պատասխանեց. «Միանշանակ տեսնում եմ, որովհետև նոյեմբերի 5-ից հետո դեպքեր եղան, որոնք մտահոգություններ էին առաջացնում: Մետրոյում նրան փորձել էին բռնության ենթարկել, և էլի մի քանի դեպք: Իսկ ամենացնցողն այն էր, որ հենց դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ կոչումով մայոր, փորձել էր ճնշում գործադրել Շահենի նկատմամբ, մի քանի դասաժամ շարունակ փորձել էր միտումնավոր նրան հավասարակշռությունից հանել»:

Նա հիշեցրեց, որ կատարվածի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ: «Գուցե մի փոքր հասարակական ճնշում եղավ, լրատվամիջոցներով աղմուկ բարձրացավ, և երևի թե իրենք չկարողացան հասնել իրենց նպատակին: Քրեական գործը կասեցվեց: Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Մայորն իրեն թույլ էր տվել այնպիսի արարքներ, որոնք վայել չէին ոչ միայն ուսուցչին, այլև պետական այրին: Նա ներկայացնում է Պաշտպանության նախարարությունը: Երկմտել կարելի է՝ ինչպե՞ս կարող է նման ուսուցիչը, նման զինվորականն աշխատել դպրոցում, թույլ տալ նման արարքներ, նման արտահայտություններ, ինչը հաստատում էին նաև այլ աշակերտներ, և պատասխանատվության չենթարկվել:

Անկախ նրանից՝ քրեական գործը կասեցվե՞ց, թե՞ ոչ, նրա արարքը ոչ մի արձագանք չգտավ ո՛չ Գիտության և կրթության նախարարության, ո՛չ Պաշտպանության նախարարության կողմից: Ընդհակառակը՝ Շահենին հաշվառման վերցրին Նոր Նորքի ոստիկանության անչափահասների բաժնում: Ուրեմն՝ ես կարող եմ ասել, որ դա պատվեր է եղել՝ Շահենին քրեական գործի մեջ ներքաշելու համար,- ասաց Շ. Հարությունյանի մայրը՝ հավելելով,- Երբ իրենց պլանները տապալվեցին, իրենք հինգ ամիս անց որոշեցին Շահենին առաջադրել 258 հոդվածը: Սկզբում որոշեցին Շահենի խափանման միջոցը չփոխել, իսկ հիմա հանկարծ 5 տարվա ազատազրկման միջնորդություն է ներկայացվում:

Փորձում էին Շանթի վրա ճնշում գործադրել, լռեցնել: Չստացվեց: Նրանք ամենաստոր մեթոդներն են օգտագործում՝ երեխային օգտագործելով հոր դեմ: Այսպիսի անբարո իշխանությունը և այսպիսի կամազուրկ, հնազանդ, վախկոտ հասարակությունը դատապարտված են կործանման»:

Անդրադառնալով քրեական գործում որպես տուժողներ ներգրավված ոստիկաններին, որոնց մեծ մասը տուժող էր այն պատճառով, որ նրանց աչքերը մրմռացել էին, Ռ. Բադալյանն ասաց. «Գործով անցող մեղադրյալները 15-ն էին, այդքան էլ տուժողների պետք է բերեին»: Նա նշեց, որ այդ ամենն ընդամենը շոուի համար էր. «Աչքերն էին մրմռացել, ոտքն էր քերծվել թե հագուստն էր պատռվել, էական չէ: Պետք է սարքեին, բերել են՝ սարքեն: Սա այսօրվա ԿԳԲ-ի սովորական, դասական գործելաոճն է»:

Տեսանյութեր

Լրահոս