Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ կժամանի Վրաստան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հաջորդ շաբաթ կմեկնի Վրաստան, ուր իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:

Նա, սակայն, չի հայտնել Հեյգելի վրացական այցի ստույգ ժամկետը: Կիրբին ընդգծել է, որ դա կլինի ԱՄՆ պաշտպանության նախարարի կարգավիճակով Չակ Հեյգելի առաջին այցը Վրաստան, թեպետ ավելի վաղ` տարեսկզբին, նա Մյունխենում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի, ինչպես նաև վարչապետի հետ:

Կիրբին հայտարարել է, որ Վրաստանն ԱՄՆ-ի կարևոր գործընկերներից մեկն է. «Վրաստանի զինված ուժերն Իրաքում ու Աֆղանստանում եղել են ԱՄՆ-ի արժեքավոր գործընկեր:

Վրաստանը կիսում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ ԱՄՆ-ի մտահոգությունը, և այդ իրավիճակը, բնականաբար, կլինի նախարարի այցի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը»:

Տեսանյութեր

Լրահոս