Վիկտոր Համբարձումյանի ավան 2014թ. միջազգային մրցանակի հաղթողները հայտնի են
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության Նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը հայտարարեցին Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014 թ.-ի հաղթողների անունները:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թ.: Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մրցանակը սահմանելու նպատակն այն էր, որ նախ՝ այդպիսով հավերժացվում է Վիկտոր Համբարձումյանի հիշատակը, բացի այդ՝ Հայաստանը համաշխարհային գիտական հանրությանը ներկայացվում է՝ որպես գիտական հետազոտությունների երկիր, որն այդ ուղղությանը մեծ նշանակություն է տալիս:
Ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում այն կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է համարվում: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ.-ից՝ տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:
Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ գումարը հատկացվում է արտաբյուջետային աղբյուրներից, և հատուկ պարտավորություն չկա, թե ինչ նպատակով պիտի ծախսվի գումարը.
«Բայց նախկին հաղթողներից մեկը՝ Իգոր Նովիկովը, օրինակ, գումարի մի մասը՝ 50.000 ԱՄՆ դոլար, տրամադրեց ԳԱԱ գիտությունների զարգացման հիմնադրամին, և մենք այդ գումարն օգտագործեցինք Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար: Չեմ բացառում, որ այս տարվա հաղթողներն էլ կդիմեն մեզ՝ ինչ-որ խնդրի լուծման համար»:
Ինչպես տեղեկացրեց Արեգ Միքայելյանը, Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 գիտնականներից՝ Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), Գենադի Բիսնովատի-Կոգան (Ռուսաստան), Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Նորիո Կայֆու (ՄԱՄ նախագահ, Ճապոնիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Մարտին Ռիս (Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցեսարսկի (ՄԱՄ նախկին նախագահ, Ֆրանսիա) և Ռոբերտ ՈՒիլյամս (ՄԱՄ նախկին նախագահ, ԱՄՆ):
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր մարտի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում՝ աշխարհի տարբեր երկրներից:
Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա հանձնաժողովը մի շարք քննարկումներ է ունեցել, և արդյունքում որոշվել է մրցանակը կիսել երեք գիտնականների միջև՝ Ֆելիքս Ահարոնյան, Իգոր Կարաչենցև, Բրենթ Թալի:
Ֆելիքս Ահարոնյանը (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա, և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա) առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար, իսկ Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալին առաջադրվել են համատեղ՝ Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
Մրցանակի գումարը կբաժանվի հետևյալ կերպ. Ահարոնյանին կհատկացվի 250.000 ԱՄՆ դոլար, իսկ Կարաչենցևին և Թալիին՝ յուրաքանչյուրին՝ 125.000-ական ԱՄՆ դոլար:
Նախորդ դափնեկիրներն են եղել Միշել Մայորը (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ Իսրաելյանը (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա), Նունու Սանտուշը (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա), Յան Էյնաստոն (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Պ.Ն. Լեբեդևի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան):
Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում.
«Արդեն ավանդույթ է դարձել, որ մրցանակը հանձնվի Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, մեր մեծ դահլիճում՝ Հանրապետության նախագահի և տարբեր երկրներից ժամանած հյուրերի մասնակցությամբ»: