«Մայրաքաղաքում Անդրանիկի արձան չպիտի լիներ»

Զրույց մշակութաբան, էսսեիստ Ռուբեն Անգալադյանի հետ
Սկիզբը այստեղ.

– Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Դուք և՞ս կարծում եք, որ Հանրապետության հրապարակն ունի վերակառուցման անհրաժեշտություն:

– Հանրապետության հրապարակը մեզ համար նույն հարթության վրա է, ինչ Գառնին, Գեղարդը, Սանահինը: Սա համաշխարհային մակարդակի ճարտարապետություն է: 20-րդ դարում հայ ճարտարապետները` Թամանյանի գլխավորությամբ, ստեղծեցին պալատային վսեմ լուծում, որը հիշեցնում էր մեր ժողովրդի բնավորության կարևորագույն և, ցավոք, կորած հատկանիշները: Երևանի գլխավոր ճարտարապետի հիմնական նպատակը, իմ կարծիքով, այդ Երևանը ոչնչացնելն է: Ինչպես ոչնչացրեցին բոլոր «հին» շինությունները, տները: Ստալինյան Երևանն ամբողջովին կարող էր ներկայանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` որպես համաշխարհային քաղաքաշինության պատմության կարևոր օղակ։

– Ինչո՞ւ ստալինյան և ոչ` թամանյանական:

– Թամանյանից հետո աշխատել են ևս լուրջ ճարտարապետներ, որոնք կառուցել են Մատենադարանը, Գիտությունների ակադեմիայի շենքը, Հանրապետության հրապարակի շենքերը, գինու գործարանը: Այս տեսանկյունից` քաղաքը խիստ անսամբլային է: Կառուցել են Հյուսիսային պողոտան: Այնպիսի տպավորություն է, որ այդ նոր շենքերը միմյանց հետ կռվում են, ներդաշնակ չեն, ուզում են ապացուցել` ո՞ւմ տերն ավելի շատ փող ու ավելի մեծ կապեր ունի:

– Հրապարակի վերակառուցման ցանկությունը հիմնավորված է նրանով, որ հրապարակն իր այն վիճակով, որով 1970 թվականին ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ, այլևս գոյություն չունի:

– Այդ հրաշալի հրապարակն ուներ կենտրոնում Լենինի արձանը. դրանով կոմպոզիցիան ավարտվում էր: Երբ կառուցեցին Պատկերասրահի շենքը, որը չի համապատասխանում ժամանակակից թանգարանի շենքի որևէ կետի, հրապարակի ամբողջական սիլուետը խախտվեց: Ի դեպ, վերջին 25-30 տարվա մեջ թանգարանաշինությունն աշխարհում խիստ վերելք է ապրել: Թանգարան են ներխուժել վերջին տեխնոլոգիաները: Եվ այսօր պատկերասրահը ոչ միայն գեղարվեստական արժեքների ներկայացման վայր է, այլ ազգային հպարտության վայր, ուր հայտ է ներկայացված աշխարհին ու ժամանակին, թե ինչ մտածողություն է ունեցել դարեր շարունակ մեր ազգը:

Պատկերասրահի տրամաբանությունը սա է` ինչպես է տվյալ ազգն ըմբռնել և ըմբռնում ուրիշ ազգերի մշակույթի լավագույնը: Ինչ վերաբերում է պատկերասրահի շենքի ապամոնտաժմանը, ես դրան դեմ չեմ, սակայն` ոչ առաջիկայում: Եվ հետո` բոլոր այն շենքերը, որոնք այս վերջին 10-15 տարիներին են կառուցվել, ևս պետք է ապամոնտաժվեն` նույն հիմնավորմամբ, որովհետև հրապարակի ամբողջական սիլուետը փչացած է. հյուրանոցներ, շենքեր, որոնք այս ճարտարապետի` Նարեկ Սարգսյանի օրոք են կառուցվել: Նա ինքն էլ պետք է գիտակցի, որ այդ շենքերը որևէ արժեք չեն ներկայացնում: Անարժեք է նաև Հյուսիսային պողոտան:

– Առաջարկվում է հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել:

– Դե, դա հիմարություն է, լուրջ չէ: Կարելի է ուղղաթիռների համար էլ հրապարակում մի տեղ հատկացնել: Վերադառնամ Պատկերասրահի խնդրին. Պատկերասրահի շենքը ճարտարապետական մեծ արժեք չի ներկայացնում: Սակայն այն, ինչ կա պատկերասրահում, ոչ միայն գեղարվեստական, նաև նյութական մեծ արժեք է. որևէ գործարան, հանք այդ արժեքը չունի, ինչ ունեն մեր Պատկերասրահն ու Հայաստանի պատմության թանգարանը` միասին: Մեր ազգի ամբողջ պատմությունն ու գեղարվեստական շնորհքն ու միտքն այնտեղ է: 25-30 տարվա խնդիր է Պատկերասրահի ապամոնտաժումը, և այսօր ես չեմ տեսնում այնպիսի խոշոր հայ ճարտարապետի, ում կարելի է վստահել նոր պատկերասրահի շենքի նախագիծը: Իշխանությունները Երևանը մի քանի ճարտարապետի ձեռքը տվեցին, ու յուրաքանչյուրն իր չափով փչացրեց քաղաքը: Իսկ Նարեկ Սարգսյանն ուղղակիորեն ոչնչացնում է մեր քաղաքի դեմքը. նրա համար կարևորը փող աշխատելն է:

– Արձանագրում ենք, սակայն լուրջ դիմադրություն չկա: Մեր աչքի առաջ քանդվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը` իր իսկ նախագծով կառուցված, այսօր մեր աչքի առաջ ինչ-որ միստիկա է կատարվում Փակ շուկայի հետ…

– Փակ շուկան ճարտարապետության կոթող է (ավելի ճիշտ` է՛ր): Այն մեր հին ճարտարապետության և նոր գաղափարների շատ հետաքրքիր սինթեզ էր: Ինքը` Գրիգոր Աղաբաբյանը (1911-1977), լուրջ ճարտարապետ էր և շուկայի այդ շենքն այնպիսի ձևով մտցրեց Մաշտոցի պողոտայի ընդհանրական շարքի մեջ, որ մենք այսօր իրո՛ք զգում ենք այդ շենքի պակասը: Գիտե՞ք, իսկական երևանցիներից շատերը թողեցին-գնացին: Պատերազմից հետո հենց այդ սերունդը սկսեց ձևավորել ավանդույթներ, որոնք հասան մինչև 80-90-ականներ. այսինչ տեղում հավաքվում են ինտելեկտուալները, այստեղ եղել է Երվանդ Քոչարը, այնտեղ` Կոստան Զարյանըգ Մեր քաղաքի դեմքն ու ներքին պատմությունն այսպիսի մարդիկ էին: Ես դեմ չեմ, որ Շառլ Ազնավուրը Երևանում ունենա հրապարակ, բայց ինքներդ կառուցեք, ինքներդ դրեք նրա անունով, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակն այնպիսի՜ անձնավորություններ է տեսելգ Մի քիչ անհասկանալի է` ինչո՞ւ վերցրեցին ու այդ լավ անձնավորությանը` Ազնավուրին, դրեցին հարվածի տակ:

– Անառողջ ուշադրություն կա մայրաքաղաքի կենտրոնի հանդեպ. միայն Օպերային հարող տարածքում մեր մեծերի արձանների կոնցենտրացիան է: Ի դեպ, Օպերայի շենքի առաջ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների ճարտարապետը ևս Գրիգոր Աղաբաբյանն է:

– Մասշտաբով այդ քանդակները մեկը մյուսից տարբերվում են: Թամանյանն Օպերայի շենքով ու նրա հարակից տարածքով ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է լինեն մոնումենտալ քանդակը, այգու քանդակըգ Քաղաքի առաջին արձաններից մեկը Ստեփան Շահումյանի արձանն է` համեստ, զուսպ, ամեն ինչ ասող քանդակ է, ինքն անսամբլ է` կապում է երկու շենք: Սա վարպետներ են արել: Այս արձանի հեղինակը Սերգեյ Մերկուրովն է:

Իսկ մի բան դնել այստեղ, մյուս տեղում` այն, սխալ մոտեցում է: Եվ հետո, կարծում եմ` մեկ-երկու սերնդով մայրաքաղաքը չեն զարդարում. 1000 տարի հետո էլ մայրաքաղաքը պետք է ունենա իր հերոսներին, որոնք քաղաքին բան են տվել: Դարձյալ ուզում եմ շեշտել` մենք չենք կարողանում արդար գնահատել: Երևանի պատվավոր քաղաքացու կոչում են տալիս մարդկանց, ովքեր գուցե իրենց ասպարեզում կարևոր մարդ են, բայց քաղաքի համար ոչինչ չեն արել: Կհասկանայի, եթե մոսկվաբնակ ակադեմիկոս Արամ Աբրահամյանին, ում ջանքերի շնորհիվ Երևանը ստացավ արվեստի հրաշալի օջախ` Ռուսական արվեստի թանգարանը` գեղանկարչության առաջնակարգ հավաքածուով, տային պատվավոր քաղաքացու կոչում:

– Ձեզ համար անհասկանալի է` ինչ սկզբունքով են շնորհում, օրինակ, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը: Իսկ հասկանալի՞ է փողոցների, շինությունների, դպրոցների անվանակոչության սկզբունքը:

– Չե՛մ հասկանում: Բերեմ օրինակ. Անդրանիկը մայրաքաղաքում ունի 2 արձան: Նա 1919 թվականին թողել է, երկրից հեռացել: Առաջին Հանրապետության համար ռեալ ոչինչ չի արել: Ինքը ժողովրդի կողմից սիրված հերոս է և ոչ թե` ազգային հերոս: ժողովուրդը Հայաստանի ցանկացած վայրում կարող է Անդրանիկին 10 արձան դնել, բայց մայրաքաղաքը պետության, իշխանության սիմվոլն է: Անդրանիկն իրավունք չուներ այստեղ արձան ունենալ: Երբ նա նեղացավ և հեռացավ Հայաստանից, շատերը նրա այս քայլը որպես հերոսություն ընկալեցին: Ազգից նեղանալու իրավունք ոչ ոք չունի: Ազգը բոլորս ենք` Մաշտոցը, մեր ծնողները, բոլորս միասին ազգ ենք: Գյուլբենկյանը ևս ժամանակին իրավունք չուներ նեղանալ ազգից ու իր ողջ կարողությունը, որը մշակույթի մեծագույն հարստություն է, նվիրել Պորտուգալիային: Բանից պարզվեց` Պորտուգալիան ավելի արժանի է, քան Հայաստա՞նը:

– Ազգից նեղանալ, ասում եք, չի կարելի: Սակայն իրականությունը հաճախ հակառակն է. ինքներդ գիտեք` մեր մեծերից քանիսն իրենց վերջին հանգրվանը Հայաստանում չեն գտել, քանի որ նրանց աճյուններն անգամ այստեղ չեն ընդունել:

– Պանթեոնը դեֆորմացված վիճակում է: Եթե այս կոմպոզիտորը կա, ինչո՞ւ պետք է Տերտերյանը չլինի, եթե այս նկարիչը կա, Երվանդ Քոչա՞րն ինչու չպետք է լինիգ Սա ցույց է տալիս այն անարդարությունը, որ կրում ենք մեր ներսում: Մերգելյանը 50-ականներին սերունդներ դաստիարակեց` ինչպես մտածել, գործել բարձր տեխնոլոգիաներով: Հայաստանը դարձել էր աշխարհի 3-4 կարևորագույն երկրներից մեկը, և մենք, այո, չընդունեցինք նրա դիակը, չբերեցինք Պանթեոն: Լոս Անջելեսից տարան Մոսկվա: Ամոթ մեզ, ամոթ մեր Ակադեմիային: Ես երբեմն ամոթ եմ զգում` մեր ընտրությունն այնքան անարդար է:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս