Բրիտանացի փորձագետները համեմատել են հայկական ու ադրբեջանական բանակները
Լոնդոնում բազավորված Ռազմավարական հետազոտությունների թագավորական ինստիտուտը (The International Institute for Strategic Studies, IISS) պատրաստել է The Military Balance 2013 (Ռազմական հավասարակշռություն 2013) ամենամյա զեկույցը: Դրանում անդրադարձ է կատարված աշխարհի ավելի քան 160 երկրի ռազմական ու պաշտպանական պոտենցիալին:
Բրիտանացի փորձագետների զեկույցում, մասնավորապես, տեղեկություններ կան Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ երկու երկրներն էլ զգալի միջոցներ են հատկացնում ռազմական ոլորտի ֆինանսավորմանը:
Եթե Հայաստանն այդ նպատակով ծախսում է տարեկան մոտ 400 միլիոն դոլար, ապա Ադրբեջանի ռազմական ծախսերը գնահատվում են 1 միլիարդ 770 միլիոն դոլար: Ընդ որում, 2011 թվականի համեմատ` 2012 թվականին այդ գումարն ավելացել է 90 միլիոն դոլարով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ռազմական ծախսերին հատկացնում է ՀՆԱ-ի 2.5 տոկոսը, իսկ Հայաստանը` 4 տոկոսը:
Զեկույցի հեղինակները նաև գնահատել են այդ երկու բանակների մարտունակության մակարդակը: Նրանք այդ համեմատության ժամանակ առավելությունը տալիս են Հայկական բանակին.
«Հայաստանի զինված ուժերը բավական որակավորված են և հստակ պատեկացնում են իրենց առջև դրված առաջադրանքներն ու նպատակները: Դրան զուգահեռ Հայաստանի զինված ուժերում անխուսափելիորեն շարունակում է աճել արհեստավարժ զինծառայողների քանակը, որոնք ծառայում են պայմանագրային հենքով` թեև պահպանվում է պարտադիր զինվորական ծառայության կոչը»:
Վերլուծության ենթարկելով Հայաստանի զինված ուժերի առավել այժմեական խնդիրները` վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ դրանց կազմում ամենախոցելին ռազմաօդային ուժերն են.
«Հայաստանի ռազմաօդային ուժերի հիմնական խնդիրը դրանց սպասարկումն է, ինչպես նաև դրանց ընդհանուր արդյունավետությունը: Հենց այդ պատճառով էլ Հայաստանի օդային տիրույթի պաշտպանությունը վարձակալած ավիաբազայի միջոցով իրականացնում է Ռուսաստանը»:
Փորձագետները նաև անդրադարձ են կատարել հայկական բանակում տարվող բարեփոխումներին: Նրանց կարծիքով` բարեփոխումների հիմնական նպատակը պայմանագրային զինծառայողների մասնաբաժնի մեծացումն է, ինչպես նաև գնվող սպառազինության որակի բարձրացումը.
«Ընդ որում, առավել լուրջ կառուցվածքային փոփոխությունների փորձերը, որոնք, մասնավորապես, ուղղված են անձնակազմի արհեստավարժության ու զորավարժությունների մակարդակի բարձրացմանը, բախվում են բավական խորքային խնդիրների հետ»:
IISS-ում միաժամանակ ընդգծում են, որ չնայած Հայաստանի կողմից իր զինված ուժերի տրամադրության տակ եղած սպառազինության արդիականացմանն ու թարմացմանը լուրջ միջոցների հատկացմանը` Հայաստանի զինված ուժերը դեռ հեռու են նորագույն տեխնիկայով հագեցվածության մակարդակից:
Դա, մասնավորապես, պայմանավորված է կոռուպցիոն երևույթներով, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում ֆինանսների ղեկավարման ցածր արդյունավետությամբ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակին, ապա 2012 թվականին նվազագույնը երկու անգամ (գարնանը և ամռանը) գրանցվել է հակամարտության գոտում լարվածության կտրուկ մեծացում, ինչը, սակայն, չի հանգեցրել տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը:
Փորձագետները բավական քննադատաբար են մոտեցել ադրբեջանական բանակի հնարավորություններին: Զեկույցում ընդգծվում է, որ չնայած սպառազինության տպավորիչ գնումներին, որոնք հնարավոր են դարձել նավթի վաճառքից ստացված շահույթի շնորհիվ` Ադրբեջանի զինված ուժերն օդային արենայում չեն կարողանում հասնել միանշանակ առավելության, ինչը կարող է լուրջ գործոնի վերածվել Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ.
«Նույն նավթն Ադրբեջանին հնարավորություն է տվել գնել С-300 նորագույն համակարգեր, սակայն դեռ հստակ չէ, թե դա ինչ է տալիս Բաքվին` մարտունակության բարձրացման տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության մասին Oxford Analytica միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնի կողմից 2011 թվականի աշնանը պատրաստած զեկույցում նշված էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ծավալումն ի ցույց է դնում 3 հիմնական ուղղություն.
ա) Կապիտալ և ծովային անվտանգություն։ Ադրբեջանի արևելքում, որտեղ գտնվում է նաև մայրաքաղաք Բաքուն, ծավալված են ամենալավ նախապատրաստված ու հագեցված ստորաբաժանումները։ Այստեղ են գտնվում Բաքվի «պաշտպանության ուժերը» և Կասպիցի ծովային անվտանգության ուժերը։ Այս էլիտար ստորաբաժանումները ստանում են առաջին տեսակի սպառազինություն ու աջակցություն, և ամենալավն են նախապատրաստված։
բ) Հակատարածական և հակաապստամբական ուժեր։ Սրանցից առաջինը տեղակայված է հարավային ուղղությամբ՝ Իրանի սահմանի երկայնքով, իսկ երկրորդը՝ հյուսիսային ուղղությամբ՝ Ռուսաստանի սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով հարևան Դաղստանում առկա իսլամական խմբավորումներից բխող սպառնալիքը։
գ) Սահմանամերձ ստորաբաժանումներ։ Սրանք ամենաթույլ հագեցված զորքերն են, որոնք տեղակայված են երկրի հյուսիս-արևմուտքում և արևմուտքում՝ համապատասխանաբար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով։ Հաշվի առնելով սպառազինության թույլ լինելը, վատ պայմանները և ռազմաճակատի երկայնքով տիրող լարվածությունը՝ այս զորքերի մարտունակությունն ու կարգապահությունը բավական ցածր է»։