Բաժիններ՝

Սպիտակ բանջար

Սպիտակ բանջարը շուշանազգիների ընտանիքի բույս է, ունի երկար ու բարակ տերևներ, որոնց հողի մեջ եղած, ինչպես նաև տերևների վերևի մասը, ծաղկակոթունը և ծաղիկը սպիտակ են: Աճում է լեռնային վայրերում: Արմատը սոխուկ է:
Բարբառներում կոչվում է ճերմակ բանջար, կարեկ, կաճապ (Ղափան), կարմրաբողազ, սպիտկուկ, կոչվում է նաև Մարիամ Աստվածածնի բանջար, երբեմն` տոնի բանջար, քանի որ ծննդյան պահքին սպիտակ բանջարով հարիսա (Մարիամա ճաշ) են եփել:
Սննդի մեջ գործածում են թարմ և չորացրած (մազի նման հյուսում են ու չորացնում): Ջուրը բամիայի ջրի նման մածուցիկ է: Համի համար համարվում բանջարների թագուհի:
Սպիտակ բանջարից եփում են`

Ջրխաշ

Կիսաեփ ոսպին ավելացնում են սպիտակ բանջար ու եփում: Ուտում են սխտորջրով:

Սպիտակ բանջարով ճաշ

Կարդացեք նաև

Չոր սպիտակ բանջարը թրջում, կտրտում են, լվանում և խաշում, ավելացնում են խաշած կարմիր լոբի, հում ոսպ, հում աղացած սպիտակ ձավար, եփում են այնքան, որ ջուրը դառնա մածուցիկ: Ավելացնում են բլշտրուկ (յուղով քիչ բոված ալյուր), սոխառած, աղացած կարմիր բիբար, աղ: Ուտում են մեջը բրդած լավաշով ու սխտորով:

Հարիսա

Չոր սպիտակ բանջարը թրջում, հետո կտրտում են, ավելացնում են եփած ձավարի վրա ու եփում: Ավելացնում են նախօրոք մանրացրած ղավուրմա ու շարունակում եփել: Երբեմն ղավուրմայի փոխարեն տավարի միս են գցում: Մատուցելիս ավելացնում են յուղ և աղացած սև պղպեղ:

Սպիտակ բանջարը նաև տապակում են յուղով ու ձվով:
Ձավարով շիլա են պատրաստում:
Աղցան են պատրաստում` խաշում են ու քամում:

Շրեշ
Շրեշը (լատ. Eremurus, ռուս. ճպՐպՔ) շուշանազգիների ընտանիքին պատկանող մեղրատու բույս է, ունի կոճղեզավոր, իլիկի նման արմատ, երկար ու նեղ տերևներ: Ծաղիկները լինում են ոսկեգույն, դեղին, վարդագույն կամ սպիտակ:
Գոյություն ունի շրեշի մոտ 50 տեսակ, ուտելի և ոչ ուտելի: Դեղին շրեշը ֆրանսիացիներն անվանում են Հակոբի գավազան, սպիտակ շրեշը` արքունական գավազան:

Բարբառներում շրեշը կոչվում է շերեշ, ըղին, օղին (Մուշ), շրիշուկ (Սեբաստիա), շրեշտ (Վան), բժշկարաններում կոչվում է նաև փայլկտուկ (հավանաբար այն պատճառով, որ աղացած արմատը փայլուն է), ասփոդելուն (հունարեն բառ է, նշանակում է նիզակ):
Ըստ Աճառյանի` շրեշ բառը հայերենին է անցել պարսկերենից, sirisem բառն է, որը ծագում է sris արմատից և նշանակում է կպչել, փակչիլ: Սանսկրիտերեն clis, cris բառն է, որ նույնպես նշանակում է կպցնել, միացնել, փակցնել: Պարսկերենում կա նաև sirsagar բառը, որ նշանակում է հաց շաղվող, խմոր շինող, հավանաբար ալյուրն ու ջուրը իրար կպցնելու պատճառով: Ասորերեն surus, sursu բառը նշանակում է բուսական արմատ: Հայերենում կան շրեշվել (մեկից կպչել), շրեշել (կպցնել, սոսնձել) բառերը:

Banjar (4)Այսպիսով շրեշ բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ բույսի գլխավոր հատկանիշը կպցնելու հատկությունն է: Քանի որ արմատից սոսինձ են պատրաստել, հաճախ շրեշ ասելով` սոսինձ են հասկացել: Սոսինձ պատրաստելու համար լվացած ու չորացրած արմատը ջրաղացում աղացել են, ստացած կպչուն փոշին ջրով բացել ու գործածել թղթերը, կտորները, կաշին կպցնելու համար: Որպեսզի բամբակի թելերը չկտրվեն, կտավագործները դրանք շրեշով թրջել են: Ոչ ուտելի (լեղի) շրեշի սոսինձն ավելի որակյալ է:

Banjar (4)Կպչուն հատկության շնորհիվ շրեշի փոշին գործածել են նաև կոտրվածքների ժամանակ: Կոտրած ոսկորը զգուշությամբ ուղղում են և կտավին քսած ձվի սպիտակուցի ու շրեշի փոշու խառնուրդը փաթաթում ոսկորին: Շրեշից նաև ներկ են ստացել:
Հոմերոսի «Ոդիսականում» ասվում է, որ մեռյալների թագավորությունում Ոդիսևսի ու Աքիլլեսի հանդիպումից հետո վերջինս հեռանում է ասփոդելյան դաշտերով.
Այսպես ահա ես ասացի, և քաջավազ Էակյանի հոգին անդուստ,
Մեծ քայլերով շարժվեց, գնաց դաշտավայրով ասփոդելյան…
Օշականի ճանապարհին գտնվող Շրեշ բլուրը Խորենացին հիշատակում է Վարդգես Մանկան մասին ավանդության մեջ.
Հատուած գնացեալ Վարդգես Մանուկն
Ի Տուհաց գավառէն, զՔասաղ գետով,
Եկեալ նստաւ զՇրեշ բլրով,
զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասաղ գետով:

Շրեշը հարուստ է C վիտամինով, պտուղն ու ծաղիկը համարվում են կարճահարի դեղ, հայերի ուտելի գլխավոր բանջարներից է, չնայած, ըստ Ալիշանի, եթե շատ են ուտում, գլխապտույտ է առաջացնում: Գարնանը մատղաշ ընձյուղներն ուտում են և հում (Մուշ, Կարին), և խաշած, ձմռան համար չորացնում են: Շրեշից եփում են`

1. Ապուր. բրինձը եփում են, ավելացնում են կտրտած շրեշ, եփելուց հետո ավելացնում են սոխեռած և հարած ձու:
2. Օղին ապուր. Զեյթունում շրեշը և ավճորը (ընդեղենը) եփել են հավանաբար թթվի ջրի հետ:
3. Տապակում են. կտրտում են, խաշում, քամում և սոխառածով (յուղով կամ ձեթով) ու ձվով տապակում (Ալաշկերտ, Բուլանըխ, Զեյթուն, Կարին): Ուտում են սխտոր-մածունով:
4. Աղցան. խաշում են, քամում, ավելացնում են աղ և քացախ: Հաճախ համեմում են ձեթով, քացախով և սխտորով:
5. Թթու:

Banjar (2)Խոսակցական լեզվում կա շրեշտաջուր բառը, որ գործածում են մարդու աղքատությունը ցույց տալու համար: Ասում են` շրեշտաջրից զատ` ուրիշ բան չեն ուտում, որը նաև ցույց է տալիս, որ շրեշը ամենամատչելի բույսերից է:

Շուշանբանջար
Շուշանբանջարը (լատ. Chaerophyllum, ռուս. ըցՑպվՖ) նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանիքի բույս է: Տերևները փետրաձև են ու կտրտված, հոտավետ ծաղկաբույլերը սպիտակ են, վարդագույն կամ կարմիր: Գոյություն ունի շուշանբանջարի մոտ 40 տեսակ: Դրանցից է հարբեցնող շուշանը, որը թունավոր է, պալարակիր շուշանը, որի արմատներն ուտում են, տափաստանային շուշանը, որից կերակուրներ են պատրաստում: Բարբառներում շուշանբանջարը կոչվում է շուշան, քեղակարոս (այսպես է կոչվում նաև մաղադանոսը), ղմի, խմի (հաճախ այդպես է կոչվում բույսի զոխը), մանդակ (Արարատյան դաշտ, Ապարան, Վան, Ալաշկերտ, Շիրակ, Մուշ), գետնատանձ, ատոլ (Շիրակ, Ախալքալաք, հաճախ այդպես է կոչվում արմատը), խանդող, օձտակ, անգեղիկ, հրեշտակաբույս:

Ըստ Աճառյանի` Շուշան բառն ասորերեն susan բառն է, որ սեմական լեզուները փոխառել են եգիպտականից, այդպես է կոչվում լոտոս ծաղիկը: Հայերենում շուշան-լոտոս ծաղկին վերագրվող հատկանիշներով պայմանավորված` շուշան բառը նշանակում է ճերմակ, ինչպես նաև անմեղ, անբիծ, անարատ կին կամ աղջիկ, բացի այդ, շուշան է կոչվում բուրվառի վերին խուփը, որ երեք թելերով կապված է մարմնին:
Ժողովրդական բանահյուսության մեջ մանդակը հաճախ է հիշատակվում. Գիյնին ու ձուկ, մանդակն ու պտուկ…

Տակ խանդակ, վէրեն մանդակ, պոռտն արեգակ…
Կաթնով աղբյուր անուշ տեղի, չորս բոլորը մանդակ, բող ի…
Ըստ Հայբուսակի և Ստ. Մալխասյանի` շուշանը որպես դեղ է գործածվել: Սննդի մեջ գործածում են բույսի արմատը և վերգետնյա մասը: Շուշանը`

1. Տապակում են.

մատղաշ ընձյուղները խաշում են, քամում ու տապակում սոխեռածով (յուղով կամ ձեթով) ու ձվով,

չորացրած ծաղիկները յուղով տապակում են:

2. Աղցան. խաշում են ու աղ անում:
3. Թթու. զոխերը կամ ծայրի մանր փնջերը աղաջուր են դնում: Շուշանի թթուն շատ են գործածել Մեծ պասին, նույնիսկ փեսացուի տնից ուղարկում էին հարսի տուն:
4. Հում զոխերը կեղևում և ուտում են:
5. Դալար տերևները գործածում են որպես սպասի բանջար:
6. Գցում են պանրի, թանով սպասի ու ժաժիկի մեջ:

Banjar (1) Շուշանի հաստ ու պալարանման արմատները, որ ատոլ են կոչվում, հավաքում էին գարնանից մինչև ուշ աշուն, ձմռան և մասնավորապես կաղանդի համար պահում էին ատոլի հորերում: Ատոլը հանում էին սրածայր փայտերով կամ հատուկ արմատահան գործիքներով: Հավաքում էին երեխաները, կանայք ու տղամարդիկ: Քաղցրահամ ատոլը փոխարինել է կարտոֆիլին: Ատոլն ուտում են`

ա) hում վիճակում,
բ) ջրով կամ կաթով խաշած. կճեպահան անելուց հետո լցնում էին նեղ բերանով կճուճի մեջ, ավելացնում 1-2 բաժակ կաթ, բերանը ծածկում, բերանքսիվայր դնում թոնիրն ու մոխրով ծածկում: Ատոլը եփում էր թափված կաթի գոլորշու մեջ` դառնալով փխրուն ու դեղին գույնի:
գ) Կաթով հեղուկ ու թանձր կերակուրներ են պատրաստել:
դ) Ատոլի հաց. կավե կամ փայտե տաշտի մեջ ատոլը լվանում ու տրորում են այնքան, որ կճեպահան լինի: Այնուհետև կճուճի մեջ խաշում են, քամում ու խմորի նման հունցում: Թխում էին 20 սմ տրամագծով կլոր կամ 25սմ երկարությամբ մատնաքաշ պուլիկ (պուլուճ): Հաճախ ատոլին ավելացնում էին նաև ալյուր:

Նվիկ

Նվիկը (լատ. Arum orientale, Serpentaire, ռուս. ԸՐՏվվՌՍ) նվիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, ունի նիզակաձև տերևներ, որոնք երբեմն ծածկված են գորշ կարմիր կամ սպիտակ բծերով: Աճում է խոնավ տեղերում` թփուտներում, ձորեզրերին, ծմակներում: Ծաղկում է ապրիլ-մայիսին, ծաղիկները մանր են, վառ մանուշակագույն, պտուղները ևս մանր են, կարմիր ու կծիկի նման իրար կպած:

Գոյություն ունի նվիկի երկու տեսակ` ուտելի և ոչ ուտելի: Ոչ ուտելին` արջի նվիկը, ավելի կծվահամ է, կոչվում է նաև oձի նվիկ, գետնի նվիկ: Ուտելի նվիկը (նվիկ արևելյան) բարբառներում կոչվում է նվիգ (Մուշ, Սեբաստիա), կաճապ (Ղարաբաղ), լվուկ (Վանաձոր), լվիջ (Ակն, Ասլանբեկ), դանիկ, նվիճ, լեռան բանջար, օձաբարձ, օձադանակ (պարսկերեն դանակ նշանակում է սերմ, հատիկ, հետևաբար օձադանակ նշանակում է` օձի սերմ): Ամիրդովլաթն անվանել է մարմահուզ և լուֆ, բժշկարաններում հիշատակվում է նաև շավարշարին և հայոց բանջար, Հայկազյան բառարանում` նաև դրակոնտիոն անուններով: Ֆրանսերեն կոչվում է նաև serpentaria (արմատը օձ բառն է), որը նաև ախտի անուն է: Թարմ նվիկը թունավոր է համարվում, գործածում են չորացրած, չնայածՀայաստանի շատ վայրերում (Սասուն) գործածել են նաև թարմ վիճակում, քանի որ խաշելուց հետո թունավորում չի առաջացնում, սակայն պահպանում է կծու համը: Չորացնելու համար քաղում են վաղ գարնանը, կապեր են անում կամ մազի նման հյուսում ու կախում միջանցիկ քամու տակ: Կոճղարմատը լվանում են, կտրտում, թելին շարում ու չորացնում արևի տակ:

Նվիկն, ի տարբերություն բժշկագիտության, լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ: Խաշած չոր տերևները կիրառում են կրծքացավի, հազի, մաշկային հիվանդությունների, ընկնավորության, ուղեղի, լեղապարկի, աղիների փքանքի, ստամոքսաաղիքային և այլ հիվանդությունների բուժման համար: Խաշած և տապակած նվիկը որպես հատուկ սնունդ` տալիս են ծննդկանին` ծննդաբերության մոտակա օրերին և ծննդաբերությունից հետո` հետծննդյան ցավերը թուլացնելու և կաթն առատ դարձնելու համար: Տերևների թուրմը խիթի դեղ է, դրա համար թեթևակի խաշում են, ջուրը թափում, նորից խաշում ու ջուրը խմում: Արմատը եփում և ուտում են, ծեծած կոճղարմատը օգտագործում են փոշու կամ թուրմի ձևով: Թարմ հյութը գլխացավի դեպքում քսում են գլխին, հունդը գործածում են ուռուցքների, խոցերի, ասթմայի ժամանակ: Երկարատև չբուժվող խոցերի վրա դնում են բույսի աղացած չոր տերևի ու մեղրի խառնուրդը, կամ էլ միայն չոր տերևը:

Սննդային բարձր արժեք ունենալու համար նվիկը գործածում են նաև կերակուրներ պատրաստելու համար: Եփած արմատից ստանում են խոհարարական օսլա: Նվիկից ձմռանը պատրաստում են պասի և ուտիսի կերակուրներ:

Մեծ պասի Ավագ ուրբաթ օրը նվիկ են եփել, համեմել սխտորով ու քացախով` ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների ու սպունգով նրան քացախ-լեղի տալու ավանդության:
Ըստ 1650թ. Պոլսում գրված տոնացույցի ճաշացանկի, Ավագ շաբաթ օրը երեկոյան ձու ուտելուց առաջ նախ նվիկ են ուտում կամ էլ այլ բանջար:

1. Ապուր. ձավարը եփում են, ավելացնում են թրջած ու կտրտած նվիկ, եփելուց հետո ավելացնում են սոխեռած:
2. Տապակած. խաշում են ու տապակում յուղով կամ ձեթով ու ձվով:
3. Աղցան. խաշում են և համեմում քացախով:
4. Թթու:

Այսպիսով չորացրած նվիկը, ի տարբերություն հարևան ժողովուրդների, հայերի մեջ ոչ միայն դեղաբույս է, այլև ուտելի բանջար: Գաղիանոս բժշկի վկայությամբ, այս վայրի բույսը միայն հայերն են չորացնում ու գործածում: Դրա համար բժշկարաններում հաճախ կոչվում է հայոց բանջար, այսինքն` հայերի ուտելի խոտաբույս: Իսկ որպես դեղաբույս` գործածում են նաև Իտալիայում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Չինաստանում, Ավիցենան բուսահյութն օգտագործել է ականջի հիվանդությունների ժամանակ:
Ժողովուրդը հավատում էր, որ նվիկը կատարում է պահպանակի դեր: Բույսի օձաբարձ, օձադանակ, ինչպես նաև լատիներենից հայերենին անցած դրակոնտիոն անուններն ըստ երևույթին պայմանավորված են բույսի թունավոր լինելով և արտաքին տեսքով («ծաղկակոթունը ծիրանախայտ է, որպես մորթ օձի»):

Արճակում հավատում էին, որ օձերն իրենց բները շինում են այն տեղերում, ուր նվիկ է աճում: Հոմեոպաթիկ մոգության սկզբունքով օձի տեսք ունեցող բույսը պետք է պաշտպաներ օձերից: Հավանաբար դրանով են բացատրվում նվիկին վերագրվող օձահարի կամ կարիճահարի դեղ լինելու, արմատի թուրմով մարմինն օծելու միջոցով օձերից պաշտպանելու հատկությունները: Այս է վկայում նաև զեյթունցիների այն ավանդությունը, ըստ որի` Տիրամայրը նորածին Քրիստոսին փաթաթել է նվիկի տերևներով, հավանաբար` օձերից ու կարիճներից պաշտպանելու համար:

Նվիկի հետ է կապվում նաև մի այլ հավատալիք, ըստ որի` Հոգեգալստյան (պենտեկոստեի) տոնի օրը եթե բույսը ձայն հանի, լսողը նույն տարի կմեռնի:

Պատրաստեց ԱՆԺԵԼԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս