Բուժում են պտղաչրերը

Ժողովրդական ասացվածքներից մեկում ասվում է. «Ամռան փուշը` ձմռան նուշն է»։ Ամանորյա տոնական սեղանը գեղեցկացնում, քաղցրացնում է բազմագույն մրգերից պատրաստված չրեղենը` խնձորի, ծիրանի, տանձի, սև սալորի, խուրմայի, թզի և այլն։
Խնձորը համարվում է Ամանորի խորհրդանիշ և համապատասխանում է տարվա առաջին օրվան։

Խնձորի բուժիչ հատկությունները հիմնականում բնորոշվում են դրա մեջ պարունակվող ռուտինով։ Վիտամին C-ի և ռուտինի բարենպաստ հարաբերությունը կարգավորում է ճնշումը։ Պարունակում է նաև բավարար քանակությամբ երկաթ, որը գտնվում է ատոմար (ազատ) վիճակում, ինչի շնորհիվ հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում։

Խնձորը կարգավորում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում և կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։ Խնձորի բոլոր օգտակար հատկությունները և նյութերն առկա են նաև խնձորի չրի մեջ։

Խնձորի պտղից ստացված չիրը շատ օգտակար է հաստ աղիի քրոնիկ բորբոքման դեպքում, նպաստում է օգտակար միկրոֆլորայի ձևավորմանն աղիներում։ Խնձորի չիրն ունի միզամուղ հատկություն, նաև կանխարգելում է էնդեմիկ խպիպի զարգացումը, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ յոդ։
Խնձորի չրից պատրաստված եփուկը և թուրմը նպաստում են օրգանիզմում աղերի փոխանակման գործընթացի կարգավորմանը և այդ պատճառով օգտակար են միզաքարային հիվանդության և հոդատապի դեպքում։

  • 50 գ մանրացրած խնձորի չիրը 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրում և խմեք օրվա ընթացքում։

Ծիրանի չրի բուժիչ հատկությունները և քիմիական բաղադրությունը հայտնի են բոլորին։ Վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծիրանի չիրը կանխարգելում է ուռուցքների առաջացումն ու զարգացումը և կարգավորում հորմոնների մակարդակն օրգանիզմում։

Ծիրանի չիրը նպաստում է մազերի աճին և պահպանում մաշկը ծերացումից։ Կարևոր է իմանալ, որ 100 գ չրի սննդային արժեքը բավականին բարձր է` 275 կկալ։ Ծիրանի չիրը խորհուրդ չի տրվում ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, պանկրեատիտի, վահանագեղձի ցածր ֆունկցիայի դեպքում։

Ոտքերի այտուց. 50 գ չիրը (առանց կորիզի) 4 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
Աթերոսկլերոզ. Աղացեք չիրը, խառնեք կիտրոնի հյութի հոտ (2։1)։ Կերեք 2-ական ճ/գ, օրը 2 անգամ։ Շարունակեք 3-4 շաբաթ։

Տանձի նույնիսկ ամենաքաղցր տեսակներից ստացված չրի մեջ շաքարների պարունակությունն ավելի քիչ է, քան թթվաշ խնձորի չրի մեջ։ Տանձի չիրն օգտակար է տղամարդկանց։
Շագանակագեղձի բորբոքում. 200 մլ ծավալ զբաղեցնող մանրացրած չիրը 10 րոպե եփեք 300 մլ ջրի մեջ։ 4 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։

Նախնական փուլում կանոնավոր օգտագործման դեպքում նպաստում է լիարժեք բուժմանը։
Փյունիկյան խուրման հարուստ է սելենով, ինչի շնորհիվ կանխարգելում է սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդությունների զարգացումը, ինչպես նաև` ֆտոր, որը պաշտպանում է ատամները կարիեսից։

Միզաքարային հիվանդություն (մանր քարեր, ավազ). Հավաքեք խուրմայի կորիզներ։ 200 գ հումքն այրեք, ստացված մոխրին ավելացրեք 1 լ չոր, սպիտակ գինի։ Խառնեք` մինչև ստացվի համասեռ զանգված։ Դրեք թույլ կրակի վրա, եփեք 30 րոպե, 1 ժամ թրմեք, քամեք թանզիֆով։

Շլորաչիրը հարուստ է կալիումով, պարունակում է նաև նատրիում, երկաթ, մագնիում և ֆոսֆոր, օրգանական թթուներ, կարոտին, ասկորբինաթթու, B1, B2 վիտամիններ։ Քչերին է հայտնի, որ սև շլորաչիրն օգտակար է սակավարյունության, ավիտամինոզի դեպքում, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, լավացնում է տեսողությունը և կանխարգելում մաշկի վաղաժամ ծերացումը։

Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել սև սալորի չիրն աղիքային հիվանդությունների, երիկամների բորբոքման, հեպատիտի, միզաքարային հիվանդության բուժման համար։

Զգուշացում։ Եթե դուք որոշել եք օգտագործել շլորաչիրն ավելորդ քաշից ազատվելու նպատակով, ապա կանոնավոր օգտագործման դեպքում չի կարելի ուտել օրվա ընթացքում ավելի քան 4-5 պտուղ։

Շլորաչիրը հակացուցված է կերակրող մայրերին, քանի որ երեխայի մոտ կարող է առաջացնել մարսողության խանգարում։

Կորյակներ. Մի քանի հատ շլորաչիր 30 րոպե թրմեք եռջրում, մանր կտրատեք, խառնեք կարտոֆիլի օսլայի հետ` մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, լվացեք 20 րոպեից։
Նորմալ մաշկ. Շլորաչիրը թրմեք եռջրում, քերուկը խառնեք կաթնաշոռի հետ (1։1)։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սառը ջրով։
Թուզը օգտակար է շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում։ Լավացնում է մարսողությունը, հեռացնում է օրգանիզմից թույները։

Թուզը հակացուցված է ցանկացած հիվանդության սրացման շրջանում։
Փորկապություն. Խառնեք 100-ական գրամ մանրացրած թզի չիր և չամիչ, 1 թ/գ կոճապղպեղի փոշի. հարեք զանգվածը, պահեք սառնարանում, կիպ փակված տարայում։ Կերեք կեսական թ/գ` օրը 2-3 անգամ։
Այրվածք. Աղացեք թզի թարմ տերևը, խառնեք մաշկը վերականգնող քսուքներին։

Հ.Գ. Մոտ օրերս լույս կտեսնի Ջուլիետա Սահակյանի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը։

Տեսանյութեր

Լրահոս