Գառնիկ Իսագուլյանի խոհերը

Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը Ֆեյսբուքյան իր էջում այսօր ծավալուն գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև:

Հիշեցնենք, որ Գ. Իսագուլյանւն այդ պաշտոնից ազատվելուց հետո հարցազրույցով և ասուլիսով էր հանդես եկել, որում խոսել էր բոլորին անհայտ`«Մհերի դուռ» միաբանության կողմից կազմած ցուցակների (որոնցում, ըստ Իսագուլյանի`մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական, իշխանական էլիտայի, գեներալիտետի մասին՝ սկսած 1990-ականներից մինչ օրս) և այլ հարցերի մասին: Նրա համոզմամբ`  այդ ցուցակներում տեղ գտած մարդիկ, 1994-ից սկսած, Հայաստանից 17,1 մլրդ դոլար են դուրս բերել: Իսագուլյանի այդ հայտարարություններից հետո, ըստ որոշ ԶԼՄ-ների, իշխանական դաշտում բավական լուրջ աժիոտաժ էր սկսվել։ Ոմանք փորձում են գտնել «Մհերի դուռ» կոչվող այդ միաբանության անդամներին:  Ավելացնենք, որ Գ. Իսագուլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

 «Այլևս հետընթաց ժամանակը կանգնեցնելու ժամանակն է»

«Մենք ապրել ու ապրում ենք մի իրողության մեջ, որտեղ որքան ընկալելի է, նույնքան և անբացատրելի է մեր գոյության իմաստը: Չգիտենք ծնունդը, տեսանելի չէ վախճանը, բայց ուզում ենք իմանալ հավիտենականության գաղտնիքը: Գուցե այն կոդավորված էր մեր նախնիների գենետիկ կոդո՞ւմ և առաջնորդում է մեզ մինչ օրս, բայց արդյոք այն կփրկի՞ մեզ վաղը: Սա հարց է, որի պատասխանը մենք չունենք և ուզո՞ւմ ենք արդյոք ունենալ, դեռ ոչ ոք չի ասել:

Հոսանքը մեզ տանում է, բայց մինչև ո՞ւր և որտե՞ղ, ոչ ոք չգիտե: Ուստի ժամանակն է կանգնել, խորհել և այնուհետ որոշել, թե տրվո՞ւմ ենք հոսանքին, որն մինչ այժմ մեզ տարել է,  թե՞   փորձում ենք ճշգրտել մեր նպատակը, տարանջատվել ընդհանուր հոսանքից և չհակադրվելով այդ հոսանքին` ուղղորդել մեր նավն այնպես, որ հասնենք այդ նպատակին: Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ առանց նպատակի ճշգրտման, ինքնակամ տրվելով ընդհանուր հոսանքին, մենք հայտնվել ենք կործանման եզրին և այդժամ միայն սթափվել` հավաքական մտածողության և հավաքական գործողությունների արդյունքում փրկվել վերահաս կործանումից: Բայց ինչո՞ւ դրանից հետո խարխափել, տուրք ենք տվել անձերի  ցանկության և մեր հույսը կապելով (կամ այդպես ձևացնելով) անձերի հետ` մենք կորցրել ենք հավաքական ձեռքբերումները: 20-րդ դարի դարավերջ և նույնի կրկնություն, հավաքական մտածողություն, հավաքական գործողությունների համախումբ, որի արդյունքում 1994 թվականը փակում ենք հաղթանակով, հետո միայն 6 հոգի գիտեն, հետո` 3 հոգի, իսկ այսօր` միայն 1 հոգի, և դարձյալ կանգնած ենք ամեն ինչ կորցնելու նախաշեմին:

Ազգը ոչ այլ ինչ է, եթե ոչ` բանական Գոյության հավաքական ձև, որը ժամանակի մեջ հետապնդում է հստակ նպատակ, այն է` իր հարատևությունն ու բարեկեցությունը: Հարատևության և բարեկեցության ապահովման անհրաժեշտությունն է ազգին պարտադրում ընդհանրական դրսևորումների և հավաքական գործողությունների համախումբ, որոնց իրականացման համար անհրաժեշտ են մնայուն խնդիրների ձևակերպում և ըստ ժամանակի դրանց լուծման եղանակների առաջադրում:

Հարատևության ու բարեկեցության ապահովման, ինչպես նաև դրանց համար անհրաժեշտ մնայուն խնդիրների ձևակերպման և լուծման եղանակների առաջադրման պարագայում այս ամենի իրակացման հիմնական ու անփոխարինելի միջոց է հանդիսանում պետականության գոյությունը, ուժե’ղ պետականության գոյությունը:

Անհատ, ընտանիք, հասարակություն, պետություն և ազգ: Անհատն իր բնական ու անօտարելի իրավունքներով ու ազատություններով, ընտանիքն` իր ավանդական կերպով ու նրա նկատմամբ պետական հոգածությամբ, հասարակությունն` իր առողջ կենսակերպով, ակտիվությամբ քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքում, ինչպես նաև հոգևոր ու նյութական արժեքներով, պետությունն` իր անհրաժեշտ կենսական տարածքային ամբողջականությամբ, անկախությամբ, սահմանների անձեռնամխելիությամբ, սահմանադրական կարգով, անվտանգության համալիր կառուցվածքով, կայուն քաղաքական, իրավական, տնտեսական ու սոցիալական համակարգերով, ազգը` իր ամբողջականության մեջ ինքնատիպությամբ, բարեկեցությամբ, «իմ հանգրվանը իմ հայրենիքն է»` կարգախոսով և հարատևության իր ուրույն «բանաձևով»:

Ի՞նչ ունենք այսօր: Թերևս կանգնենք, կանգնենք ու խորհենք, խորհենք միասին:

Այլևս հետընթաց ժամանակը կանգնեցնելու ժամանակն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս