Վշտի ու սգի ժամանակ ավելի վեհ ու վսեմ «արտահայտություն» չեմ կարող երևակայել, քան լռությունն է: Սաղմոսերգուն իր դառը տառապանքի ու կսկծալի ցավի ամենապերճախոս «արտահայտությունն» է համարում լռությունը՝ մի քանի պարզ բառերով ու զգայուն շեշտադրումներով ասելով. «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»:
Ուրեմն գիտենանք, որ երբ վիշտ, արտասուք և տառապանք ենք ունենում, դրանք մեզ պիտի ավելի մոտեցնեն Աստծուն, պիտի ճանաչեցնեն մեր միջի մարդուն, պիտի խորտակեն մեր համառ կամքը, պիտի ոչնչացնեն մեր հպարտության, ինչպես նաև վայրագ ցանկությունների կապանքները, և մեզ պիտի դարձնեն սուրբ, հեզ, աստվածասեր ու մարդասեր, բարի և առաքինի, ու վերջապես մեզ պիտի արժանացնեն հավիտենական փառքի և պսակի, որպեսզի կարող լինենք փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. ամեն: