Էկոնոմիկայի նախարարը ձեռնոց է նետում Նիկոլ Փաշինյանին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որոշել է հետ չմնալ իր կուսակցական ու քաղաքական առաջնորդից. Մոտեցող ընտրություններից առաջ, հասարակությանը մոլորեցնելու համար, վերջին շրջանում ակտիվ գրառումներ է կատարում ֆեյսբուքյան տիրույթում՝ խեղաթյուրելով իրականությունն ու փորձելով կեղծ լավատեսություն ստեղծել տնտեսության զարգացումների, պետական պարտքի, քաղաքացիների բարեկեցության բարձրացումների վերաբերյալ։
«5,9% տնտեսական աճ 2024-ին։ 10 տրիլիոնի շեմը անցանք։ Քիթդ միշտ բարձր Հայաստան ջան»,- անդրադառնալով անցած տարվա տնտեսական աճին՝ օրերս հերթական ֆեյսբուքյան գրառումն էր կատարել էկոնոմիկայի նախարարը։
Պաշտոնական վիճակագրությունն օպերատիվ տվյալներով, անցած տարի 5,9 տոկոս տնտեսական աճ է գրանցել։ Դրա համար տարեվերջին համատարած վերանայեցին 2024թ. նախորդ բոլոր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Վերանայեցին ու բարձրացրեցին, որպեսզի գոնե 6 տոկոսին մոտ տնտեսական աճ կարողանան նկարել։
Բայց դա էլ իշխանություններին հպարտանալու առիթ չի տալիս։ Դա նշանակում է, որ ձախողվել են, պետական բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը չեն կարողացել կատարել։ Խախտել են օրենքը։ Նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ, ապահովել են 5,9 տոկոս՝ 1,1 տոկոսային կետով ավելի ցածր, քան ստանձնել են բյուջեի մասին օրենքով։
Տնտեսական աճից ու ՀՆԱ-ն 10 տրիլիոնի հասցնելուց խոսելու փոխարեն՝ Գևորգ Պապոյանը կարող էր խոսել տնտեսական աճի ու ՀՆԱ կառուցվածքի մասին։ Բայց հասկանալի է, որ նա նախընտրում է այդ մասին լռել, քանի որ խոսելու դեպքում կպարզվի, որ այդ ամենը փուչիկ է։ Տնտեսական աճերը հիմնված են առևտրի, ծառայությունների, մի փոքր էլ՝ շինարարության վրա, որտեղ մեծ պայթյուն է հասունանում։ Իսկ իրական տնտեսության մեջ գրեթե աճ չկա, առաջընթաց չկա։ Իրական տնտեսությունն է տնտեսության զարգացման հիմքը և ոչ թե՝ այստեղից-այնտեղից ապրանքներ բերել-տանելը, որը հայտնի է, թե ինչի արդյունք է։
Փաստն այն է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության կառուցվածքը ոչ միայն չի բարելավվել, այլև վատացել է։ Իրական հատվածի կշիռը մի բան էլ նվազել է, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծել տնտեսության կայուն ու երկարաժամկետ աճերի համար։
Սա է իրականությունը, որ Գևորգ Պապոյանը խնամքով թաքցնում է քաղաքացիներից ու փորձում է մոլորեցնելով՝ քաղաքական դիվիդենտներ շահել։ Այնպես, ինչպես օրեր առաջ փորձում էր խեղաթյուրել պետական պարտքի այն տխուր պատկերը, որը ստեղծել է այս իշխանությունը՝ մեծ քանակությամբ ու թանկ պարտքեր ներգրավելու միջոցով, ինչի հետևանքով ոչ միայն պարտքն են կրկնապատկել, այլև պարտքի գինն են կտրուկ բարձրացրել՝ հասցնելով առևտրային վարկերի գնին։
Այսքանից հետո դեռ համարձակվում են պարտքից խոսել։ Այնքան են հմտացել ամեն ինչ կեղծելու մեջ, որ արդեն փորձում են հիմնավորել, թե ներքին պարտքը պարտք չէ, նույնն է թե՝ մի գրպանից փողը հանես, դնես մյուս գրպանը։ Եթե այդպես է, ինչո՞ւ են պետական բյուջեից տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ վճարվում այն սպասարկելու համար։
Պարզ է, որ ներքին պարտքը նույնիսկ ավելի ծանր պարտքի բեռ է պետության վրա, քան արտաքինը։ Ու երբ գևորգպապոյանները փորձում են ներքին պարտքն արհեստական «դուրս գրել» պետական պարտքից՝ կեղծ իրականություն ստեղծելով, մոլորեցնում են քաղաքացիներին՝ թացնելու իրենց իշխանության պարտքային քաղաքականությունը, որը երկիրը դրել է պարտքերի ահռելի բեռի տակ։ Պարտքի մարումն ու սպասարկումը տարեկան միլիարդավոր դոլարների է հասել։ Նաև դա է պատճառը, որ չեն կարողանում աշխատավարձ ու թոշակ բարձրացնել, չնայած սոցիալական իրավիճակը երկրում գնալով լարվում է՝ ծախսերի համատարած ավելացումների հետևանքով։
Այս պայմաններում Գևորգ Պապոյանը որոշել է մի գրառում էլ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ անել՝ այս անգամ մոլորեցնելով սոցիալական իրավիճակից դժգոհողներին։
«2024թ. միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287.000 դրամ։
Այս ցուցանիշը 2018թ. կազմում էր 172.700 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով»,- գրել է Գևորգ Պապոյանը։ Մինչ միջին աշխատավարձի այս աճերի մասին խոսելը՝ լավ կլիներ, որպեսզի Գևորգ Պապոյանը նախ բացատրեր, թե ինչի՞ հաշվին է այն ավելացել։ Կարող է հանկարծ պարզվել, որ դրա մեծ մասն արհեստական աճ է ու աշխատավարձի իրական բարձրացումների հետ բացարձակ կապ չունի։ Ո՞վ չգիտի, որ շատ հաճախ հայտարարագրվող աշխատավարձերը քիչ կապ ունեն իրական աշխատավարձերի հետ։ Ու այն բարձրացումները, որոնք կան, շատ հաճախ թղթի վրա ցույց տրվող թվեր են, որոնք իրականում ոչինչ չեն ավելացնում քաղաքացիների եկամուտներին։
Մյուս կողմից՝ աշխատավարձերի վերաբերյալ թվեր հրապարակելով, լավ կլիներ էկոնոմիկայի նախարարը նաև ասեր, թե այդ բարձրացումները ո՞ր ոլորտների հաշվին են եղել։
Կպարզվի, որ պետական համակարգում հիմնական աճը տեղի է ունեցել գևորգպապոյանների ու մյուս պետական բարձրաստիճան պաշտոնյաների գրպանում։ Նաև իրավապահների ու ոստիկանների աշխատավարձերն են կրկնապատկվել-եռապատկվել։ Մասնավորում էլ աճերը հիմնականում ՏՏ ու ֆինանսական համակարգերում զբաղվածների աշխատավարձերի հաշվին է եղել։ Այնինչ՝ սովորական աշխատողների մեծ մասի աշխատավարձերում էական փոփոխություններ չեն եղել։ Դա է պատճառը, որ շատերի կյանքում վիճակագրական այս աճերից ոչինչ չի փոխվել, նույնիսկ սկսել են ավելի վատ ապրել, քան նախկինում էին ապրում։
Այնպես որ, միջին աշխատավարձի բարձրացման մասին խոսելիս, լավ կլիներ, որ Գևորգ Պապոյանն ասեր նաև, թե այս ընթացքում ինչքանո՞վ է Հայաստանում կյանքը թանկացել, ինչքանո՞վ են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները, հարկերի ու տուրքերի, տարբեր վճարների ավելացման հետևանքով՝ ինչքանո՞վ է ծանրացել քաղաքացիների ֆինանսական բեռը։
Միայն այն, որ այս իշխանության օրոք Հայաստանը, կյանքի թանկությամբ, շատ երկրներից առաջ է անցել ու մոտեցել, եթե ոչ՝ հավասարվել եվրոպական երկրներին, բավական է հասկանալու համար, թե ինչու են շատերն ավելի վատ ապրում, քան ապրում էին տարիներ առաջ, երբ Հայաստանում միջին աշխատավարձն անհամեմատ ավելի ցածր էր, քան այժմ է։ Հիմա ո՞րն է այդ մարդկանց համար ավելի լավ՝ երբ միջին աշխատավարձը 66 տոկոսով ցա՞ծր էր, թե՞ որ 66 տոկոսով բարձրացել է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



