«Մեծ է «Եղբայրական» գերեզմանոցի ամբողջական ոչնչացման սպառնալիքը. ամենախոշոր վանդալիզմի դեպքերը գրանցվել են Շուշիում, Հադրութում և Ստեփանակերտում». Ավանեսով

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի ենթարկել օկուպացված Արցախի հուշարձանները, գերեզմանոցները։ Գրեթե մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութեր, լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանոցն ամբողջությամբ փակ էր պաստառներով, թե պաստառներից ներս ինչ իրավիճակ է՝ հայտնի չէ։ Երբ հայ փորձագետները, արցախահայերն աղմուկ բարձրացրեցին, որ «Եղբայրական» գերեզմանոցը վտանգված է, դրանից հետո ադրբեջանական կողմից դադարեցին լուսանկարներ հրապարակել։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ այս պահին հայտնի չէ՝ ինչ վիճակում է «Եղբայրական» գերեզմանոցը, կասկածներ կան, որ այն վանդալիզմի է ենթարկվում, հակառակ պարագայում այն պաստառներով չէին փակի։

«Մենք այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չունենք «Եղբայրական» գերեզմանոցի վիճակի վերաբերյալ։ Մենք խիստ մտահոգված ենք, որովհետև սպառնալիքը բավականին մեծ է գերեզմանոցի ամբողջական ոչնչացման համար, հատկապես՝ նման գերեզմանոցների, համալիրների պղծման, վանդալիզմի բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել։ Օրինակ, վանդալիզմի է ենթարկվել Հաթերքի հուշահամալիրն ու տարբեր գերեզմանոցներ։

Մենք բազմիցս դիտարկել ենք Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութերը, հատկապես՝ Արցախի գյուղերում, որտեղ մեծ մասամբ եղբայրական գերեզմանոց չկա, մարդիկ հուղարկավորված են ընդհանուր գերեզմանատանը, այդ գերեզմանոցներում վանդալիզմի են ենթարկվում այն գերեզմանոցները, որտեղ կա զինվորական համազգեստով մարդու լուսանկար։ Ադրբեջանցիները հատուկ առաջինը փնտրում են հենց այդ գերեզմանոցներն ու ոչնչացնում, այնուհետև ամբողջ գերեզմանոցն են հողին հավասարեցնում»,- 168.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Հովիկ Ավանեսովը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, այս պահին գոնե ՀՀ իշխանությունը պետք է պահանջի, որպեսզի միջազգային փաստահավաք խումբ գնա Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Հատկապես, որ այս պահին շատ են այն փաստերը, թե ինչպես են ադրբեջանցիներն առանձնակի դաժանությամբ ոչնչացնում արցախյան պատերազմներին մասնակցած անձանց գերեզմանոցները, նրանց նվիրված հուշակոթողները, խաչքարերը։

«Եթե մենք իսկապես ունենանք ազգային մտածողությամբ իշխանություն, օրակարգն ազգային լինի, ապա այդ պարագայում ցանկացած հանդիպման ժամանակ առաջնայինը կլինի Արցախի մշակութային ժառանգության պահպանումն ու  դրա վերահսկման մեխանիզմների ներդրումն ու կիրառումը։ Գոնե պահանջ ներկայացվի, փաստահավաք խումբ ուղարկեն Արցախ՝ կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափով, թե այլ ձևաչափով։ Պետք է նաև հաշվի առնենք, որ առաջնային մանդատ ունեցող կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որտեղ երկու առանցքային հանձնաժողովներում, տևական ժամանակ է՝ ընդգրկվել է Ադրբեջանը։ Ընդ որում, այդ հանձնաժողովների գործառույթները վերաբերում են  հենց հակամարտությունների, ռազմական գործողությունների գոտիներում գտնվող հուշարձանների, մշակութային ժառանգության ապօրինի յուրացումներին։ Մինչդեռ Ադրբեջանն այս գործում հմտացած է, յուրացումն իրականացնում է պետական մակարդակով»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։

Նա նաև շեշտեց՝ կան վերահսկման այլ մեխանիզմներ ևս, օրինակ, տեսահսկման ու դիտարկման 24-ժամյա հսկողություն, որը ժամանակին առաջարկել էին ամերիկյան մի խումբ սենատորներ։

Հովիկ Ավանեսովը նաև ասաց՝ դիտարկելով օկուպացված Արցախում ադրբեջանական վանդալիզմի դեպքը, կան տարածքներ, որտեղ ամենաշատն են գրանցվել նման դեպքերը։

«Ամենախոշոր վանդալիզմի դեպքերը գրանցվել են Շուշիի, Հադրութի շրջաններում, ամբողջ Ստեփանակերտում։ Բայց վտանգն ու սպառնալիքը բոլոր շրջաններում առկա է, չկա այնպիսի մի շրջան, որտեղ վանդալիզմի դեպքեր տեղի չեն ունեցել. նույնիսկ ամբողջական բնակավայրի ոչնչացման մի քանի դեպքեր կան։ Քաղաքակրթական բոլոր բնակավայրերը ոչնչացվում են, ջնջվում Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս