Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ մենք մեր կյանքն անցկացնում ենք մեր նմաններին դատելով։ Մենք առավոտից մինչ երեկո նստում ենք դատավորի աթոռին ու մեր առջևով հերթով անցկացնում ենք բոլոր ամբաստանյալներին՝ ամենամտերիմ անձանցից սկսած մինչև այնպիսի անձինք, որոնք ղեկավարում են ազգի ճակատագիրը:
Դիմացինին դատելու մոլությունը մարդկության պես հին է, և եթե փոքր-ինչ քննենք այս ախտի պատճառները, ապա կտեսնենք, որ սրա արմատները հասնում են մինչև հպարտության և եսասիրության խորքերը: