Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:
Աշխարհի արարչագործությունը եռանձնյա Աստվածության ներգործությունն է: «Տիրոջ ողորմությամբ լցվեց երկիրը, Տիրոջ խոսքով երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի Հոգով՝ նրանց բոլոր զորությունները» (Սաղմոս 32:5-6): Աստված կատարյալ կյանք է. ամեն կյանք գործունեություն է ու գիտակցություն: Աստծո հավիտենական գործունեությունը ստանում է իր կատարումը նախ՝ Իր մեջ և ապա՝ դեպի աշխարհ. Իր մեջ կատարվում է Սուրբ Երրորդության հարաբերությամբ կամ առնչությամբ, իսկ աշխարհի վերաբերմամբ՝ Նրանց հայտնությամբ: