Ով իր հոգում կրում է Սբ. Հոգու խաղաղությունը, նա իր շրջապատին էլ է հաղորդակից դարձնում այդ խաղաղությանը, իսկ ով իր ներսում կրում է չար ոգու խավարը, նա մյուսների վրա էլ է ներգործում այդ չարությամբ: Բայց ով հավատում է Աստծուն, աստվածային լույսը վանում, պաշտպանում ու հեռացնում է նրանից այդ խավարը:
Եթե ամբողջ սրտով սիրեինք Աստծուն, երբևէ չէինք մեղանչի, որովհետև Նա կլիներ մեր ներսում: Մեր մտքերը, կամքը և զգացմունքը պետք է միասնական լինեն: Եթե նրանց միջև համաձայնություն չկա, խաղաղություն և հանդարտություն գոյություն չի ունենա մեր հոգում: Արդ, մտքի, կամքի և զգացմունքի միությունը հրաշքներ է գործում և լեռներ տեղաշարժում:
Կարևոր նշանակություն ունի աղոթական աշխատանքն ու ջանքը, բայց հաճախ սևեռվում ենք դեպի այլ իրողությունները: Արդ, աղոթքը պետք է զուգակցվի ուշադրության հետ: Այն որպես պահնորդ է: