Եկեղեցում շապիկ կրում են բոլոր աստիճանավորները: Այն նվիրապետական բոլոր աստիճաններում էլ մնում է իբրև առաջին զգեստը, որի վրայից կրում են նվիրապետական հաջորդ աստիճանները խորհրդանշող հանդերձանքը:
Շուրջառը կամ նափորտը քահանայական աստիճանի գլխավոր հանդերձն է: Այն գունավոր և զարդարուն փիլոնաձև անթև վերարկու է, որ աչքի է ընկնում իր խորհրդավոր պայծառությամբ և գեղեցկությամբ՝ ի տարբերություն մյուս զգեստների:
Պարեգոտը ամենօրյա եկեղեցական զգեստ է: Այս զգեստը պատում է կրոնավորի ամբողջ մարմինը մինչև ոտքերի վերջը: Այն կոչվում է նաև կապա: Սովորաբար լինում է սև բրդից: Սարկավագից կաթողիկոս այս զգեստը հագնում են աշխատանքի և զբոսանքի ժամանակ: Պարեգոտը քիչ թե շատ մարմնի ձևին հարմարեցված, թևատակերից ու մեջքից փորվածքով է լինում:
Փորուրարը քահանայական ուրարն է: Այն սկիզբ է առել սարկավագի ուրարից, իսկ ձևը՝ ձեռնադրության արարողությունից: Ձեռնադրող եպիսկոպոսը սարկավագի ձախ ուսից կախված ուրարը նաև աջին է գցում և բերում առջևի կողմը ու միացնում իրար: