«Պառակտման եզրին գտնվելու մասին խոսք չկա». Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» դաշինքի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ «Ելք» դաշինքը պառակտվել է։
«Պառակտման եզրին գտնվելու մասին խոսք չկա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այլ ֆորմատով, «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունները՝ այլ ֆորմատով»,- ասաց նա։
Հարցին՝ գուցե արդեն պառակտվել է, բայց դրա մասին չի՞ բարձրաձայնվում, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես ձեզ փաստն եմ արձանագրում»։
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում իր ցուցակը գլխավորելու, հետևաբար՝ քաղաքապետի պաշտոնին հավակնելու է Հայկ Մարությանը, իսկ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարել են, որ կմասնակցեն դաշինքով, և ցուցակը կգլխավորի արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը։