«Կարծում եմ՝ իրավապահ մարմինները ճիշտ ուղու վրա են». Մեսրոպ Առաքելյան
Հարցազրույց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ
– Պարոն Առաքելյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ներկայումս տնտեսական քաղաքականություն չկա, միայն կոռուպցիայի դեմ պայքարով, բռնել-թողնելով չէ, գնաճը մեծ է, և երբ սառնարանները դատարկվեն, վիճակն ավելի կվատանա: Ի՞նչ կպատասխանեք սրան:
– Այսօր երկրում առկա տնտեսական իրավիճակն ունի խորքային խնդիրներ, որոնք կուտակվել են մի քանի տասնամյակ: Կառավարությունն այսօր ակտիվ զբաղվում է դրանց ախտորոշմամբ: Հիմնական խնդիրներից մեկը հենց կոռուպցիայի առկայությունն է, որը լուրջ խոչընդոտ է հանդիսացել զարգացման համար: Տնտեսության մեջ տարիներ շարունակ ներգրավված է եղել պետական ամբողջ համակարգը՝ երկրի բարձրագույն իշխանությունների գլխավորությամբ, որը հանդիսացել է տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը: Առանց այդ խոչընդոտի կարգավորման՝ տնտեսական որևէ երկարաժամկետ զարգացում ապահովելը շատ դժվար կլինի, հետևաբար՝ առաջնային քայլերը, որ հաջողությամբ իրականացվում են, հենց կոռուպցիայի արմատախիլ անելն է տնտեսությունից, որը կբերի տնտեսական լուրջ զարգացման:
Կոռուպցիայի և մյուս խնդիրների պատճառով է, որ այսօր ունենք 30% աղքատություն, որի էական նվազեցումն այս կառավարության գլխավոր առաքելություններից մեկն է:
Այս պահին հասարակության բարեկեցության հետ կապված որևէ բացասական ազդակ չկա, նաև պետական վիճակագրությունն է դա փաստում, որ այս տարվա գնաճը դեռևս չի գերազանցել 3%-ը, որն օրենքով նախատեսվածից բավականին ցածր է, և հասարակության բարեկեցության վատթարացման մասին խոսելն ընդհանրապես իրականության հետ կապ չունի: Ավելին՝ առաջին կիսամյակում արդեն էականորեն ավելացել են պետական բյուջեի մուտքերը, որը նաև որոշ չափով հաջորդ տարվանից կանդրադառնա հասարակության վրա, այսինքն՝ հասարակության բարեկեցության հետ կապված էական փոփոխություններ կունենանք նաև հաջորդ տարի:
Ստեղծված նպաստավոր բիզնես միջավայրը, Հարկային օրենսգրքի փոփոխությունները կապահովեն հաջորդ տարվանից տնտեսական որոշակի աշխուժություն, որը նույնպես կանդրադառնա հասարակության բարեկեցության վրա: Այն մոտեցումը, որ քաղաքացիներն ամեն տարի ավելի վատ են ապրում, քան նախորդ տարի, այլևս պատմություն է, և համոզված եմ, որ արդեն հաջորդ տարվանից մարդկանց բարեկեցությունն էականորեն կավելանա, և հասարակությունն այսուհետ դուրս է գալու փողոց՝ տոնելու իր հաղթանակը, այդ թվում՝ նաև բարեկեցության առումով:
– Ռ. Քոչարյանն ասաց, թե իր կառավարման տարիներին բյուջեն ավելացել էր 8 անգամ, ՀՆԱ-ն՝ 5 անգամ, կոռուպցիոն բուրգեր չկային, մենաշնորհները միայն բնական էին: Ե՞րբ են այդ բուրգերն ու մենաշնորհներն առաջացել:
– Գիտեք, ընդհանրապես պատիկներով խոսել ՀՆԱ-ի կամ այլ տնտեսական ցուցանիշների մասին՝ արդարացված չէ, երբ մի բան նոր է սկսվում: Այսինքն, պատկերավոր ասած, 90-ական թվականներին, երբ տնտեսությունը նոր ձևավորվում էր, ունեինք բավականին փոքր ՀՆԱ, բյուջետային շատ փոքր մուտքեր, ցանկացած փոփոխություն կամ ընդհանրապես որևէ բան չանելու պարագայում՝ տնտեսական աճը պատիկներով է լինում: Այսինքն՝ այն, ինչ ունեինք 94-95 թթ.-ին պատերազմից հետո, բնական է, որ ունենալու էինք աճ, որը տոկոսային արտահայտությամբ ավելի մեծ էր լինելու: Դա հատուկ էր նաև հետխորհրդային պետություններին, որ մի քանի տարի հետ մտան կայունացման փուլ, և Հայաստանն այդ տեսանկյունից չէր կարող բացառություն լինել, և 1996 թվականից տնտեսության մեջ նկատվում էր որոշակի կայունություն ու փոքր աշխուժություն, որը մինչև 2008 թ. համաշխարհային ճգնաժամը շարունակվում է:
Կոռուպցիան ու մոնոպոլիաները Հայաստանում շատ խիստ փոխկապակցված են եղել, քանի որ խնդիրը եղել է պետական համակարգի, պետական պաշտոնյաների ներգրավվածությունը տնտեսության մեջ: Եվ պետական պաշտոնյաները, ներգրավվելով բիզնեսում, զբաղվելով հովանավորչությամբ, արդյունքում առաջացրել են մենաշնորհներն ու կոռուպցիոն համակարգը: Դա նոր երևույթ չէ, և հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին են ներդրվել:
– Իր բիզնեսների ու կարողության մասին խոսելով՝ Քոչարյանը «հեքիաթ» անվանեց լուրերը, թե 4 մլրդ ունի, կամ մասնաբաժիններ ունի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, բանկերում կամ օդանավակայանում: Իշխանությունն ի՞նչ տեղեկություններ ունի այս մասին:
– Այս պահին զերծ կմնամ որևէ թվային կամ ակտիվային գնահատական տալ: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները ճիշտ ուղու վրա են, և բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք իրենց գործունեության ընթացքում ապօրինի հարստացել են, դա կլինի դրամական միջոցների, ընկերությունների բաժնեմասերի տեսքով, ակնհայտորեն, կբացահայտվեն: Մի բան է հստակ, որ նախկին իշխանությունները՝ սկսած բարձրագույն ղեկավարներից, ներգրավված են եղել բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներում, և դրա արտահայտությունն են նաև վերջին բացահայտումները: Սա թույլ է տալիս արձանագրել, որ դրանք չեն կրել լոկալ բնույթ:
Այսինքն՝ ոչ թե 1-2 պաշտոնյա է կաշառք վերցրել, այլ պետական համակարգված, տարիներով ձևավորված կոռուպցիոն սխեմաներ են, և, ի վերջո, դրա շրջանակներում ապօրինի հարստացած պետական պաշտոնյաներն օրենքի առաջ ամբողջ խստությամբ պատասխան կտան: