Բաժիններ՝

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել է ամերիկյան էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի բոյկոտի մասին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնիկան: Նրանք ունեն iPhone, մյուս կողմից՝ միշտ էլ կա Samsung-ի արտադրանքը գնելու հնարավորություն:

Մենք նաեւ ունենք մեր Venus Vestel տեխնոլոգիական ընկերությունը»,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել է Hurriyet թերթը: Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք է օգտագործում Թուրքիայի դեմ: Բացի այդ, նրա խոսքով, տնտեսական ճնշմանը Թուրքիայի լավագույն պատասխանը կդառնար արտադրության աճը:

«Արտադրության կոնսերվացումն անթույլատրելի է, հարկավոր է ավելի շատ արտադրել ու արտահանել»,- Էրդողանի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը: Նախօրյակին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրի վրա ներկայիս ճնշումն արտաքին որոշ ուժերի հակազդումն է Անկարայի անկախ քաղաքականությանը:

Նրա խոսքով՝ նման գործողությունների հիմնական նպատակն է ստիպել Թուրքիային՝ հրաժարվելու սեփական շահերից: Էրդողանը ներկա իրադրությունը որակել է «տնտեսական պաշարում», իսկ թուրքական արժույթի հետ կապված խնդիրները՝ Թուրքիայի վրա «գրոհի» արդյունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս