Չինաստանը հրաժարվել է կատարել իրանական նավթի ներմուծումը կրճատելու ԱՄՆ-ի պահանջը. Bloomberg
ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարողացել հասնել այն բանին, որ Չինաստանը կրճատի իրանական նավթի ներմուծման ծավալները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու երկրների բանակցություններին մասնակցող պաշտոնյաների:
«Միեւնույն ժամանակ Պեկինը համաձայնել է չավելացնել իրանական նավթի գնումները»,-գործակալությունը մեջբերել է չինովնիկների խոսքը: Գործակալությունը հավելել է, որ ԱՄՆ-ից բանակցորդներն այցելում են տարբեր երկրների մայրաքաղաքներ՝ քննարկելու Իրանից նավթի ներմուծման կրճատման հարցը մինչեւ նոյեմբերի սկիզբը, երբ ուժի մեջ կմտնեն սահմանված պատժամիջոցները:
Ինչպես գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը, վերջերս Չինաստան նման ուղեւորություններից մեկին մասնակցել է պատքարտուղարի՝ ԱՄՆ-ի Էներգետիկական ռեսուրսների գծով օգնական Ֆրենսիս Ֆենոնը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են, որ Վաշինգտոնը ձգտելու է համոզել իր դաշնակիցներին՝ մինչեւ նոյեմբերի սկիզբը լիովին դադարեցնել նավթի գնումներն Իրանից: Չինաստանը հուլիսի սկզբին հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ երկիրը չի պլանավորում արձագանքել իրանական նավթի գնումները կրճատելու նախագահ Թրամփի կոչին:
Չինաստանը, որն իրանական նավթի խոշորագույն գնորդներից մեկն է, ավելի վաղ հայտարարել է հուլիսին 26 տոկոսով նավթի ներմուծման ծավալն ավելացնելու մասին: Գործակալության տվյալներով՝ այդ ամսին Չինաստանին բաժին է ընկել վաճառված իրանական նավթի 35 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: