Բաժիններ՝

Ասանժը առողջական խնդիրների պատճառով մտադիր է լքել Էկվադորի դեսպանատունը

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առողջական խնդիրների պատճառով մոտ ժամանակներս կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

«Իրադրությանը ծանոթ երկու աղբյուրների տվյալներով՝ Wikileaks-ի հիմնադիրի առողջությունը վերջին ժամանակներս վատացել է, եւ սպասվում է, որ նա առաջիկա շաբաթներին վերջ կդնի իր կամավոր ինքնամեկուսացմանը դեսպանատանը»,-նշել է գործակալությունը:

Ավելի վաղ Էկվադորի ԱԳ նախարար Խոսե Վալենսիան Ecuavisa Էկվադորյան ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ասանժը դեսպանատնից իր դուրս գալու շուրջ բանակցելու համար փաստաբան է ընտրել Էկվադորյան կողմի խնդրանքով: Նա հաստատել է, որ ներկայում Wikileaks-ի հիմնադրի ներկայացուցչի եւ Էկվադորի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջեւ կոնսուլտացիաներ են ընթանում:

Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստան է ստացել 2012 թվականին: Նա չի կարող լքել դրա տարածքը, քանի որ անմիջապես կձերբակալվի բրիտանական ոստիկանության կողմից՝ 2012 թվականին դատարան ներկայանալուց հրաժարվելու համար: Ասանժի արտահանձնմանն է ձգտում հասնել ԱՄՆ-ը, որտեղ նրան պատիժ է սպառնում Պետդեպարտամենտի գաղտնի տվյալների հրապարակման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս