«Արմեն Սարգսյանն ընդհանուր առմամբ 6 ամիս է եղել «Լիդիան Արմենիայի» տնօրենների խորհրդի կազմում և դուրս է եկել դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ». «Լիդիան»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շուրջ կուտակված կրքերին, հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներին, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող 400 միլիոն ներդրումային ծրագրին, ասել էր.
«Իսկ կոնկրետ Ամուլսարի հետևում կանգնած է եղել գործող նախագահ Արմեն Սարգսյանը, որը հայտարարեց, որ հետագայում վաճառել է այդ ամենը. ես չեմ հասկանում, թե պետական հանքը ո՞նց կարող էր վաճառել: Էդ միտինգները, քոչարի պարելը, դրանք սուտ միջոցառումներ են՝ հասարակության ուշադրությունը շեղելու, ժպտերեսիկ երևալու: Խոր պրոբլեմ կա»:
Հ. Բագրատյանը նշել է, որ նոր կառավարությունը պետք է արագորեն լուծի խնդիրը. «Ստոպ եք տալիս՝ վերջ, մի քանի ամիս կանգնեք»:
Լրագրողի հարցին՝ պարոն Բագրատյան, Դուք Արմեն Սարգսյանի դեմ ի՞նչ ունեք, Հ. Բագրատյանը պատասխանում է.
«Այն, որ ինքը հրաժարվեց, թե վաճառել եմ, դուրս եմ եկել, ի՞նչ գործ ունեիր Ամուլսարում: Արմեն Սարգսյանի դեմ այն ունեմ, որ նրա քայլերից տեսնում եմ, որ ագահ բուրժուայի նման ինչ մի կտոր լինի, հարձակվում է»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բազմիցս կտրականապես հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին բոլոր տեղեկությունները:
««Լիդիանի» պատմությունը հերթական սուտ լուրերից մեկն է։ Հաճույքով կհստակեցնեմ: Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: Սա պարզ հստակ ձևակերպում է։ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ:
«Լիդիանը» Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որևէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ «Լիդիան» ընկերության հետ իր հարաբերությունները զարգացել են ի պաշտոնե՝ լինելով դեսպան՝ ինքն աջակցել է, օգնել է, որ Հայաստանում ներդրում անեն:
«Իմ հարաբերությունն այդ ընկերության հետ եղել է շատ պարզ։ Եթե կա ընկերություն, որը Հայաստանում հետաքրքրված է ներդրում անելու, ես պատրաստ եմ աջակցել, խորհուրդ տալ, որ գան Հայաստան: Այդպես ստացվեց «Կոկա Կոլային» կամ HSBC բանկին Հայաստան բերելը, որը ծանր աշխատանք էր, և տարածաշրջանում Հայաստանը միակն էր, որտեղ եկավ այդ բանկը: Ես հպարտանում եմ այդ ամենով, որովհետև այդ բանկի Հայաստան գալով՝ բանկային համակարգում շատ բան փոխվեց, օրենքներ փոխվեցին: Եթե կա ընկերություն, որ պատրաստ է Հայաստանում ներդրում անել, ես միշտ պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ, աջակցել, որ գան: Այսպիսի օրինակներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ դրանցից յուրաքանչյուրի մեջ ես շահաբաժին ունեմ կամ ունեցել եմ: Չունեմ»,- ընդգծել է Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը՝ Ջոզեֆ Ուղուրլյանը, ծագումով հայ է և ներկայումս Արցախում հէկ է կառուցում: Նրա խոսքով՝ ինքն է Ուղուրլյանին վերադարձրել հայկական արմատներին:
«Ուղուրլյանն ինձ խնդրեց խորհուրդ տալ՝ ինչպես աշխատի «Լիդիանը» Հայաստանում, և առաջարկեց՝ եթե հնարավոր է, ես ընկերությանը խորհրդատվությամբ օգնեմ: Իմ ֆունկցիան պետք է լիներ խորհուրդներ տալը, և ըստ օրենքի՝ խորհրդատուն չէր կարող բաժնետեր լինել: Սա ևս մեկ պատճառ, որ հերքվում են այդ տեղեկությունները: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չեմ մասնակցել: Իմ կարծիքն առանձին շարադրել եմ ու հրաժարական տվել, դուրս եկել»,- պատմել է Արմեն Սարգսյանը:
Վերջինը մեկ այլ պատճառ էլ է մատնանշել, թե ինչու չէր կարող լինել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր. «Նույն ընկերության բաժնետերեր են եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ ներկայումս գործող պետական ծառայող կա»:
Մեկ այլ առիթով Ա. Սարգսյանը կրկին պատասխանելով Ամուլսարին վերաբերող հարցին՝ ասել է.
«Թող ձեզնից որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: Նույն «Լիդիան Արմենիայի» փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, և այն ժամանակ Ամուլսարի և Հայաստանի կառավարության միջև մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի: Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ…
Թե ինչ եմ ասել խորհրդի նախագահին, չեմ կարող հայտնել: Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, և ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել»:
168.am-ը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցում Ամուլսարի նախագծի հետ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առնչակցության մասին պարզաբանում խնդրել էր «Լիդիան Արմենիա» ընկերությունից, որտեղից մեզ պատասխանել էին.
«Արմեն Սարգսյանը, որպես սփյուռքում հայտնի գործիչ, Ընկերությունից առաջարկ էր ստացել դառնալ ընկերության Տնօրենների խորհրդի (Board of Directors) անդամ և 2013-ի մարտ-սեպտեմբեր ամիսներին՝ ընդհանուր առմամբ 6 ամիս, զբաղեցրել է այդ պաշտոնը: Նա տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ինչի մասին տեղեկացրել է ընկերությանը: Տնօրենների խորհրդի կազմից նրա դուրս գալու այլ պատճառ ընկերությանը հայտնի չէ:
Թե՛ նրա նշանակման, թե՛ հեռանալու մասին հաղորդագրությունը միշտ հասանելի է եղել «Լիդիանի» կայքում: Այսքանն է պարոն Սարգսյանի ներգրավվածության պատմությունը: Ուզում ենք հիշեցնել, որ «Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված ընկերություն է, և ընկերության մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է Տորոնտոյի ֆոնդային բորսայի տեղեկատվական հարթակներում: Սա վերաբերում է նաև բաժնետերերի կազմին:
«Լիդիանի» երկու խոշոր բաժնետերերը Resource Capital Funds և Orion Mine Finance Ամերիկյան ինստիտուցիոնալ կազմակերպություններն են, բաժնետերերի կազմում են նաև բրիտանական Amber Capital ընկերությունը, Franklin Templeton Investments, RBC և այլ ինստիտուցիոնալ ներդրողներ: Այս (զգալի մեծամասնություն կազմող) և նույնիսկ այլ ավելի փոքր բաժնետերերի մասին տեղեկությունները հասանելի են բազմաթիվ հանրային հարթակներում: Ամեն ինչ բաց է, թափանցիկ և բոլոր հետաքրքրվողների համար հասանելի է համացանցում: Կարծում ենք, որ «Լիդիանի» դեպքում առնվազն զարմանալի է գոյություն չունեցող գաղտնիքներ փնտրելը, երբ ամեն ինչ հասանելի է բազմաթիվ հեղինակավոր ֆինանսական հարթակներում»։